Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին պետական այցով ժամանել է Մոսկվա:
Հանրապետության ղեկավարն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի և մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները:
Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում է 1,32 հա տարածք: Հաստատված նոր նախագծով բուն շինարարական աշխատաքներն սկսվել են 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` վարդագույն տուֆով` բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է` գոտևորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով:
***
Պետական այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Էսթետ» ոսկերչական տուն: Շրջայցի ընթացքում «Էսթետ» ոսկերչական տան հիմնադիր և ղեկավար Գագիկ Գևորգյանը, ով նաև Հայ ոսկերիչների միության նախագահն է, Հանրապետության ղեկավարին ներկայացրել է դեռևս 1991թ. հիմնադրված և անցած երկու տասնամյակների ընթացքում մեծ հաջողությունների հասած ոսկերչական տան աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
***
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 23-ի երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ:
Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա և աշխույժ զարգացում է ապրում` համապատասխանելով մեր երկու երկրների շահերին, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն ուղղված է դեպի ապագան և փոխադարձաբար օգտակար է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար: «Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների լայնածավալ համակարգի մեջ ամենակարևոր դերակատարների շարքում հնարավոր չէ անտեսել ռուսահայ համայնքի կատարած և շարունակաբար կատարվող ներդրումը: Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առաջատար առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանի գործարարները` մեր տնտեսության մեջ հիմնական ներդնողները: Այդ տպավորիչ ցուցանիշների և հաջողությունների հիմնական շարժիչ ուժերից մեկն են ռուսահայերը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ձեր համայնքը մեր հայրենիքից` Հայաստանից դուրս ապրող ամենաստվար հայկական ընդհանրությունն է: Մոսկվայի նորակերտ հայկական տաճարը` Սուրբ Խաչը, իր օրհնությունն է բերում ոչ միայն ռուսահայությանը, այլև աշխարհի ամենամեծ հայ համայնքի հարազատ տուն դարձած երկրի մայրաքաղաքին»,- հանդիպման մասնակիցներին ուղղված խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն իր և Հայաստանի ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել ռուսահայ համայնքին` նշելով, որ իր մարդկային ներուժով, հավաքական գոյությամբ և անսպառ աշխուժությամբ, համայնքը կարևոր և անփոխարինելի է Հայաստանի համար:
***
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի պետական համալսարանում ամբողջությամբ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)
Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհվել է համալսարանի Պատվավոր պրոֆեսորի կոչում: Միջոցառման ժամանակ ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը հանձնել է Սերժ Սարգսյանին:
Մոսկվայի պետական համալսարանում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին:
Այնուհետև Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցությունների ընդմիջմանը Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:
***
Պետական այցով ՌԴ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին Կրեմլի Մեծ Պալատում առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՌԴ պետական այցի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված է կայքի Մամուլի ասուլիսներ բաժնում):
Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ծառայության միջև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդության քաղաքականության նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից` 1996 թվականի դեկտեմբերի 28-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդատվությունների ծրագիր 2012-2013թթ. համար»,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հումանիտար ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիր:
***
Ի պատիվ պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, հոկտեմբերի 24-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի անունից տրվել է պետական ճաշ:
Նախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ջերմ և սրտաբաց ընդունելության համար, գոհունակությամբ նշելով, որ այս այցը դարձավ խորը պատմական հիմք ունեցող հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն է´լ ավելի ամրապնդելու անկեղծ հետաքրքրվածության ևս մեկ կարևոր և նշանակալից դրսևորում: «Անկեղծորեն շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեր բանակցությունների ընթացքում գործնական և կառուցողական տրամադրվածության, Հայաստանի և մեր ժողովրդի հասցեին բարձր գնահատականի և ջերմ խոսքերի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում, չնայած դժվարություններին, զրկանքներին և փորձություններին, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ եղել են եղբայրության, անկեղծ հարգանքի և փոխադարձ աջակցության օրինակ:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդների պատմական հիշողության մեջ կան քաղաքական, ռազմական և հումանիտար բարեկամության շատ փառավոր ավանդույթներ: «Մենք պարտավոր ենք ոչ միայն խնամքով պահպանել այդ անգնահատելի ժանագությունը, այլ նաև միասին փնտրել համագործակցության հետագա զարգացման նոր հնարավորություններ: Դրանում եմ ես տեսնում Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների հիմքը՝ իրական դաշնակցային և կառուցողական գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են կայունության և անվտանգության պայմաններում մեր երկրների բարգավաճմանն ու մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Ընդգծելով, որ հավատում է երկու երկրների համագործակցության հեռանկարին ու մեծ ներուժին, Սերժ Սարգսյանը, հույս է հայտնել, որ այս այցն է´լ ավելի կամրապնդի հետագա բեղմնավոր աշխատանքի ընդհանուր տրամադրվածությունը, կբացի փոխգործակցության նոր սահմաններ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք անել ամեն հնարավորը`նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար»,-նշել է Հանրապետության ղեկավարը:
Պետական ճաշի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիիի Մեդվեդևին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևը` Փառքի շքանշանը, որով ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, Նախագահ Մեդվեդևը պարգևատրվել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
***
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ի երեկոյան այցելել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր պարգևատրվածներին` նշելով, որ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում նրանք իրենց շատ որոշակի ներդրումն են ունեցել:
Սերժ Սարգսյանը կարևորել է ձևավորված դարավոր բարեկամությունը և երկու երկրների ու ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները սերնդեսերունդ փոխանցելու և հավերժ պահպանելու համար շարունակաբար աշխատելը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Ռուսաստանյան երկաթուղային գծեր» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Իվանի Յակունինը, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Յուրի Սեմյոնովը (ՌԴ) պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառի զարգացման գործում համագործակցության համար Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Գրիգորիի Անոդինան պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Ֆրիդրիխ Սողոյանը (ՌԴ), Ռուբեն Դիշդիշյանը (ՌԴ) պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ բարձրարվեստ բեմադրելու համար բեմադրիչ-բալետմայստեր Յուրի Նիկոլայի Գրիգորովիչը պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կրթամշակութային կապերի խորացման, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում հումանիտար համագործակցության ինստիտուտցիոնալ զարգացման գործում ներդրած ավանդի համար ՌԴ նախագահի օգնական, ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի համանախագահ Ջահան Պոլիևան պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
***
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմեբերի 25-ին հանդիպումներ է ունեցել Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ բարձր պաշտոնում գործունեության մեջ:
ՌԴ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպումների ժամանակ կողմերը նշել են, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ բավականին արդյունավետ է ընթանում. ստորագրվել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր: Զրուցակիցների խոսքով, դրանք նոր հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար ոլորտներում բարձր մակարդակի սերտ հարաբերություններն ու համագործակցությունը միանգամայն համահունչ են հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ խորհրդարանի երկու պալատների միջև համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովին և նրա համանախագահներին, այդ թվում` հանդիպմանը ներկա Նիկոլայ Ռիժկովին, արդյունավետ գործունեության ու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրման համար:
Հանդիպման ժամանակ երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին ևս` կարևորելով Հայաստանի մարզերի և ՌԴ վարչական սուբյեկտների միջև ընդլայնվող փոխգործակցությունը:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ներուժը:
Հանդիպումների ժամանակ կարևորվել է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:
***
Հանրապետության ղեկավարը հոկտեմբերի 25-ին ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի նախագահների հետ հանդիպումներից հետո, այցելել է Մոսկվայի քաղաքապետարան:
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հանդիպմանը Նախագահը նշել է, թե շատ ուրախ է Երևանի և Մոսկվայի միջև տարեցտարի ամրապնդվող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար:
Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ քաղաքապետարանում մշակվում է առաջիկա տարիների համար Երևանի հետ համագործակցության նոր ծրագիր և հույս է հայտնել, որ այն կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոսկվայի քաղաքապետը կարևորել են Մոսկվայի հայ համայնքի դերը` ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Քաղաքապետ Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում մեծ թվով հայեր են ապրում և նրանց մեջ կան գործարարության ու այլ բնագավառներում զգալի հաջողությունների հասած անձինք:
Հանդիպմանը քննարկվել են կրթության, մշակույթի, զբոսաշրջության, առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նշելով, որ պետական այցի շրջանակներում ՌԴ կառավարության նախագահի հետ հանդիպումը լավ հնարավորություն է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների քննարկման համար, Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ կառավարությունների միջև երկխոսությունը և ձևավորված մթնոլորտը թույլ են տալիս քննարկել ցանկացած հարց:
«Մենք համարում ենք, որ իրականում մեր տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Ինչպես Դուք արդեն նշեցիք՝ անցյալ տարի մենք հասանք մինչև 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ծավալների»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկրի համար դա լուրջ թիվ է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մոտավորապես 1500 ընկերություններ, այսինքն, այդ իմաստով՝ աճ կա: Սերժ Սարգսյանը խոսել է նաև հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին, որոնք, նրա հավաստմամբ, ևս լավ են զարգանում: Ըստ Նախագահի, ՌԴ իր այցի օրերին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր քվոտաների մասին: «Իհարկե, մենք կցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
ՌԴ կառավարության նախագահը, ողջունելով Սերժ Սարգսյանին և նշելով, որ անչափ հաճելի է տեսնել նրան Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններին:
Վլադիմիր Պուտինը ևս բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարավորություն է ունեցել հանգամանորեն զրուցել երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի ինտենսիվ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին: ՌԴ կառավարության նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով: