Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Խորհրդարանականներին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում և խորանում է: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակներում, այնուհետ՝ Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նրանց՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած և մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցավը հասկանալու և իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար: Հանրապետության ղեկավարը հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին մաղթել է հարատևություն:
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 28-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը և հեռանկարները:
Ողջունելով ՀՀ նախագահին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը:
Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Նախագահ Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու և շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, թե ուրախ է, որ իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ և անչափ կարևորում ենք մեր երկու երկրների միջև ձևավորված սերտ կապերը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին:
Մինչ Ֆրանսիայի Նախագահի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ:
Ֆրանսիայի ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր երկրի խորհրդարանը քիչ երկրների հետ ունի միջխորհրդարանական այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Բեռնար Ակուայեն, այդ հարաբերությունները որակելով եզակի, նշել է, որ Հայաստանը շատ ակտիվ բարեկամներ ունի Ֆրանսիայի խորհրդարանում, իր երկիրն էլ` Հայաստանի ԱԺ-ում ունի նույնքան լավ բարեկամներ:
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ փաստել և ողջունելի են համարել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների աճը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական մակարդակով շարունակել աջակցել և խրախուսել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Կարևորվել է հատկապես էներգետիկ համակարգում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը: Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ այդ նպատակով իր երկրի համապատասխան պաշտոնյաներից և ոլորտի մասնագետներից կազմված խումբ կգործուղվի Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության հեռանկարը: Անդրադարձ է եղել ճանապարհաշինության բնագավառում, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանն ու ֆրանսիական ընկերությունների ներգրավմանը: Ըստ վարչապետ Ֆիյոնի, համապատասխան մասնագիտական խմբեր կգործուղվեն Հայաստան նաև ճանապարհաշինության ու Հայաստանի երկաթգծերի ռազմավարական ուղղությունների զարգացմանը միտված ծրագրերի իրագործման հարցերը տեղում առավել հանգամանորեն քննարկելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Զրուցակիցները նշել են, որ այդ հարցերը հանգամանորեն քննարկելու առիթ կունենան նաև օրերս Վարշավայում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:
Բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հարցերից բացի, Հայաստանի նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում ևս փոխգործակցության խորացման հնարավորությունները:
Վարչապետ Ֆիյոնը հույս է հայտնել, որ Նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա պետական այցը Հայաստան կնշանավորվի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության նոր ծրագրերով:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:
Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ և ֆրանսիացի գործարարների հետ:
(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ և ֆրանսիացի գործարարների հետ նախաճաշի ժամանակ ամբողջությամբ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)
Ֆրանսիայում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ, որից հետո Հանրապետության ղեկավարը և Փարիզի քաղաքապետը հանդիպել են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
(Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)