Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ
Աշխատանքային այցով սեպտեմբերի 23-ին ԱՄՆ ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել՝ 1915թ. Հայոց ցեղասպանությանը և Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:
Նախագահ Սարգսյանին կղզում հյուրընկալել և ուղեկցել են Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Նախագահ Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար: Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգևատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:
Նշելով, որ ՀՀ նախագահի այցելությունը, հատկապես ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, պատմական իրադարձություն է, Նասեր Կազեմինին ասել է. «Նա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում՝ ազատ և ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարևորը՝ նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարևանների հետ՝ իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության: Պարո՛ն նախագահ, այն ամենի շնորհիվ, ինչ Դուք արել եք Ձեր երկրի և հայ-ամերիկյան հարաբերությունների համար, պատմությունը Ձեզ մեծ հարգանքով կհիշի»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և նշել. «Այսօր ես հուզմունքով և հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաև Էլլիս կղզով անցած հայորդիների և նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության և գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ»:
(Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը ԿԱԷԿ կողմից մեդալով պարգևատրվելու կապակցությամբ ամբողջությամբ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում):
Պարգևատրման արարողությունից հետո ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինիի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում:
(Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ամբողջությամբ ներկայացված է կայքի Ելույթներ բաժնում)
***
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի և խորհրդի անդամների հետ:
Նույն օրը Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Երկուստեք կարևորվել են Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի քննարկմանը ներկայացված թեմաները: Նախագահ Սարգսյանը հատուկ անդրադարձել է նաև այս տարվա հիմնական քննարկումների համար Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի առաջարկած թեմային՝ միջնորդական ջանքերով հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, որը համահունչ է հակամարտությունների խաղաղ կարգավորման ՀՀ որդեգրած սկզբունքներին: Նշելով, որ Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանը՝ հագեցած ու բարդ օրակարգով արտացոլում է մեր ժամանակի խնդիրներն ու մարտահրավերները՝ Սերժ Սարգսյանը նստաշրջանի աշխատանքին՝ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի նախագահությամբ, մաղթել է հաջողություններ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն այդ պատեհ առիթով կրկին շնորհավորել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա վերանշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային այս կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և արդյունավետորեն համագործակցում ՄԱԿ-ի բազմաթիվ կառույցների հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՄԱԿ-ի դերն աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման գործում: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:
Սեպտեմբերի 23-ի երեկոյան ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի այցի: Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ամբողջությամբ ներկայացված է կայքի Ելույթներ բաժնում)
***
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մի խումբ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևները Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ընդունելության ժամանակ:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր, բարերար Ռիթա Պալեանը (ԱՄՆ) պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:
***
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքից սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոս Անջելես:
Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն Մոնտեբելլո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծառ տնկել հիշատակի պուրակում:
Սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի և Կալիֆորնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության հզորացման: Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաև Հայաստանի քաղաքացիների ներուժը: Նախագահի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ Հանրապետության ղեկավարի, նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին: «Մենք տերն ենք և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, անշուշտ, այդ ներուժն ամբողջությամբ օգտագործելու դեպքում կարող էինք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ գործարարներին՝ անցած քսան տարիների ընթացքում հայրենիքի հզորացմանն ուղղված իրենց գործունեության համար: «Հույս ունեմ, որ ընդհանուր ջանքերով մենք տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս միասին հպարտանալու ենք»,-ասել է Նախագահը:
Լոս Անջելեսում Սրբոց Ղևոնդյանց նորակառույց առաջնորդանիստ եկեղեցում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պատարագին, որը համատեղ մատուցել են Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Կիլիկիո կաթողիկոսության նույն թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Եկեղեցուն հարակից առաջնորդարանի կենտրոնում այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն, որտեղ Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև թեմական խորհրդի ներկայացուցիչների և ԱՄՆ-ի արևմտյան ափում բնակվող հայազգի բարերարների հետ: Նույն օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ամերիա» խմբի ներկայացուցչության բացման արարողությանը:
Լոս Անջելեսում Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը ևս: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այդ ափում, անպայման հնարավորություն կգտնեն գոնե մեկ անգամ այցելելու մեր հյուպատոսարան: «Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այս մասում, իրոք, գան այստեղ: Կոչ եմ անում և՛ նրանց, ովքեր իշխանություններին սիրում են, և՛ նրանց, ովքեր իշխանություններին չեն սիրում, որովհետև շատ բան ժամանակավոր է. դժվարությունները ժամանակավոր են, նույնիսկ պատերազմն է ժամանակավոր, սիրելի կամ ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, հավերժականը հայրենիքն է, իսկ հայրենիքի հետ կապող օղակը հենց այս շենքն է: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, որ մեր ժողովրդի համար ամենածանր պահերին հնարավորություն տվեց մեր հայրենակիցներին մուտք գործելու Միացյալ Նահանգներ, հնարավորություն տվեց արժանապատիվ ապրելու, զարգանալու, ինտեգրվելու այս հզոր երկրի հասարակության մեջ՝ ճանաչելի դարձնելով իր պատմական հայրենիքը: Մենք հպարտանում ենք ձեզնով և ամեն ինչ անելու ենք, որ դուք էլ մեզնով հպարտանաք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև տեղի իշխանություններին:
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
(ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Լոս Անջելեսում
Անկախության 20-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ ամբողջությամբ ներկայացված է կայքի Ելույթներ բաժնում)
***
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ընդունելության ժամանակ:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Ժիրայր Թրփանճեանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Սինան Սինանյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը բերած նպաստի համար Թևան Առուստամյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
***
Իսկ մինչ այդ, Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: Մաեստրոն Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի երևանյան այցից և համերգից, նույնքան լավ զգացումներ ունի հայերի և Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Դոմինգոն նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, որովհետև սիրել է մեր երկիրը և չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երևանում ՀՀ նախագահի և հայ հանդիսատեսի կողմից:
Խոսելով իր ծրագրերի մասին՝ աշխարհահռչակ տենորը Նախագահ Սարգսյանին ասել է, որ մինչ վերադառնալը մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը:
***
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային և հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացակամ վերաբերմունքի համար:
«Հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ հնարավորություն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցությունը ապահովելու և, բնականաբար, իրենց լուման ունենալու և՛ քաղաքի, և՛ Միացյալ Նահանգների հաջողությունների մեջ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամությունը հավերժ է, և ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականաչափ ամրապնդվել են: Գիտե՞ք, շատ տարօրինակ մի բան կա՝ մենք ունենք հազարամյակների պատմություն, բայց նշում ենք մեր անկախության 20-ամյակը: Մենք երիտասարդ ժողովրդավարության երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարվել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցությունը և մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրում»,-ասել է ՀՀ նախագահը: