13
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին պաշտոնական այցով ժամանել է Լյուբլյանա:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դանիլո Թյիրկի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վերջին կես տարվա ընթացքում մենք հասցրել ենք բավականին աշխատանք կատարել մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Անցյալ տարի Երևանում կայացավ գործարար համաժողով, ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր, այդ թվում` տնտեսական բնույթի, որոնք այսօր կհամալրվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագրով: Այս այցի ընթացքում ինձ ուղեկցում է գործարարների մի խումբ, որն այժմ բանակցություններ է վարում սլովեն գործընկերների հետ: Լիահույս եմ, որ ձեռնարկված համատեղ քայլերն այս տարվա վերջում արդեն կտան իրենց դրական արդյունքները»,-ասել է Նախագահ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նաև մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերին ու մոտեցումներին:

«Ուշադրությամբ ու բարի նախանձով էի հետևում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի` բոլորովին վերջերս արած հայտարարությանը, որ Խորվաթիայի Եվրամիությանն անդամակցությունն ունի մեծ կարևորություն ոչ միայն Խորվաթիայի, այլև Սլովենիայի և առհասարակ ողջ եվրոպական տարածաշրջանի համար: Երկու հարևան երկրները լուրջ լարվածություն են ունեցել, սակայն կարողացել են վեր կանգնել կաղապարված մտածելակերպից և խնդիրները լուծել քաղաքակիրթ, բանակցային ճանապարհով՝ հաշվի առնելով ընդհանուր տարածաշրջանային շահը։

Ցավոք, մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է։ Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ։ Մեր անմիջական հարևանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին՝ եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա։ Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարևանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում և սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով։ Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեև միջազգային պարտավորություն է ստանձնել։ Արդյո՞ք անտեղյակ են մեր հարևանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է։

Այս ամենով հանդերձ՝ տարածաշրջանային և ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց։ Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արևելյան գործընկերության շրջանակներում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սլովենիայի նախագահը թեև Հայաստանի հետ Եվրամիության շրջանակում համագործակցությունը դրական է համարել, սակայն նշել է, որ այսօր անհրաժեշտ է ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովենիայի միջև զարգացնելու առկա համեստ ապրանքաշրջանառությունը, բանակցություններ սկսել տնտեսական ոլորտում եւ ներդրումներ իրականացնել:

«Մեր երկրների միջև կան մշակությաին կապեր, սակայն համագործակցությունը պետք է ավելի լավ մակարդակի հասցնել նաև զբոսաշրջության ոլորտում: Կարելի է խորացնել համագործակցությունը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում ևս:

Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է աշխատել միասին լուծել քաղաքական հիմնախնդիրները, որի վրա հիմնված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտութուններից ամենաերկարատևներից է Եվրոպայում»,-իր խոսքում նշել է Նախագահ Դանիլո Թյիրկը:

ԶԼՄ-ների հետ հանդիպումից հետո, երկու երկրների նախագահների ներկայությամբ կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին արձանագրություն, իսկ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Ի պատիվ պաշտոնական այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 13-ին Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Պաշտոնական այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Պավել Գանտարի հետ:

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, և միջպետական հարաբերություններում արձանագրվել է զարգացման դրական տեղաշարժ: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-սլովենական փոխհարաբերությունների միջակայքն աստիճանաբար ընդլայնվում է` ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության տարրեր:

Բարձր գնահատելով առկա ձեռքբերումները` Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դեռևս շատ անելիք կա միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Խորհրդարանական կապերը, լինելով միջպետական հարաբերությունների անփոխարինելի բաղադրիչը, ըստ Նախագահ Սարգսյանի, կարող են էապես նպաստել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Սլովենիայի խորհրդարաններում պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը և պարբերական փոխայցերի կազմակերպումը:

Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, Նախագահն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ և արդյունավետ գործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև վարչապետ Բորուտ Պախորի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին` կարևորելով փորձի փոխանակումը:

Հանրապետության ղեկավարի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչի հետ հանդիպմամբ: Նախագահ Սարգսյանը հանդիպումից հետո քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է Լյուբլյանայում, ծանոթացել Սլովենիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերին:

← Վերադառնալ