09
03, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վալդիս Զատլերսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վալդիս Զատլերսը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների և բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում:

Անդրադառնալով 2009թ. Լատվիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցին` կողմերը նշել են, որ Նախագահ Զատլերսի այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ արդեն կյանքի են կոչվել: Իսկ Հայաստանի նախագահի այցի նպատակն է շարունակել 2009թ. դեկտեմբերին կայացած արդյունավետ երկխոսությունը` ի նպաստ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանում և Ռիգայում դեսպանատների հիմնումը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Լատվիայի միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության ծրագիր, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն, որին հաջորդել է Հայաստանի և Լատվիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

(Ասուլիսի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջությամբ ներկայացված է կայքի «Մամուլի ասուլիսներ» բաժնում)

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից հետո ծաղկեպսակ է դրել Ազատության հուշարձանին:

Հանրապետության ղեկավարն այնուհետ մեկնել է Լատվիայի խորհրդարան: Խորհրդարանի խոսնակ տիկին Սոլվիտա Աբոլտինայի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի բարձր մակարդակը` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը հաջողությամբ համագործակցում են և պատրաստակամ են զարգացնելու փոխգործակցությունը` նկատի առնելով առկա մեծ ներուժը:

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության, ինչպես նաև երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լատվիական փորձով:

Նկատի առնելով, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք` Նախագահ Սարգսյանը և Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Աբոլտինան մշակույթի ոլորտում դա համարել են երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու, փոխշփումների նոր և շատ լավ հնարավորություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ մասնակցել է նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)

Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի անունից մարտի 9-ի երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

(Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները` ընդգծելով, որ դրա համար բավարար ներուժ և անհրաժեշտ նախադրյալներ կան, որոնք պետք է լիարժեքորեն օգտագործել: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, մետալուրգիական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ևս:

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին խոսել են նաև տարբեր մակարդակներով հաճախակի փոխայցելությունների, ակտիվ շփումների, երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման մասին, ինչին, զրուցակիցների համոզմամբ, լավագույնս ծառայում են գործարար համաժողովները: Այդ համատեքստում կարևորվել է Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի իրականացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին Ռիգայում այցելել է նաև հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Ես իմ առջև համեստ խնդիր եմ դրել ձեզ փոխանցելու մեր ժողովրդի, մեր Հայրենիքի ողջույնները, բարեմաղթանքները և մեկ անգամ ևս հաստատել, որ անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը` Ռիգայում, թե Վիլնյուսում, Փարիզում, թե Լոս Անջելեսում, Երևանում թե Վանաձորում, մենք մեկ ազգ ենք, և մեր ուժը կայանում է մեր միասնության մեջ»:

Նախագահի խոսքով, որքան հզոր լինի Սփյուռքը, այնքան հզոր է լինելու Հայաստանը և որքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր է լինելու Սփյուռքը:

Հանրապետության ղեկավարը ուրախությամբ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները, լինելով լատվիական հասարակության մի մաս, չեն մոռացել իրենց Հայրենիքը, իրենց մայրենի լեզուն, կրոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին:

← Վերադառնալ