04
02, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիա

album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը:

Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր:

Մյունխենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարևորագույն մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Օրակարգային հարցերի շարքում այսօր համաժողովի մասնակիցները քննարկում են նաև գլոբալ կայունության և անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրները:

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 4-ին Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ջադդի հետ:

Հանրապետության ղեկավարը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրալիական երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ կապերի ամրապնդման կամուրջ հանդիսացող Ավստրալիայի հայ համայնքի դերը, որը նրանց կարծիքով, կարող է մեծապես նպաստել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մեջ ավստրալիական ներդրումների ներգրավման հնարավորություններին:

Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար:

Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:

Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի:



← Վերադառնալ