Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն:
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այնուհետև տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:
ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն` ուղղված մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը: Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր», «ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում 2011-2013թթ. համագործակցության մասին ծրագիր», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև 2012 թվականին` Հունաստանի Հանրապետությունում «Հայկական մշակույթի օրեր» և 2013 թվականին` Հայաստանի Հանրապետությունում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր»:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած համատեղ ճեպազրույցում:
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հունվարի 18-ին այցելել են նաև «Ակրոպոլիս» թանգարան:
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, հունվարի 18-ի երեկոյան տրվել է պետական ընթրիք:
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր հաջողությամբ զարգացող հայ-հունական հարաբերություններին, երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը, որի ամենակենսունակ հիմքերից մեկը, Նախագահի խոսքով, երկու եկեղեցիների փոխհարաբերություններն են:
«Աշխարհը զարգանում է, ժամանակները փոխվում են, բայց դրանից չի փոխվում եկեղեցու նշանակությունը, հավատքի նշանակությունը և եթե փոխվում է, ապա էլ´ ավելի է կարևորվում: Դարերի ընթացքում չունենալով պետականություն` հայ ժողովուրդն ապավինել է իր հավատքին, իր եկեղեցուն, և Հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, պետության շատ գործառույթներ, պահպանել` մեր լեզուն, մշակույթը, ինքնությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով մեր ժողովրդի կյանքում նաև այսօր եկեղեցու մեծ դերակատարությունը:
Երկրի ղեկավարը Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ին է փոխանցել Հայաստան այցելելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին IIի հրավերը` նշելով, որ այդ այցը մեծապես կնպաստի հայ և հույն եկեղեցիների միջև եղբայրության ամրապնդմանը։
Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ը նշել է, թե հատուկ հուզմունքով է ընդունում Նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև հյուրընկալել է բարեկամ երկրի նախագահի: Նա խոսել է հայ և հույն ժողովուրդներին պատմականորեն բաժին հասած նույնանման դժվարությունների ու տառապանքների մասին:
«Բոլորս էլ կարդացել ենք և քաջատեղյակ ենք հայ ժողովրդի ողբերգության մասին: Վստահ եմ, որ դուք էլ նույն ձևով հետևել եք մեր ժողովրդի պատմությանը և մեր հայրենակիցների տառապանքներին հարևան երկրում: Սակայն սա է պատմությունը: Ահավասիկ հայ ժողովուրդը, որ այսքան տանջանքներից հետո կարողացավ վերապրել: Հենց ձեր ժողովուրդը հաղթահարեց այդ դժվարությունները և եկեղեցին պետության դեր կատարեց: Ճիշտ նույնը պատահեց նաև այս երկրում: Սակայն այս բոլորն անցյալին են պատկանում: Պարո´ն Նախագահ, հիմա նոր ժամանակներում ենք ապրում, նոր դժվարություններով: Ես հավատացած եմ, որ մեր համագործակցությունը, մանավանդ մեր կապն ուղղափառ հավատքի հետ կկարողանա մեզ օգնել, որպեսզի հաղթահարենք այսօրվա դժվարությունները»,- Նախագահի հետ հանդիպմանն ասել է Հունաստանի Արքեսպիկոպոսը` Սերժ Սարգսյանին մաղթելով հաջող ու արդյունավետ բանակցություններ իր երկրի քաղաքական ղեկավարության հետ:
Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն Աթենքում այցելել է անհայտ զինվորի հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել` ծաղկեպսակ դնելով հուշարձանին:
Սերժ Սարգսյանը Աթենքում հանդիպել է նաև Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի և ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը` երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը, Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացումը` հաշվի առնելով նաև ՀՀ ԱԺ-ում և Հունաստանի խորհրդարանում գործող Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբերի դերը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Հունաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, նշելով, որ երեկ արդյունավետ հանդիպում և քննարկումներ է ունեցել Հանրապետության նախագահ Կարոլոս Պոպուլիասի հետ և վստահ է, որ նույնքան արդյունավետ կլինի հանդիպումը երկրի վարչապետի հետ:
Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել հունական խորհրդարանի ոսկե մեդալը, որի վրա պատկերված է Հին Աթենքում հունական դեմոկրատիան կերտող Պերիկլեսի դիմանկարը:
Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է երկկողմ տնտեսական կապերը հայ-հունական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին համարժեք զարգացնելու, առևտրատնտեսական շփումների ուղղությամբ առավել ակտիվ ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ՀՀ նախագահի այցին զուգահեռ ընթացող գործարար համաժողովում հայ և հույն գործարար շրջանակները կկարողանան փոխադարձ հետաքրքրության նոր ոլորտներ գտնել և դրանց շուրջ փոխշահավետ համագործակցություն ձևավորել։
Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուն կարևորել է նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը, որին իր երկիրն աջակցել է եւ վարչապետի խոսքով, շատ ուրախ է դրա համար` նկատի առնելով, որ երկու երկրների միջև կապերը բարեկամական ու եղբայրական են:
Հունաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստան, կնպաստի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու առավել ամրապնդմանը:
Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ:
Հունվարի 19-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ընդունելություն, որին հրավիրված են եղել Հունաստանի բարձր ղեկավարությունը և հունահայ համայնքի ներկայացուցիչներ:
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս էվթիմիուի հետ:
Այցի վերջին օրը` հունվարի 20-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որից հետո տեղի է ունեցել ՀՀ նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: