30
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել ս.թ. հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը, որը Նախագահ Թյիրկի համոզմամբ, կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, համագործակցության ուղղությունների նախանշման և մի շարք ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդող փաստաթղթերի ստորագրման համար: Նախագահ Թյիրկը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը Հանրապետության ղեկավարը շնորհակալությամբ ընդունել է:

ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի հետ առավոտյան ունեցած հանդիպումից հետո, օրվա երկրորդ կեսին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ:

Սերժ Սարգսյանը Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում վիզային ռեժիմի մեղմացման, առևտրի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ հնարավոր աջակցությանը: Սերժ Սարգսյանը և Հերման Վան Ռոմպոն քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ ս.թ. հուլիսին մեկնարկած բանակցություներին վերաբերող հարցեր:

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու ներդրումների խրախուսմանը, Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչի հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-սերբական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Աստանայում դեկտեմբերի 1-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունից` ի պատիվ ԵԱՀԿ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունգարիայի Նախագահ Պալ Շմիթի և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ:

Հայաստանի և Հունգարիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ավելի են ամրապնդվել Հունգարիայի խորհրդարանում հայ-հունգարական բարեկամության խմբի ստեղծմամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին և ժողովրդին` հայկական համայնքի նկատմամբ ջերմ և բարյացկամ վերաբերմունքի, համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Սերժ Սարգսյանը և Պալ Շմիթն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` նկատի առնելով, որ հաջորդ տարի Հունգարիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը: Նախագահ Պալ Շմիթն ընդգծել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդման, բարեփոխումների իրականացմանն աջակցության ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարևորել այդ կառույցների գործունեությունը: Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաև ԶԼՄ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար ևս լավ օրինակ կարող են դառնալ:



← Վերադառնալ