Արտերկրյա այցեր
Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ եվրոպական կառույցներ
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 25-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում` ապահովելով ակտիվ երկխոսություն ռազմաքաղաքական ոլորտում: Հատկապես հաջողված են համարվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը եւ Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:
ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահ առաքելությունը եւ այլք:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ, նաեւ խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացի մասին: ՀՀ Նախագահը նշել է, որ նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-ին Բրյուսելում աշխատանքային ընթրիք է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հետ:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպել է Բելգիայի ու Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին:
Քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է: Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից լինելով Առեւտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաեւ հետեւողական քայլեր է կատարել Եվրոպական Հանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:
"Լավ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապված բարդ եւ ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը հնարավորինս արագ արդյունքի հասնելու գործում",-ասել է Նախագահ Սարգսյանը:
* * *
Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերի հետ մայիսի 26-ին կայացած հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-բելգիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
ՀՀ Նախագահը գոհունակությամբ է խոսել բարեկամության եւ փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերությունների մասին` նշելով, որ բարձր մակարդակի վրա են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական,առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերը:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական համագործակցությանն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ շրջանակում:
Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխայցելությունների ակտիվացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացներին:
* * *
ՀՀ Նախագահը մայիսի 26-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:
ՀՀ Նախագահը նշել է, որ պարոն Բառոզուի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Եվրամիություն կապերը զգալի առաջընթաց են ապրել: Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված մակրոֆինանսական օժանդակության համար:
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ քաղաքականությանն առնչվող հարցեր:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից է, եւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը նոր հեռանկարներ կբացի տնտեսական համագործակցության զարգացման համար:
ՀՀ Նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ ակտիվ աջակցությունը` համաձայնագրի կնքման գործում հնարավորինս արագ արդյունքի հասնելու համար:
* * *
Նախագահ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է նաեւ Եվրոպական Հանձնաժողովի տնտեսական եւ արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ:
Քննարկվել են Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մակրոֆինանսական օժանդակությանը, Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսվել է Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման բանակցությունների եւ դրանց մեկնարկի չափանիշների մասին:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան շուկայական համակարգի ձեւավորմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կատարելու շուկայական տնտեսության կար•ավիճակի շնորհման համար անհրաժեշտ բարեփոխումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգին (GSP+) անցումը արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքը եւ ընդգծել է առաջընթաց քայլ անելու անհրաժեշտությունը` կարեւորելով Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհումը եւ անցումը:
Քննարկվել են նաեւ Հայաստանի ֆինանսների կառավարման պետական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին Եվրամիության կողմից հնարավոր տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Քննարկվել է Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Եվրամիության հետ համագործակցությունը ՀՀ Նախագահը կարեւորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր` Եվրամիության հետ մերձեցումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, իսկ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր փուլ է սկզբնավորել Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունն այն դաշտն է, որտեղ կարող են հարաբերություններ զարգանալ ոչ միայն Եվրամիության հետ, այլեւ ծրագրում ներառված վեց գործընկեր երկրների միջեւ:
Քննարկվել են նաեւ Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագիր կնքելու նախաձեռնությանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում համաձայնագրի շուրջ բանակցություններին` ձեռնարկելով անհրաժեշտ կառուցվածքային եւ նորմատիվային միջոցառումներ:
Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրամիության երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացին: ՀՀ Նախագահը նշել է, որ տեղաշարժի ազատականացումը զգալիորեն կխրախուսի մարդկային շփումները, ինչն իր հերթին լավ նախադրյալներ կստեղծի տարբեր բնագավառներում իրական գործընկերային հարաբերությունների զարգացման համար:
Զրուցակիցները խոսել են նաեւ ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության մասին` գոհունակություն հայտնելով նրա արդյունավետ աշխատանքից:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության "Վիլա Ամպեն" կենտրոն:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ եվրաինտեգրումը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից:
Կողմերը խոսել են Արեւելյան գործընկերության ծրագրի ընձեռած նոր հնարավորությունների մասին: Նրանք ընդգծել են, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափը նաեւ Կովկասի երկրների միջեւ համագործակցությունը խթանելու, կայունություն եւ համերաշխություն հաստատելու արդյունավետ միջոց է:
Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն եւ ԼՂ բանակցային գործընթացին առնչվող հարցեր:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին Բելգիայում հանդիպել է Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ:
ՀՀ Նախագահը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու ԵՄ կառույցների հետ եւ ընդգծել, որ Հայաստանն իր դավանած արժեհամակարգով եւ մղումներով Եվրոպայի անբաժան մասն է կազմում:
Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կարեւորել է նաեւ Հայաստանում տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:
Ողջունելով Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու ԵՄ նախաձեռնությունը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը պատրաստ է ակտիվորեն աշխատել նոր փաստաթղթի նախագծի շուրջ:
Կողմերը խոսել են նաեւ ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին` նշելով, որ այն լավ նախադրյալներ կստեղծի հարավկովկասյան տարածաշրջանի եւ ԵՄ միջեւ տարբեր ոլորտներում իրական գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանն այդ նպատակով պատրաստ է արագացնել ԵՄ-ի անդամ երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագրի կնքումը:
Քննարկվել են նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին եւ տնտեսության ազատականացման այդ գործընթացին ԵՄ հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: