09
02, 2010

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բուքինգհեմյան պալատում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ: Քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին տեղեկացրել է պաշտոնական Երևանի մոտեցումների մասին:

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, շահագրգիռ է տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնման հարցում: Վստահություն է հայտնվել, որ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար: Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը` մեր երկրի անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար:

Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ: Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը և նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին ու շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:

Վինձորյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաաձեռնված “Երևան` իմ սեր” նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և դրան հաջորդած համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաևայի մասնակցությամբ:

“Երևան`իմ սեր” նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին: Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր գաղթօջախներից այդ առիթով Լոնդոն ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներ:

Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել նաև իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների և ճանաչված հասարակական գործիչների հետ: Նախագահ Սարգսյանը անգնահատելի է համարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի տնտեսական առաջընթացի, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության գործում նրանց կողմից տարվող տևական աշխատանքը: “Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները և հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը”,- նշել է Սերժ Սարգսյանը:

Լոնդոնում Հայաստանի Հանրապետության Նախագահը փետրվարի 10-ի առավոտյան տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chattam House), որտեղ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային օրակարգի հիմնական խնդիրներին, պաատասխանել ներկաների հարցերին:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի "Թեյթ" ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և “Թեյթ” ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, “Բրիթիշ փեթրոլեում” խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Լորդ Բրաունի մասնակցությամբ տեղի է ունեցել ընթրիք, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

← Վերադառնալ