07
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Չեխիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Մայիսի 7-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում` ԱՄՆ դեսպանի կեցավայրում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Սերժ Սարգսյանի` Հայաստանի Հանրապետության պաշտոնը ստանձնելուց հետո, պրահյան հանդիպումը չորրորդն է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարձր մակարդակով բանակցային գործընթացում:

Սարգսյան-Ալիեւ հանդիպումն սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բերնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որը տեւել է ավելի քան երկու ժամ:

Հայկական կողմը պրահյան հանդիպումը գնահատել է օգտակար, ինչը հնարավորություն է տվել կողմերին` առավել հստակեցնելու մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ինչպես նաեւ մոտեցնելու դիրքորոշումները որոշ կետերի ուղղությամբ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին “Մադրիդյան առաջարկությունների” հիման վրա շարունակել աշխատանքները հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ եւ նախապատրաստել երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը:



***



Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել Եվրամիության "Արեւելյան գործընկերության" անդրանիկ գագաթնաժողովը: Եվրամիության այս նախաձեռնությունում ներգրավված են նախկին ԽՍՀՄ վեց հանրապետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան: Նախաձեռնությունը նախատեսում է Եվրամիության հետ կապերի ամրապնդում, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացում, վիզային ռեժիմի դյուրացում, ինչպես նաեւ գործընկեր երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության խթանում: Գագաթնաժողովում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:



***



Պրահայում կայացած “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկկողմ հանդիպումներ եւ շփումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ:

Ֆրանսիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները ջերմությամբ են հիշել անցյալ տարի Փարիզում տեղի ունեցած հանդիպումը եւ գոհունակությամբ արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես տնտեսության, այնպես էլ հումանիտար եւ այլ բնագավառներում: ՀՀ Նախագահը վստահություն է հայտնել, որ տնտեսության ոլորտում համագործակցության նոր նախաձեռնությունները, հեռահաղորդակցության բնագավառում ֆրանսիական “Օրանժ” ընկերության մուտքը նոր որակ կհաղորդեն հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը: Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու հայ-ֆրանսիական բարեկամությունը. “Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է”,-ընդգծել է վարչապետ Ֆիյոն:

Ֆրանսիայի վարչապետի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` ՀՀ Նախագահը նշել է, որ հիմնախնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացը եւ բանակցային սեղանին առկա կարգավորման հիմնական սկզբունքները հնարավորություն են ընձեռում առաջ շարժվել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության այնպիսի լուծմանը, որը կբերի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը: Ֆրանսիայի վարչապետն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆրանսուա Ֆիյոնը ողջունել եւ աջակցություն է հայտնել հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը երկու երկրների տնտեսությունների վրա, ինչպես նաեւ դրա դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու համաշխարհային տնտեսության մեջ արձանագրվող միտումներին:

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերված աջակցության համար: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության հետագա զարգացումն ու նոր նախաձեռնությունների իրականացումը: Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցերի շուրջ: Դեյվիդ Միլիբենդը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է առկա բոլոր խնդրիների խաղաղ կարգավորմանը եւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած շփումների ընթացքում վերջիններս ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին:



***



Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Սա Նախագահ Սարգսյանի հրավերով Թուրքիայի Նախագահի երեւանյան այցից հետո երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել "հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ":



***



Եվրամիության “Արեւելյան գործընկերության” մեկնարկային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պրահա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 8-ին Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները կարեւորել են “Արեւելյան գործընկերության” ընձեռած հնարավորությունները` խորացնելու կապերը Եվրամիության հետ, խթանելու առեւտրատնտեսական փոխգործակցությունը եւ դյուրացնելու ներգրավված երկրների հետ Եվրամիության վիզային ռեժիմը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է “Արեւելյան գործընկերության” մեծ պոտենցիալը` խթանելու ներգրավված երկրների միջեւ տարածաշրջանային փոխգործակցությունը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն իր հերթին “Արեւելյան գործընկերության” համատեքստում կարեւորել է հարավկովկասյան երկրների հետ Եվրամիության համագործակցությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը` նշելով, որ Եվրոպական հանձնաժողովն ուշադրությամբ հետեւում եւ աջակցում է առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Սերժ Սարգսյանը ու Խավիեր Սոլանան կարեւորել են Հայաստան ժամանած եվրոպական խորհրդականների խմբի աշխատանքը: Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ “Արեւելյան գործընկերության” շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ այդ ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011թթ.-երի գործողությունների ծրագիրը: Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով հաստատվել էր “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովի նախօրեին:

Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն շնորհակալություն են հայտնել եւ բարձր գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

← Վերադառնալ