28
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հունվարի 28-ին Ցյուրիխի “Ռադիսոն” հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետեւ երկու երկրների Նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:
Հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իրենց տեսակետները: Երկու երկրների Նախագահները բանակցությունների արդյունքում հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ շարունակելու բանակցային գործընթացը: Նախագահները ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ:

Հունվարի 28-ի երեկոյան Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը բանակցությունների ավարտից հետո մեկնել է Դավոս, որտեղ մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո համաժողովի նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբի կողմից պաշտոնական ճաշ է տրվել Դավոս ժամանած բարձրաստիճան հյուրերի պատվին:

Հանրապետության Նախագահը ուշ երեկոյան մասնակցություն է ունեցել նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպած ընդունելությանը:

Հունվարի 29-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է իր երկկողմ հանդիպումները Դավոսում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջուկային էներգիայի ոլոտում միջազգային գործակալության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության ներկա մակարդակը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր: Մուհամմեդ Էլ Բարադեյը բարձր է գնահատել նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ մինչ օրս հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ պատրաստակամություն հայտնել` տրամադրելու փորձագիտական օժանդակություն ծրագրի իրականացման տարբեր փուլերում: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրենը նաեւ բարձր է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:
Հանրապետության Նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մուհամմեդ Էլ Բարադեին` այս ուղղությամբ միջազգային նվիրատուների ջանքերի համակարգման եւ ցուցաբերած խորհրդատվական աջակցության համար:

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսում հանդիպում է ունեցել նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի նախագահին իրականացվող համատեղ ծրագրերի համար` դրանք գնահատելով արդյունավետ: Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել կառավարման բնագավառում եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեր երկրին` Ասիական զարգացման բանկի կողմից մինչ օրս ցուցաբերվող աջակցության համար եւ հույս հայտնել, որ այդ համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաեւ ապագայում:

Հարուհիկո Կուրոդան իր հերթին բարձր է գնահատել պետական կառավարման բնագավառում հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ նշել, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ` կարեւորելով բոլոր առկա գործիքների արդյունավետ համադրումը` ուղղված Հայաստանի Հանրապետությունում զարգացման խթանմանը:

Դավոսում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Մեր երկրի Նախագահն ու Ռուսաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նկատել, որ հաճախակի հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տալիս բարձր պահել համագործակցության զարգացման դինամիկան:

Կողմերն ամփոփել են տնտեսական փոխգործակցության բնագավառում 2008թ. արձանագրված դրական միտումները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը` արդեն 1 մլրդ դոլարի սահմանը գերազանցող ցուցանիշը լավ հիմքեր է ստեղծում հետագա հաջողությունների համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակի:

Նույն օրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Թուրքիայի Նախագահների 2008 թվականի սեպտեմբերի վեցի հանդիպումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակությունն ունեցավ երկու երկրների արտգործնախարարների միջեւ կայացած հետագա հանդիպումներով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են գնահատել իրենց առաջին հանդիպման արդյունքները եւ հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար:

Հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Երկու երկրների Նախագահները շեշտել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շվեյցարական կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար, ինչպես նաեւ ընդգծել Շվեյցարիայի մշտապես հավասարակշռված դիրքորոշումը տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը եւ տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցերի:

Հունվարի 30-ին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է իր երկկողմ հանդիպումները Դավոսում:

Լիտվայի Հանրապետության Նախագահ Վալդաս Ադամկուսի հետ ծավալված ջերմ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների Նախագահներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակի:

Նախագահ Սարգսյանն ուսանելի է համարել Լիտվայի եւ մերձբալթյան մյուս երկրների հաջողված փորձը եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ: Վալդաս Ադամկուսն իր հերթին համագործակցության, աջակցության եւ փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել այդ ճանապարհին: Վալդաս Ադամկուսի խնդրանքով Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վալդաս Ադամկուսին լիտվական Սեյմի կողմից Ցեղասպանության ճանաչման համար` նկատելով, որ “տեղի ունեցածը ազգային եւ համամարդկային ողբերգություն է եւ խիստ զգացմունքային խնդիր յուրաքանչյուր հայի համար”: Նախագահ Սարգսյանը Վալդաս Ադամկուսին է փոխանցել Լիտվայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հայկական կողմի մտադրությունը: Իր հերթին Լիտվայի Հանրապետության Նախագահը Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելելու Լիտվա:

Նախագահ Սերժ Սարգսյանը դավոսյան իր կեցավայրում ընդունել է “Ֆրանս Տելեկոմ” ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդին:

Հանրահայտ “Օրանժ” բրենդի թիվ մեկ տարածողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին հանդիպման ու անձամբ ծանոթանալու հնարավորության համար եւ ներկայացրել իր ընկերության կարճաժակետ ու երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի տնտեսությունում` խոստանալով լինել արագ, արդյունավետ ու ժամանակի պահանջներին համաքայլ:

Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա, նշելով, որ ցանկացած պետության համար պատիվ է ունենալ “Ֆրանս Տելեկոմ”-ի նման գործընկեր: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերության մուտքը կապի ոլորտ լավ հիմք կարող է դառնալ տնտեսության այլ բնագավառներում եւս ծավալվելու համար:

Դիդիե Լոմբարդը նշել է, որ արդեն այս աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին` խոստանալով բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ եւ փոխշահավետ լուծումեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսի “Կոնգրեսների պալատում” հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի հետ:

Սա նախագահներ Սարգսյանի եւ Զատլերսի երկրորդ հանդիպումն էր. առաջին հանդիպումը կայացել էր Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի վերջին նստաշրջանի շրջանակում:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-լատվիական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները խորացնելու Նախագահների քաղաքական կամքը: Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ նախաձեռնություններին, առեւտրատնտեսական կապերի խորացմանն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վալդիս Զատլերսը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այս տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին: Համաձայնություն է ձեռք բերվել սպասվող այցի շրջանակում երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայման վերաբերյալ:

Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի Միությունում նախագահող երկրի` Չեխիայի Նախագահ Վացլավ Կլաուսի հետ հանդիպումով ավարտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային օրակարգը Դավոսում:

Նախագահներ Սարգսյանի եւ Կլաուսի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վացլավ Կլաուսը արձանագրել է հարավկովկասյան տարածաշրջանի կարեւորությունը Եվրոպական Միության համար եւ ընդգծել, որ “Արեւելյան գործընկերություն” նախաձեռնությունը կարեւոր գործիք է տարածաշրջանի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների հետեւողական զարգացման համար: Նախագահ Սարգսյանն իր հերթին, կարեւորելով նախաձեռնությունը, շեշտել է մեր երկրի պատրաստակամությունը առաջ շարժվելու բարեփոխումների հետագա խորացման եւ ժողովրդավարացման գործընթացների խթանման ճանապարհով` մշակված գործողությունների ծրագրին համաձայն: Վացլավ Կլաուսը Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Պրագայում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ արձանագրել է մեր երկրին Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորության ընձեռնումը, ինչը կնպաստի Հայաստան-Եվրամիություն առեւտրատնտեսական կապերի եւ փոխգործակցության խորացմանը: Նախագահ Կլաուսի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ վերջին զարգացումները:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ցյուրիխի “Հայաթ” հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որով էլ ավարտվել է Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն:

← Վերադառնալ