04
11, 2008

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ եվրոպական կառույցներ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 4-6 աշխատանքային այցով եղել է Բելգիայի Թագավորությունում:

Հայաստանի նախագահը նոյեմբերի 5-ի առավոտյան հանդիպել է Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներ Արմանե դե Դեկերի եւ Հերման վան Ռոմպոյի հետ:

Կողմերը բարձր են գնահատել հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները` կարեւորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում:

ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել Բելգիայի հետ ինչպես երկկողմ քաղաքական ու տնտեսական, այնպես էլ բազմակողմ եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում արդյունավետ գործակցության առթիվ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի կառավարությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես ցուցաբերած հավասարակշիռ մոտեցման համար:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-բելգիական տնտեսական փոխգործակցությանը` նշելով, որ ԵՄ երկրների շարքում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով Բելգիան զբաղեցնում է առաջատար դիրք:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարեւոր բաղկացուցիչ: Կողմերը նշել են, որ հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկարային է, եւ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացարձակապես քաղաքական երկխոսության ճանապարհով:


Նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ:

Քննարկվել են Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին, Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի եւ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականցման ընթացքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ միջազգային նշանակության տարբեր խնդիրների, քննարկվել են համագործակցության հեռանկարներին վերաբերող այլ հարցեր:

Կողմերը դրական են գնահատել Գործողությունների ծրագրի իրականցման ընթացքը: Նախագահ Սերժ Սարգսյանն այն համարել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական հենքը` ներկայացնելով 2009-2010 թթ. փոխգործակցության Հայաստանի տեսլականը:
Կայունոթյունն ու խաղաղությունը տարածաշրջանում համարելով զարգացման ու բարգավաճման կարեւոր նախապայման, Խավիեր Սոլանան իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ու հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը:


Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յաապ դե Հոոպ Սխեֆերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ խաղաղապահ առաքելության իրականացման բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության ներկա մակարդակը եւ գոհունակություն հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականցման ընթացքից: Դրական է գնահատվել նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին զորավարժությունները: Նախագահ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որպես Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մաս:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում երաշխավորված խաղաղության ու կայունութան հաստատումը` առկա խնդիրների քաղաքական բանակցային ճանապարհով լուծումը համարելով միակ ընդունելի ճանապարհը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել հայ-թուրքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում արձանագրված տեղաշարժերը եւ աջակցություն է հայտնել այդ գործընթացներին:


Նոյեմբերի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արդարադատության հարցերով հանձնակատար Ժակ Բարոյի հետ:

Սերժ Սարգսյանը եւ Ժակ Բարոն քննարկել են դատաիրավական բարեփոխումների եւ կոռոպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցության հեռանկարներին, քաղաքացիների ռեադմիսիայի միջազգային իրավական կարգավորմանը, վիզային ռեժիմի դյուրացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի Նախագահը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` նշելով, որ բարեփոխումների արդյունավետ զուգակցումը հասարակական գիտակցության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հետ միայն կարող է երաշխիք լինել ցանկալի ադյունքների հասնելու համար:

Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ փորձագիտական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել այս բնագավառում Հայաստանյան իշխանությունների ձեռնարկած ջանքերին ու նախաձեռնություններին:

Սերժ Սարգսյանի եւ Ժակ Բարոյի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ իրավապայմանագրային բնագավառին վերաբերող տարբեր հարցերի:


Եվրահանձնաժողովում ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ տրանսպորտի եւ առեւտրի հարցերի հանձնակատարների հետ:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտի հարցերով հանձնակատար Անտոնիո Տայանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի նախաձեռնությունները տարածաշրջանային հաղորդակցության այլընտրանքային ուղիների զարգացման ուղղությամբ:

Հանձնակատարը ողջունել է ինչպես Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, այնպես էլ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը` երկու երկրները միացնող այլընտրանքային նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությունները:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը` տարածաշրջանային հաղորդակցության ցանցի զարգացման գործում:


Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի հարցերով հանձնակատար տիկին Կատերին Աշտոնի հետ քննարկման հիմնական թեման եղել է Ազատ առեւտրի համաձայնագրին մեր երկրի միանալու գործընթացը:

Նախագահը շեշտել է Հայաստանի ցանկությունն` օր առաջ կնքելու այդպիսի համաձայնագիր Եվրամիության հետ: Կատերինը Աշտոնն առաջարկել է շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ եւ նոր ձեւաչափով փորձագիտական աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնակատարի` Հայաստան կատարելիք այցի ժամանակ, գործընթացի հստակ ժամանակացույց հաստատել:


Նոյեմբերի 5-ի երեկոյան Բրյուսելի ՙԼա Պլազա՚ հյուրանոցի սրահում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչերի հետ:

Հայկական համայնքի ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին նախարարության ստեղծումը:

Նույն օրը Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատուն, հանդիպում ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:


Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերթ Պոթթերինգի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային վերջին զար•ացումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններում առկա միտումներին:

Կողմերը շեշտել են, որ տարածաշրջանային վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են, որ առկա հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհը բացառապես խաղաղ բանակցային տարբերակով առաջնորդվելն է եւ ընդգծել են ռազմական գործողությունների անթույլատրելիությունը:

Հանդիպման ժամանակ կարեւորվել են Հայաստանի ձեռքբերումները եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում: Սերժ Սարգսյանը եւ Հանս-Գերթ Պոթթերինգն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

ՀՀ նախագահը հիշատակել է դեռեւս 1988թ. Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որով այս կառույցն իր աջակացությունն էր հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Կողմերն արձանագրել են հարցի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:


Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային ճաշ է ունեցել նաեւ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացումներին, Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին ուղղված հարցերի լայն շրջանակ: Բենիտա Ֆեռերո-Վալդները հանգամանորեն կանգ է առել Եվրամիության նոր` արեւելյան հարեւանության նախաձեռնության վրա եւ ներկայացրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու Եվրամիության հետագա ծրագրերը:

Կողմերը հույս են հայտնել, որ Եվրամիության խորհրդատուների խմբի աշխատանքը Հայաստանում նոր լիցք կհաղորդի Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին:
/Նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներն ստորագրել են համաձայնագիր` Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար բարձր մակարդակի խորհրդատուների խումբ ուղարկելու մասին/:


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Բելգիայի վարչապետ Իվ Լետերմի հետ:

ՀՀ նախագահը նշել է, որ Բելգիան Եվրամիության շրջանակում Հայաստանի ամենակարեւոր առեւտրային գործընկերներից մեկն է: Հայաստանի նման փոքր երկրի համար 250 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող առեւտրաշրջանային ծավալը էական է, եւ այստեղ զգալի բաժին է ընկնում ադամանդագործությանը: ՀՀ նախագահը եւ Բելգիայի վարչապետը պայմանավորվել են, պահպանելով այդ ուղղությունը, երկկողմ գործակցությանն ընդլայնել նաեւ այլ ոլորտներում:

Ըստ ՀՀ նախագահի, Հայաստանը ցանկություն ունի մերձենալու Եվրամիությանը, եւ այս առումով չափազանց կարեւոր են նաեւ երկկողմ հարաբերությունները եվրոպական երկրների հետ:

Բելգիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել` աջակցելու հայաստանյան բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին: Ս. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ:

ՀՀ նախագահը Բելգիայի վարչապետին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը շնորհակալությամբ ընդունվել է:
Իվ Լետերմին հայ-բելգիական հարաբերությունների խորացման գործում կարեւորել է բելգիահայ համայնիքի դերը:


Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը եղել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի հետ:

Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։

Հանդիպմանը հաջորդած բրիֆինգում Եվրահանձնաժողովի նախագահն ասել է. «Շատ հետաքրքիր հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ես շնորհավորեցի նախագահ Սարգսյանին՝ տնտեսական ոլորտում բարեփոխումների իրականացման գործում նրա հանձնարարությունների համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ աջակցելու Հայաստանին թե՛ քաղաքականապես, թե՛ ֆինանսապես՝ գործողությունների համատեղ ծրագրի իրականացման համար»։ Նա նաեւ գոհունակությամբ նշել է, որ Եվրամիությունն առաջիկայում խորհրդատավական խումբ կուղարկի Հայաստան՝ բարեփոխումներին աջակցելու նպատակով, եւ, հույս է հայտնել, որ այն իրական եւ դրական ազդեցություն կունենա բարեփոխումների գործընթացի վրա։

Ժոզե Մանուել Բառոզոյի խոսքով, Եվրամիությունը ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ամրապնդել խաղաղությունն ու բարգավաճումը։ «Սա կարեւոր տարածաշրջան է Եվարամիության համար, եւ մենք ջանք չենք խնայելու համատեղելու մեր խոսքն ու գործը»,-ընդգծել է նա՝ ավելացնելով, որ գոհ է Կովկասում խաղաղության հաստատմանը միտված Թուրքիայի նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի դրական արձագանքից։ Ըստ նրա, Երեւանի եւ Անկարայի միջեւ ընթացող երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում անվտանգության առումով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը ցանկանում է մերձենալ Եվրոպային, եւ այս ճանապարհին ակնկալում է գործընկերների եւ, անշուշտ, նաեւ Եվրահանձնաժողովի աջակցությունը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր եվրոպական գործընկերները մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեն առեւտրի համար, ցանկանում ենք, որպեսզի մեր գործընկերները տեսնեն մեր տնտեսական զարգացումը, մեզ շնորհեն շուկայական տնտեսություն ունեցող պետության կարգավիճակ, ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Եվրամիության երկրների քաղաքացիները կարողանան ավելի հեշտությամբ շփվել, ցանկանում ենք Հանձնաժողովի հետ ունենալ ենթահանձնաժողով, ինչը հնարավորություն կտա առկա խնդիրները լուծել»,-շեշտել է Ս. Սարգսյանը։

Հանդիպմանը խոսվել է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային ուղիների զարգացման մասին:

← Վերադառնալ