04
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 4-ի առավոտյան հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական փոխգործակցության խորացմանը, միջխորհրդարանական համագործակցության եւ շփումների ակտիվացմանը, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի ընդգրկուն շրջանակ: Սենատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Հանրապետության նախագահը հանդիպել է նաեւ աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ:

Օրվա երկրորդ կեսին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն էր Նիկոլա Սարկոզիի հետ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների բանակցութունների օրակարգում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդի փուլին, հայ-թուրքական երկխոսությանը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ էր:

Երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների շարունակականության առթիվ եւ պայմանավորվածություն ձեռք բերել` շարունակել բարձր մակարդակի շփումները, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բարեկամության էլ ավելի խորացմանը:
Նախագահները դրական են գնահատել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների արձանագրված աճը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, կարեւոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում: Ֆրանսիայի Նախագահն իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին եւ հայ-թուրքական քաղաքական ընթացող երկխոսությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին` Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար:

Երկու երկրների ղեկավարները ընդգծել են նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի անգնահատելի դերը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական մի քանի առաջատար լրատվամիջոցների:

← Վերադառնալ