23
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նյու Յորք

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը եւ երկուստեք շահագրգռվածություն հայտնել հարաբերությունների հետագա խորացման համար:

Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հոլանդիայի կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար եւ ասել, որ տնտեսական փոխգործակցությունը լավ հեռանկարներ ունի, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է առաջիկայում աշխատանքներ տանել: Հոլանդիան Եվրամիության անդամ երկրների շարքում երրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով, իսկ Հայաստանը Համաշխարհային բանկի ՙՀոլանդական խմբի՚ անդամ է:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների վարչապետին` ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում դրսեւորած հավասարակշռված մոտեցման համար:

Սերժ Սարգսյանը Յան Պիտեր Բալկենենդեին տեղեկացրել է նաեւ իր հրավերով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի մասին: Նիդեռլանդների վարչապետը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացիկ երկխոսությունը: Անդրադառնալով Նիդեռլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումներին, Հոլանդիայի վարչապետը նշել է: "ՙՄենք, իհարկե, շատ լավ տեղյակ ենք ցեղասպանության խնդրին, կարեւոր է անկեղծ եւ ազնիվ լինել պատմության հետ":

Հոլանդիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` վրաց-օսական ճգնաժամի շրջանում Հոլանդիայի քաղաքացիներին ցուցաբերած աջակցության համար, ինչի շնորհիվ Վրաստանում գտնվող Հոլադիայի հարյուրավոր քաղաքացիներ հնարավորություն են ունեցել Հայաստանի տարածքով վերադառնալ հայրենիք:
Նախագահը Հոլանդիայի վարչապետին հրավիրել է այցելելու Հայաստան, ինչը հնարավորություն կտա առավել հանգամանալից քննարկելու երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացման եւ տնտեսական փոխգործակցության հեռանակարները:

* * *
Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցեր:

* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Նախագահները կարևորել են Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության հետագա խորացումը եւ նշել, որ այդ ուղղությամբ առկա է բավականին մեծ ներուժ, ինչի արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր:

Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը նկատել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` հայ և սերբ ժողովուրդները պատմամշակութային շատ ընդհանրություններ և փոխադարձաբար ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ:

Սերբիայի նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ- թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը համակարծիք են եղել, որ առկա խնդիրների բանակցային ճանապարհով հանգուցալուծումը, խաղաղության ու կայունության հաստատումը տարածաշրջանում կարևոր նախապայման է առաջընթացի, զարգացման և տարածաշրջանային նախաձեռնությունների կյանքի կոչման համար:

Սերբիայի նախագահն ընդգծել է այն առանձնահատուկ դերը, որ Սերբիայի հայ համայնքը կարող է ունենալ հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Բորիս Տադիչը Սերժ Սարգսյանին հրավիրել է` պաշտոնական այց կատարել Սերբիա:

* * *
Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լատվիայի միջև առկա հարաբերությունների ներկա մակարդակի առթիվ: Սերժ Սարգսյանը և Վալդիս Զատլերսը կարևորել են համագործակցությունը Եվրամիության Նոր հարևանության քաղաքականության շրջանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը ուսանելի է համարել եվրաինտեգրման ուղղությամբ Լատվիայի փորձը: Վալդիս Զատլերսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ օժանդակել Հայաստանին:
Հայաստանի և Լատվիայի նախագահները ընդգծել են երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների: Վալդիս Զատլերսը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է` այցելելու Ռիգա:

* * *
Սեպտեմբերի 24ին նախագահ Սերժ Սարգյանն այցելել է Նյու Յորքի ՙՄետրոպոլիտեն՚ թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է վաղ քրիստոնեության և բյուզանդական արվեստի ցուցասրահում, որտեղ Նախագահին ներկայացվել է ցուցադրվող միջնադարյան հայկական խաչքարը:

* * *
Օրվա երկրորդ կեսին իր կեցավայրում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ի պատասխան, պետքարտուղարը նշել է, որ Հայաստանը քաղաքական բարեփոխումներում արձանագրում է առաջընթաց, ինչը լավ հիմք է նման օժանդակության շարունակականության ապահովման համար:

Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով փոխզիջումային լուծման հարցում: Քոնդո¬լիզա Ռայսը կարևորել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, և ընդգծել, որ հիմնախնդրի նման հանգուցալուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանը:
Պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Նախագահին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար և հույս հայտնել, որ Թուրքիայի Նախագահի այցը Հայաստան և հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում:

Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը:

Սեպտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում


Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ:

Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ միջպետական հարբերությունների բարձր մակարդակը: Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմականորեն ձեւավորված փոխադարձ մեծ հարգանք են տածում միմյանց նկատմամբ: Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել կիպրահայ համայնքի դերը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ բարեկամության ամրապնդման գործում: Ս. Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին` հայկական համայնքի նկատմամբ տարվող մշտական պետական հոգածության համար:

Դ. Խրիստոֆիասի խնդրանքով Ս. Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ իր մոտեցումները: Կիպրոսի նախագահն էլ հայ գործընկերոջը տեղեկացրել է կիպրական խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող մանրամասները: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ պաշտոնական այցեր կատարելու վերաբերյալ:

* * *
Նախագահ Ս. Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի- Մունի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նախագահ Ս. Սարգսյանի ՙֆուտբոլային դիվանագիտությունը՚ եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան` պատրաստակամություն հայտնելով նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

← Վերադառնալ