28
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքայի այցը Յալթա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդը հուլիսի 29-ին Ղրիմում մասնակցել են հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի եւ կառավարության ղեկավարները, Ուկրաինայի հայկական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, հոգեւոր — աշխարհիկ այրեր:

Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել է Սուրբ Նշան եկեղեցու օծման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա իր խոսքում ասել է.

«Ես ուրախ եմ ձեզ հետ միասին ներկա գտնվելու հայկական Սուրբ Խաչ հինավուրց համալիրի հիմնադրման 650-րդ տարեդարձին նվիրված արարողությանը: Այս նշանակալից իրադարձությունը միավորել Է մեզ բոլորիս:

Ղրիմի թերակղզին միշտ եղել եւ մնում Է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, տարբեր դավանաքների հետեւորդների բնակության վայր:

Խորհրդանշական Է, որ այս հոբելյանը եւ վերականգնված տաճարի օծումը համընկել են նշանակալի եւ հանդիսավոր տարեթվի՝ Ռուսիայի մկրտության 1020-ամյակի հետ:

Հայաստանյաց Առաքելական եկեղեցին միշտ էլ առանձնահատուկ դեր Է խաղացել մեր ժողովրդի կյանքում: Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում հենց եկեղեցուն էր վիճակված ստանձնել առաջնորդության առաքելությունը հայ ժողովրդի պատմական ճանապարհին: Եվ պատահական չէ, որ աշխարհի որ մասում էլ հայերը գտնվելիս լինեն, նրանք միշտ կառուցել են եկեղեցիներ ու դպրոցներ: Կառուցել են եւ ստեղծագործել, պայքարել են ու գոյատեւել:

Արդյունքում՝ ի տարբերություն շատ հնագույն ժողովուրդների, հայերը շարունակում են ապրել ու արարել՝ աշխարհին ներկայացնելով իրենց մշակութային ժառանգության բազմազանությունն՝ արվեստի գործեր, որոնցից շատերը բարեկամության ու համագործակցության խորհրդանիշ են դարձել:

Սուրբ Խաչ համալիրը Ղրիմի հայերի հոգեւոր կենտրոնն է, հայկական առավել նշանակալի պատմական հուշարձաններից մեկը: Այսօր, երբ մեր շուրջը տեսնում ենք անհանդուրժողության, միջդավանական ու միջմշակութային հակամարտությունների ու դիմակայությունների հազարավոր օրինակներ, մենք վկան ենք դառնում այն բանի, թե ինչպես են ոչ թե խոսքով, այլ` գործով մեր ժողովուրդներն անկեղծորեն ու համոզվածությամբ վերադառնում իրենց պատմության այն ընդհանուր էջերին, երբ նրանք ոչ միայն գոյակցում էին աշխարհագրական նույն տարածքում, այլեւ` միասին արարում էին ու ստեղծագործում:

Սուրբ Խաչը ոչ միայն մեր հոգեւոր մշակույթի անքակտելի մասն է, այլեւ` Ղրիմի թերակղզու մարգարիտներից մեկը: Ցանկացած ճարտարապետական հուշարձան ներդաշնակ է միայն այն համատեքստում եւ այն լանդշաֆտում, որում այն ստեղծված է: Վստահ եմ, որ վերականգնված Սուրբ խաչ համալիրը կարող Է դառնալ Ղրիմի հիանալի տուրիստական երթուղիների հոյակապ լրացումը: Ես այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին առաջարկեցի՝ մեր արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել՝ համատեղ քայլեր ձեռնարկել Սուրբ խաչն ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ:

Մենք արդեն այս ուղղությամբ հաջող օրինակներ ունենք: Բոլորովին վերջերս Իրանում գտնվող հայկական երեք հուշարձաններ ընդգրկվեցին այդ ցուցակում:

Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի իշխանություններին` տաճարի վերականգնման ազնիվ աշխատանքի համար, Ղրիմի իշխանություններին, ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր իրականացրել են այս նախագիծը:

Ես կուզենայի շնորհավորել նաեւ Ուկրաինայում, եւ մասնավորապես Ղրիմում, բնակվող մեր հայրենակիցներին եւ շնորհակալություն հայտնել նրանց` եկեղեցու վերականգնմանն ակտիվ մասնակցելու համար:

Վստահ եմ, որ այսօրվա իրադարձությունն, ավելացնելով նոր էջ մեր ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամական հարաբերությունների փառավոր պատմության տարեգրության մեջ, խթան կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման համար ոչ միայն հումանիտար, այլ նաեւ` քաղաքական, տնտեսական եւ մեր համագործակցության մյուս ոլորտներում:

Վերականգնված Սուրբ Խաչ համալիրին ցանկանում եմ երկար տարիներ, որպեսզի հետագա 650 տարիները եւս այն շարունակի լինել ոչ միայն հավատի եւ հույսի տաճար, այլեւ` ժողովուրդների եւ կրոնների փոխըմբռնման, համաձայնության եւ բարեկամության խորհրդանիշ:

Շնորհավորում եմ բոլորին այս նշանակալից իրադարձության առիթով եւ ցանկանում եմ եւս մեկ անգամ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին` այս հրաշալի վանական համալիրի պահպանման ու վերականգնման, ջերմության ու գրկաբացության համար:


Այնուհետեւ Հանրապետության նախագահը եկեղեցուն նվիրել է Սուրբ Սեղանի խաչ, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Սեղանի խաչի կրկնօրինակն է:

Սուրբ Խաչը միջնադարյան հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից է, եւ ղրիմահայ գաղթօջախի հոգեւոր կենտրոնը, որը դարեր շարունակ եղել է տեղի աթոռակալ եպիսկոպոսների նստավայրը:

* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը այցելել են նաեւ Յալթայի Սբ Հռեփսիմե եկեղեցի, որտեղ նրանք հանդիպել են ղրիմահայ համայնքի հետ ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ուրախությունն է հայտնել Սբ Հռեփսիմե այցելելու եւ հանդիպման համար: «Եկել ենք միասին կիսելու մեր ուրախությունը, եկել ենք ասելու, որ դուք հայրենիք ունեք, եկել ենք ասելու, որ յուրաքանչյուր հարցում ձեզ օգնելու եւ սատարելու ենք»,-դիմելով ներկաներին` ասել է ՀՀ նախագահը եւ շարունակել. «Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատասխանատվություն է կրում հայ համայնքի առջեւ: Հայաստանն իր հերթին ձեր կարիքն ունի, ցանկանում ենք, որ ձեր հայացքն ուղղված լինի դեպի Հայաստան, վստահեցնում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում տեղ եւ անելիք ունի: Հայաստանում դուք տուն ունեք»:

ՀՀ նախագահը եւ Վեհափառ Հայրապետը ծանոթացել են եկեղեցուն եւ տարվող աշխատանքներին, այցելել հանրահայտ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի շիրմին:

* * *
Ղրիմի Ինքնավար Հանրապետություն կատարած աշխատանքայի այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ:

Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցն անցել է ջերմ բարեկամական մթնոլորտում:

Ուկրաինայի նախագահը վերահաստատել է իր հրավերը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին` 2008թ. վերջին եռամսյակում պաշտոնական այց կատարելու Ուկրաինա: Նախատեսվող պաշտոնական այցից առաջ կարեւորվել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումն, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հետագա համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ: Վ. Յուշչենկոն Ս. Սարգսյանին առաջարկել է պաշտոնական այցի շրջանակում լինել նաեւ Ուկրաինայի մարզերից մեկում:

Ս. Սարգսյանը եւ Վ. Յուշչենկոն ընդգծել են հայ-ուկրաինական տնտեսական կապերի հետագա աշխուժացման անհրաժեշտությունն, ինչին կնպաստի առաջիկայում հայ-ուկրաինական գործարար համաժողովի անցկացումը:

Կողմերը շեշտել են նաեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման եւ միջմարզային փոխգործակցության խթանման կարեւորությունը:

Նախագահների առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ հումանիտար ոլորտում համագործակցությանը, մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառներում առկա ներուժի ամբողջական իրացմանն առնչվող խնդիրներ: Նախագահ Վ. Յուշչենկոն ընդգծել է ուկրաինահայ համայնքի առանձնահատուկ ներդրումը հայ-ուկրաինական բարեկամական կապերի զարգացման եւ ամրապնդման գործում` պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու Ուկրաինայի հայ համայնքին հուզող բոլոր խնդիրները:
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը` Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման գործում ցուցաբերած պետական աջակցության համար:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային տարբեր խնդիրների:

← Վերադառնալ