05
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության խորացմանը եւ հումանիտար համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է ԱՊՀ անդամ պետությունների գործարար շրջանակների եւ մտավորականության ներկայացուցիչների միջեւ շփումների ակտիվացումը, գիտության ու կրթության ոլորտում կապերի խորացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նոր կարգավիճակում սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն էր: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել են երկու երկրների միջեւ դաշնակցային գործընկերության հետագա խորացման ձգտումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական փոխգործակցության զարգացման ներկա բարձր մակարդակի վերաբերյալ:

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահները համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել են մինչեւ հունիսի վերջ համաձայնեցնել Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման պայմանները:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Նախագահներն անդրադարձել են նաեւ առաջիկայում Նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցերին:

Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն էր Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ: Նախագահների հանդիպմանը նախորդել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարների մոտ մեկ ժամ տեւած հանդիպումը:

Հանդիպումը սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Առանձնազրույցը տեւել է մեկ ժամ, որից հետո նախագահներին կրկին միացել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Հայկական կողմը կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպման արդյունքները: Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները եւ արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են` ԵԱՀԿ համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները: Նախագահները նաեւ ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Այցի կոնկրետ ժամկետները կճշտվեն առաջիկայում:

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում:

Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 7-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Ֆորումի ուշադրության կենտրոնում են եղել համաշխարհային տնտեսությանը եւ տնտեսական զարգացման հեռանկարներին, արդիական մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող տարբեր խնդիրներ:

Պետական այրերի, միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, գործարար աշխարհի եւ ԶԼՄ ներկայացուցիչների ու փորձագետների լայն շրջանակների մասնակցությամբ տեղի ունեցած ֆորումում քննարկվել են նաեւ սննդամթերքի եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում գների բարձրացմանը, մարդկային կապիտալում ներդրումներին, ԱՊՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարներին, պետական ինստիտուտների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ