Ներհանրապետական այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,-պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։
Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։
Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։
***
Նոյեմբերի 1-3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հագեցած օրակարգով կգտնվի Սյունիքի մարզում, կայցելի մարզի խոշոր համայնքներ։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների:
***
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։
Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան։
Նախագահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում և ծանոթացել հավաքածուին։
Հանրապետության նախագահը նաև գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում:
***
Մարզային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց, որտեղ պահպանվում է նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը:
Դանիլեյան ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով արվեստանոցը վերակառուցվելու է որպես Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի՝ որտեղ կլինի արվեստագետի գործերի մշտական ցուցադրություն, ինչպես նաև տուն թանգարանը բաց կլինի տարբեր մշակութային միջոցառումների համար:
***
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։
Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրիի և Մեղրիի Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների:
Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է «Sunny Meghri» չրի գործարան։
Գործարանի տնօրեն Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ։
***
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է մարզի նոր կառուցվող մոդուլային զորամասերից մեկը։
Նախագահը ծանոթացել է ընթացող աշխատանքներին և զրուցել շինարարների, ինչպես նաև զինվորական ղեկավարության հետ, և հետաքրքրվել նոր տիպի զորամասերի կառուցման ընթացքից։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Ծավ գյուղ։
Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։ Այնուհետև, նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է դպրոց, ծանոթացել ընդհանուր հարմարություններին և զրուցել աշակերտների հետ։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Մեղրիի մաքսակետ:
Մաքսակետում նախագահին դիմավորել են ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և մաքսակետի աշխատակիցները:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել մաքսակետում, որի ընթացքում Կարեն Թամազյանը նախագահին է ներկայացրել մաքսակետի ընդհանուր իրավիճակը, կատարված և պլանավորված աշխատանքները:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղ։ Նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը։
Արարատ Խլղաթյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ծրագրերով գյուղում կառուցվող տիպային տները, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։
Այնուհետև Հանրապետության նախագահը շրջել է գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ։
Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է Ներքին խնձորեսկցիների հետ, պատասխանել նրանց հարցերին և տեղեկացել գյուղ հասնող ճանապարհի և այլ խնդիրների վերաբերյալ։
***
Սյունիքի մարզ այցելության ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գորիսի համայնքապետի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում: Նախագահին դիմավորել են համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:
Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:
Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել ուսանողների հարցերին: