05
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

Աշխատանքային այցի շրջանակում նախագահը հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցների և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել զինծառայողների հետ։ 

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրվա առթիվ հանդիպել է Վարդենիս համայնքի ուսուցիչների հետ։

Նախագահը ողջունելով ներկաներին շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ։ Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ձեզ ձեր պատասխանատու աշխատանքի համար: Մենք միշտ ունենք ձեր կարիքը: Ձեր աշխատանքն անգնահատելի է, և ես անձամբ իմ և կառավարության անունից վստահեցնում եմ Ձեզ մենք ձեր կողքին ենք։ Մենք նաև ունենք պարտավորություններ ձեր հանդեպ, ձեր աշխատանքը գնահատելու, աջակցելու առումով»:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ուսուցիչներին ներկայացրեց կրթության ոլորտում բարեփոխումների կառավարության առաջիկա միջոցառումներն ու դպրոցների, մանկապարտեզների կառուցման ծրագրերն, ինչպես Վարդենիս համայնքում, այնպես էլ ողջ հանրապետությունում։ Այնուհետև անմիջական միջավայրում նախագահը պատասխանեց մանկավարժներին հուզող հարցերին և շեշտեց, որ հնարավորությունների սահմաններում հետևողական է լինելու բարձրաձայնված խնդիրների լուծման հարցում:

Վարդենիս համայնքի մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպումից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Շատջրեք գյուղ, ծանոթացել համայնքում նոր կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին։

← Վերադառնալ