27
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Գյումրի

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը:

Հանրապետության նախագահը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, ԿԳՄՍ, ՏԿԵ փոխնախարարների, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքով, ծանոթացել նորարար ծրագրերին, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։

Նորաբաց ստեղծարարության և նորարարության, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները ձևավորվել են տեխնոլոգիական նոր լուծումներով և միտված են կրթություն ստանալն ավելի հաճելի դարձնելուն՝ ուսանողների ստեղծարար գաղափարներ գեներացնելու և քննարկելու, ստարտափ թիմեր ձևավորելու, համատեղ աշխատանքի և դրանք կյանքի կոչելու միջոցով:

Հանրապետության նախագահը ողջույնի խոսքով հանդես է եկել «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովին և ասել է, որ այն սպասելիքները, որ կար ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից գերազանցվել են։ Նա նշել է, որ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ իր համար շատ հաճելի և կարևոր է ներկա գտնվել համալսարանի համար նշանակալի այս միջոցառմանը։

«Ես չէի կասկածում, որ բոլորիս մի մեծ անակնկալ է սպասվում։ Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալ։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում։ Բոլորս շատ ենք խոսում կրթության կարևորության մասին, սակայն ամենակարևորն է, որ այն լինի նորարար և այն ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ նորարարական սկզբունքներով է ստեղծված»,- ասել է Հանրապետության նախագահը։

Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելն է։ «Մենք նավթ, գազ չենք ունենալու, և պետք է կարողանանք Աստծու տված շնորհքը, որը կրթվելն ու գիտության մեջ մեր ներդրումն ունենալն է, մեր նախաձեռնությամբ հանդես գալն է, լիարժեք օգտագործենք։ Այս առումով խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կրթության ապահովման համար, իրենց ուժն ու եռանդը չխնայեն երիտասարդ սերնդին բարձրորակ կրթություն տալու համար։ Այն ինչ կախված է պետությունից, կառավարությունից՝ հավատացե՛ք, ամեն ինչ արվել է և արվելու է։ Շատ բաներ կախված են նաև ձեր նախաձեռնություններից։ Մեր երկրում ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն հնարավորություն ունի իրականություն դառնալ գիտության ,արտադրության, յուրաքանչյուր բնագավառում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը՝ բոլորին մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին:

Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետարանում խորհրդակցություններ է անցկացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին, առաջնահերթություններին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։

***

 

Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։

Նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանը, այնտեղ գործող ընկերությունների աշխատանքին, իրականցվող նախագծերին։ Նախագահն այնուհետև մասնակցել է ծառատունկին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի վերանորոգման համար հայտարարվել է նախագծային գաղափարների մրցույթ։
 

← Վերադառնալ