Ներհանրապետական այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գյումրի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը:
Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնել երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:
Նրանք հատկապես կարևորել են պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը:
Հանրապետության նախագահը Շիրակի թեմի առաջնորդի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
***
Գյումրի աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ:
Հանդիպմանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Շնորհակալություն հայտնելով հայրենիքը պաշտպանելու և անձնուրաց ծառայության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատերազմում մեր զինվորը չի պարտվել, մեր ժողովուրդը չի պարտվել: «Գիտեմ՝ շատ դժվար ճանապարհ եք անցել, մարդ կա՝ 10 օրվա ընթացքում անցնում է 10 տարվա ճանապարհ: Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական արհավիրքի, դժվարության ու դժբախտության միջով է անցել, -ասել է նախագահը: -Այո , այս պատերազմում մենք պարտվել ենք, բայց երբեք ձեզանից որևէ մեկը թող իրեն պարտված չզգա։ Այս կյանքում երբեք չկան վերջնական հաղթանակներ և վերջնական պարտություններ: 26 տարի առաջ հաղթել էինք և ամեն օր արթնանում էինք՝ մտածելով, որ հաղթանակած ժողովուրդ ենք, քնում էինք՝ հաղթած մարդու հոգեբանությամբ: Հետո պարզվեց, որ ինչ-որ տեղ պարտվեցինք և շատ ծանր: Բայց պարտվել ենք ոչ ձեր մեղքով, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք:
1994-ին մենք հաղթեցինք, որովհետև մենք շատ շուտ կամավորներից բանակ դարձանք, որովհետև ոգին նույնն էր, բայց թշնամուց մի քանի տարով առաջ էինք մեր կազմակերպվածությամբ ու պատրաստությամբ, որովհետև այլ երկրներից Մոնթեի նման մարդիկ եկան, ովքեր ինչ-որ փորձառություն ունեին: Խորհրդային բանակից եկան գեներալներ, գնդապետներ, մայորներ և կամավորական հսկա ուժից սարքեցին բանակ:
Անցած տարիների ընթացքում պետք է պատրաստվեինք պատերազմին: Չգիտես ինչու, հավատացել էինք, որ այլևս պատերազմ չի լինելու, այն դեպքում, երբ թշնամին ամեն օր մեր սահմանի մյուս կողմում պատրաստվում էր այդ պատերազմին և չէր թաքցնում դա։
Իմ խորհուրդը ձեզ հետևյալն է՝ ձեր կյանքն առջևում է, և գուցե մի ուրիշ պատերազմ էլ է լինելու, որտեղ պետք է հաղթեք: Նորից եմ ասում՝ չկա վերջնական պարտություն, և դուք պարտված մարդիկ չեք, ձեր ոգին նույն տեղում է, և ձեզ նման հարյուրավորներ, հազարավորները կան, ժողովուրդը չի պարտվել»:
Նախագահը նշել է, որ պետության պարտավորությունն ու բոլորիս պարտքն է հոգ տանել պատերազմում զոհված հերոսների ընտանիքների, ինչպես նաև վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ու կամավորների մասին։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստակամ է հնարավորինս աջակցել նրանց խնդիրների լուծմանը: «Ձեր կյանքը դեռ առջևում է, չկա վերջնական պարտություն: Դժվար է, բայց պետք է պայքարեք: Ձեզանից յուրաքանչյուրն ընտանիք ունի, և այդ ընտանիքն ինչ-որ իմաստով նաև բախտավոր է, որ վերադարձել եք տուն,- ասել է նախագահը, միաժամանակ, վերստին իր խոնարհումը հայտնելով պատերազմում զոհված հերոսների հիշատակին: -Ձեր ընտանիքներին ուշադրություն դարձրեք, տատիկ-պապիկներից մինչև երեխաներ: Դա շատ կարևոր է: Երկրորդը՝ գտեք ձեր կյանքը, ձեզանից ամեն մեկն ինչ-որ մասնագիտություն ունի կամ դեռ սովորում է: Մենք նախագահականում նախորդ ապրիլյան պատերազմից տղաներ ունենք, որ մեզ մոտ աշխատում են: Դուք չեք պարտվել, և ձեր կյանքն ու հաղթանակներն առջևում են»:
Հանրապետության նախագահն ասել է, որ պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք, սթափ ու ճշգրիտ գնահատենք իրավիճակն ու մեր հնարավորությունները, ընդունենք առկա իրողությունները ու մտածենք ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:
Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշել է, որ հիմա ժամանակը չէ սևերի և սպիտակների բաժանման, «եթե պետք է գույն ընտրենք, ապա այդ գույնը եռագույնը պետք է լինի»։
«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք, ես՝ ձեզ հետ, դուք՝ ինձ հետ: Դժվար է, բայց առաջին անգամը չէ, որ դժվարություններ ենք տեսնում, -ասել է նախագահը՝ հիշատակելով 1988-ի երկրաշարժը: -Այնպես որ, պինդ եղեք, բոլորիդ առողջություն եմ մաղթում»:
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ:
Շուրջ երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման ավելի քան երկու տասնյակ մասնակիցները՝ գիտության, կրթության, մշակույթի, իրավական, գործարար, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց մտահոգությունները և տեսակետները, անդրադարձել առկա ճգնաժամը հանգուցալուծելու ուղիներին:
«Գալիս է մի պահ, երբ պետք է փորձես զգացմունքներդ մի կողմ դնել և, սառը մտածելով, ծրագրես, թե վաղն ինչ ես անելու,-ասել է նախագահը։ -Երբ մեծ կորուստ ենք ունենում, զգացմունքները մթագնում են մեր ուղեղը, առողջ դատելու ունակությունը, բայց ինչ-որ պահից հետո զգում ենք, որ, միևնույն է, կյանքը շարունակվում է, ու, ինչքան էլ դժվար է, պետք է որոշումներ ընդունես, որովհետև այդ որոշումներից ոչ միայն քո այսօրվա կամ վաղվա վիճակն է կախված, այլ նաև ուրիշների, ընտանիքիդ, քո ազգականների, ընկերների, իմ դեպքում՝ ավելի շատ, չնայած՝ ուղղակի պատասխանատվություն շատ հարցերում չեմ կրում, բայց, միևնույնն է, բեռը դրանից չի պակասում։ Ընդհակառակը՝ ավելի ծանր է, որովհետև հաճախ գիտես խնդիրը, դրա լուծումը, նույնիսկ ասում ես, բայց միևնույն է, լսող չկա։
Ժողովուրդը քվեարկել է և որոշել, որ խորհրդարանական պետություն ենք։ Նախագահական, խորհրդարանական, ո՞րն է լավ կամ վատ, երկրորդական է։ Եթե չունես հավասարակշռություններ և զսպման մեխանիզմներ, դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ պարզ դիկտատուրա։ Կարևոր չէ՝ այդ դիկտատորի անունն ինչ է՝ նախագահ է, վարչապետ է, թագավոր է, ինչ ուզում է լինի, եթե զսպման մեխանիզմներ և հավասարակշռումներ չկան։ Իսկ մեր Սահմանադրությունը չունի»։
Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ խորը փոսի մեջ ենք, որը կարող է ավելի խորանալ։ «Հստակ է, որ ավելի են խորանալու է մեր տնտեսական դժվարությունները, առողջապահական վիճակը՝ կապված կորոնավիրուսի հետ: Հստակ է, որ ունենք մեծ ժողովրդագրական խնդիր և եթե չկարողանանք որոշ հարցեր լուծել կամ ժողովրդի մեջ հույս արթնացնել, թունելի վերջում լույս ցույց տալ, շատերը հեռանալու են երկրից։ Հեռանալու են մտավորականները, հատկապես երիտասարդ մասնագետները:
Մյուս խնդիրը հումանիտարն է, որովհետև մենք ունենք մեծ թվով անտուն մարդիկ, որոնք եկել են Արցախից։ Մենք չենք տեսնում, որ համապատասխան ծառայությունները անում են բավարար աշխատանք, որպեսզի այդ հարցը լուծվի։
Վիճակն ավելի ծանր է, քան մենք խոսում ենք, որովհետև մենք 30 տարվա ընթացքում հսկայական խնդիրներ ենք կուտակել,-ասել է նախագահը։ -Եկեք միասին մտածենք՝ ինչպես ենք հասել այստեղ։ Այսօր հսկայական խնդիր ունենք պետական ինստիտուտների չաշխատելու հետ կապված։ Այսքան տարիներ մեր բոլոր պետական ինստիտուտներն անձնավորվել են։ Մենք ինչպե՞ս էինք պատրաստվում պատերազմում հաղթել, եթե պետական ինստիտուտները ոչ կարողանում են համագործակցել, ոչ նորմալ պարտականությունները կատարել, չկա կարգապահություն։
26 տարի առաջ մենք փառահեղ հաղթանակ ունեցանք։ Պատճառները բազմաթիվ են՝ մարդկանց ոգին է, որն այսօր էլ կա։ Ես վիրավոր զինվորների հետ հանդիպեցի, նրանք ֆենոմենալ ոգի ունեն, նրանք պատերազմում չեն պարտվել։ 1994-ին մենք հաղթեցինք, որովհետև շատ շուտ կամավորներից բանակ դարձանք և թշնամուց մի քանի տարով առաջ էինք մեր կազմակերպվածությամբ ու պատրաստությամբ, որովհետև այլ երկրներից Մոնթեի նման մարդիկ եկան, ովքեր ինչ-որ փորձառություն ունեին: Խորհրդային բանակից եկան գեներալներ, գնդապետներ, մայորներ և կամավորական հսկա ուժից սարքեցին բանակ, մի քանի տարով թշնամուց առաջ էինք, դրա համար հաղթեցինք։ Իսկ հիմա մի քանի տարով հետ էինք։
Ժողովրդագրական իմաստով 26 տարի ի՞նչ ենք արել։ Ինչո՞ւ չկարողացանք Արցախի բնակչությունը գոնե կես միլիոն դարձնել, չեմ ասում՝ մեկ միլիոն։ Մեկ միլիոն բնակչություն լիներ, պատերազմ չէր լինելու, որովհետև ոչ ոք չի գնում պատերազմելու այն տարածքներ, որտեղ մեկ միլիոն մարդ է ապրում։ Եկեք մտածենք՝ ինչպե՞ս եղավ, որ 26 տարի ունեինք, մտածում էինք՝ հաղթել ենք, հարցը լուծված է, երբ թշնամին ամեն օր զենք էր առնում, հայտարարում էր՝ գալու եմ վերցնեմ, ու մենք դա արհամարհում էինք․․․
Կարելի է նորից կոնսպիրացիաների անցնել, որ մեծ տերությունները արեցին, բայց եկեք մեզ նայենք։ Եթե այսպես ենք շարունակելու, որ մեր բոլոր հարցերը լուծվում են ինչ-որ տեղ, այլ մոլորակի վրա… Այո, մեծ տերություններն ունեն իրենց շահերը, մեր խնդիրն է պարտադրել մե՛ր շահերը»։
***
Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:
Առաջնային համարելով երկրի շահը՝ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Ինձ համար կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպել է վարչապետին, նաև ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել և փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։ «Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է և հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք և այլն։
Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։
Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երևի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, և այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։
Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։
«Մենք ունե՞նք առաջիկա ծրագրեր, քայլեր։ Հիմա պետության փրկության հարցն է դրված... »․ մասնակիցներից մեկի այս հարցադրմանը պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Ես իմ կարծիքն արտահայտել եմ։ Կա իրավական մեկ ճանապարհ։ Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառավարությունը փոխվի։ Սա նախ և առաջ հենց վարչապետին է պետք։ Սրանից հետո ամեն օր խնդիրներ են լինելու, տեղահանվածների, ուտելիքի, վառելիքի, կորոնավիրուսի և ուրիշ հազար ու մի խնդիրներ։ Այս երեխաները, որ վիրավոր վերադարձել են, վաղը որտե՞ղ են աշխատելու, ո՞ր տնտեսության մեջ։ Բնական է՝ այդ բոլոր հարցերը ուղղվելու են կառավարությանը։
Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես երիտասարդները։
Մեկ բան հստակ է՝ չպետք է սուտ խոսենք, չենք կարող ասել՝ ընտրություններ արեցինք, բայց չանենք, կառավարություն ունենք, որին վստահում ենք, բայց իրականում չենք վստահում, Սահմանադրություն ունենք, որ ուրախ ենք, բայց իրականում ուրախ չենք, Ընտրական օրենսգիրք ունենք... Մենք պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք այնպես, որ հավասարակշռված լինի։ Պետք է ձեր ընտրած պատգամավորին ճանաչեք անձամբ։ Նա պետք է պարտավոր լինի հանդիպել իր ընտրողների հետ, ներկայացնել իր արածները։
Մենք պետք է ունենանք ժամանակ, որ փոփոխություններ անենք։ Միևնույն ժամանակ, այսօր մեզ պետք է շատ արագ վերադարձնել հաղթական ոգին»։
«Ի՞նչ անեմ ես, որպես ուսուցիչ, այսօրվա իրականության մեջ»․ հանդիպմանը ներկա մանկավարժներից մեկի հնչեցրած այս հարցադրմանն ի պատասխան՝ նախագահն ասել է, որ ուսուցիչն անում է ամենակարևոր բաներից մեկը՝ երեխաներին է կրթում։ «Այդ երեխաները 10, 20 տարի հետո գուցե նույնիսկ չեն իմանալու՝ այսօր ինչ է կատարվել, մեր երիտասարդներից շատերը չեն հիշում 1988-ը կամ 1990-ականների պատերազմը ։ Սակայն շատ էական է, որ այդ երեխաները, որոնք այսօր ձեր աշակերտներն են, լինեն առողջ և՛ մարմնով, և՛ հոգով ու ճիշտ գիտելիք ստանան,-ասել է նախագահը։ -Դուք ամենակարևոր գործերից մեկն եք անում երկիրն առաջ տանելու համար։ Մեր բոլոր փոփոխությունները պետք է դպրոցից սկսվեն։ Ուսուցիչ բառն ինձ համար նույնքան կարևոր է, ինչպես Գյումրիի համար վարպետն է կամ ուստան։ Վարպետը կամ ուստան միայն այն մարդը չէ, որ ատաղձագործ է, նա նաև մեկն է, որ աշակերտներ ունի, դպրոց է սարքում։ Դուք ձեր գործի վարպետը կամ ուստան եք։
Կա երկու շատ կարևոր խնդիր՝ մարդկանց առողջությունը և կրթությունը, մնացած ամեն ինչը դրանց հետևանքն է։ Դուք առաջնագծում եք գտնվում, պետք է ամեն ինչ անեք, որ երեխաները լավ կրթություն ստանան, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ այն դասագրքերը, որ օգտագործում եք, լավը չեն։
Կրթությունն ամենակարևոր բանն է։ Նորից եմ ասում՝ դուք պետք է անեք այն, ինչ անում եք։ Դուք պետք է շարունակեք կրթել երեխաներին, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։
Դուք չեք պատկերացնում մեր փոսի խորությունը, բայց միևնույնն է, այդ երեխաները չպետք է տանջվեն, նրանք պետք է կրթություն ստանան»։