Ներհանրապետական այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Չինարի սահմանամերձ գյուղ:
Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կիզակետում էր և ենթարկվել էր հրետակոծության հակառակորդի կողմից:
Նախագահ Սարգսյանն այցելել է Չինարիի դպրոց, որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Նախագահ Սարգսյանի որդիների՝ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվությամբ դպրոցին հատկացվել են գույք (սեղաններ, աթոռներ, պահարաններ), ինչպես նաև համակարգչային տեխնիկա: Դպրոցների աշակերտներին համակարգչային տեխնիկայով ապահովելու ծրագիրը, որն իրականացնում են Հայկ և Վարդան Սարգսյանները, նպատակ ունի Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի երեխաներին կապել Սփյուռքի իրենց հասակակիցների հետ, շփումներ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի կրթական հաստատությունների ու սաների միջև: Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում Չինարիի դպրոցը և դպրոցականները ևս հնարավորություն կունենան կապեր հաստատել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցների և աշակերտների հետ՝ սկսելով յուրօրինակ համագործակցություն:
Կարևորելով երեխաների հանդեպ մշտական ու շարունակական ուշադրությունը՝ Հանրապետության նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ, և՛ որպես Սարգսյան ընտանիք։ «Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան, ինձ ասեք։ Խոսքը նաև գյուղին է վերաբերում»,-նշել է նախագահը: Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի դպրոցի ջեռուցման խնդիրը:
Նախագահ Սարգսյանը շրջել է դպրոցում, առանձնակի ջերմությամբ զրուցել իր վաղեմի փոքրիկ բարեկամների՝ չինարեցի երեխաների հետ, որոնց հանդիպել էր անցյալ տարի, նախ՝ կրկին Չինարիում, ապա՝ իր նստավայրում:
Մարզի, գյուղի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ զրույցում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահ տավուշցիներին' մեր զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար:
Միևնույն ժամանակ, նախագահն ասել է, որ մարդիկ, որոնք ապրում են այս գեղեցիկ բնաշխարհում, շատ ավելի խորն են ու բնական, քան մեզնից շատերը։ «Այստեղ դրախտ է: Մարդիկ դրախտում են ապրում, իսկ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն, որ դրախտը մեր կողքին է,- ասել է նախագահը՝ հորդորելով գալ ու տեսնել այն, որովհետև հայրենասիրությունը հայրենիքի սահմանները պաշտպանելուց բացի նաև հայրենիքը ճանաչելն է։ -Այս դրախտի մեջ նաև հսկայական կրթական դրախտ կա՝ մեր ժողովրդի պատմությունը, ժառանգությունը»: Այդ համատեքստում նախագահը ներկայացրել է մեր հաջողության բանաձևը, որը շատ պարզ է։ «Մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին ենք, միասնական Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,- ասել է նա: -Ես շատ լավատես եմ և վստահ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք մեր միասնականությամբ։ Մեր հանճարները պարբերաբար ասել են այս մասին։ Մենք դպրոցում մեր ազգային միասնության մասին բանաստեղծություններ ենք անգիր սովորում։ Սակայն կարծում եմ՝ դրանք արտասանելուց, իմանալուց, գիտակցելուց, վերլուծելուց այն կողմ, կա նաև պարզապես զգալու խնդիր, որ քո կողքի հայ մարդը քո եղբայրն է կամ քույրը։ Այդ դեպքում այս կյանքում ոչ ոք քեզ չի կարող հաղթել։
Այն մարդկայինը, որ մենք ունենք մեր հարևանի, ընկերոջ, համագյուղացու նկատմամբ, շատ մեծ արժեք ունի։ Այդ արժեքը հաճախ չի գնահատվում, չենք գնահատում այն, թե ինչ հարստության մեջ ենք ապրում, որը մարդկային հարստությունն է, մեր բնությունը»:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Չինարիի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ իրենց կարևոր առաքելության համար, նախագահ Սարգսյանը նշել է, որ սահմանամերձ գյուղում ուսուցիչ, տնօրեն կամ գյուղապետ լինելը միայն աշխատանք չէ, այլև առաքելություն է։ Հանրապետության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել չինարեցիներին և բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ ընդգծելով, որ մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի բարձր մարտական պատրաստականության, այնպես էլ սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ:
***
Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ ծառայության, հայրենասիրության ու նվիրումի, բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ նրանք են մեր այսօրվա հերոսները:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։ Նախագահը նշել է, որ պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։
***
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք: Սահմանամերձ այս քաղաքում Հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս:
Անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կրակոցներ էին արձակվել նաև այս գործարանի ուղղությամբ:
Շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը,
կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, վերջին ամիսներին զբաղված է նաև բժշկական դիմակների արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է արտադրամասում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել արտադրության ընթացքին ու ծավալներին:
Ընկերության ղեկավարները ներկայացրել են ձեռնոցների արտադրության ամբողջական ընթացքը, նշել, որ դրանց հիմնական խմբաքանակը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ: Նրանք ներկայացրել են նաև արտադրամասերի և արտադրության ծավալների ընդլայնման ուղղությամբ ծրագրերն ու աշխատանքները, նշել, որ շուտով սահմանամերձ ևս մեկ գյուղում՝ Պառավաքարում, իր գործունեությունը կսկսի «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի նոր արտադրամասը: