Ներհանրապետական այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախագահն այցն սկսել է Ակնաշեն համայնքից, որտեղ հյուրընկալվել է Էլմիրա Կարապետյանի բազմազավակ ընտանիքում: Ընտանիքի 7 անչափահաս երեխաներից 6-ը դպրոցական են: Ընտանիքի հայրը մահացել է 2017 թվականին, մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, միայնակ է մեծացնում երեխաներին ու հոգում ընտանիքի կարիքները:
Նախագահ Սարգսյանը ծանոթացել և զրուցել է երեխաների հետ: Նրանք պատմել են իրենց ուսման, նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին: Տիկին Էլմիրա Կարապետյանը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս երեխաների կրթությանը և ամեն ինչ անում է, որպեսզի սոցիալական խնդիրները չխոչընդոտեն երեխաների կրթություն ստանալուն: Նա շնորհակալություն է հայտնել նախագահին՝ իրենց չմոռանալու և այցելելու համար։
«Ես եմ ձեզ շնորհակալ, որ այսպիսի հոյակապ երեխաներ ունեք: Ամեն երեխա Աստծո պարգև է: Վստահ եմ, որ կանցնեն տարիներ և այս երեխաներից յուրաքանչյուրը ոտքի է կանգնելու, արդյունքում՝ ավելի մեծ ընտանիք եք ունենալու, որն ուրախությամբ է լցվելու, -ասել է նախագահը:-Մաղթում եմ, որ երեխաները նախ և առաջ լինեն առողջ, լավ սովորեն: Վստահ եղեք, որ մեր երկրում ձեր նկատմամբ ուշադրությունն ամեն տարի պետք է բարձրանա»:
Նա շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ և ընտանիքի երեխաներին հաջորդ տարի հրավիրել նախագահի նստավայր՝ միասին Ամանորը նշելու:
Նախագահի աշխատակազմի կողմից ընտանիքին նվերներ են փոխանցվել, ինչպես նաև հանձնվել են այն նվերները, որոնք երեխաները խնդրել էին Ձմեռ պապից:
***
Աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց և More for Metsamor («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում հանդիպում ունեցել աշակերտների և քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից դպրոցում այս տարվա նոյեմբերից իրականացվող More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է: Այն նպատակ ունի դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձևավորման գործում: Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաև գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, խոսել Հայաստանի ապագայի համար գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին:
«Բոլորիդ չեմ առաջարկում, որ անպայման զբաղվեք գիտությամբ ու նոր տեխնոլոգիաներով: Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ բոլորը գիտնական են: Իմ խորհուրդն է՝ զբաղվեք նրանով, ինչով կարող եք բացահայտել ձեր տաղանդը, ցանկությունը, ձեր վերաբերմունքը կյանքին,-դիմելով աշակերտներին ասել է նախագահը:-Կյանքում ինչ էլ անեք՝ արեք մեծ հաճույքով, քանի որ եթե որևէ բան ստիպված եք անելու, ապա դա ձեզ համար դառնալու է մեծ բեռ, և դժվար է՝ մեծ բեռ տանելով, հաջողությունների հասնել: Ճիշտ հակառակը, եթե դու ունես տաղանդ, շնորհք և հաճույքով ես անում քո գործը, ապա անպայման հաջողության կհասնես»:
Նա ընդգծել է, որ ցանկացած երեխա ի ծնե օժտված է տաղանդով, և կարևոր է, որ հարազատներն ու ուսուցիչները բացահայտեն ու գտնեն այն: «Ձեզնից յուրաքանչյուրը տաղանդ ունի, և դուք այս տարիքում պետք է կարողանաք գտնել այն և հասկանաք, թե ինչ եք ուզում: Մի՛ վախեցեք սխալվելուց, քանի որ կյանքը միշտ ձեր սխալները կուղղի, ձեզ ճիշտ ճանապարհով կտանի: Ինքներդ ձեր նկատմամբ ազնիվ եղեք, երբեք մի փորձեք ինքներդ ձեզ խաբել,-նշել է նախագահը: -Մի մտածեք, որ գիտնական պետք է դառնաք միայն այն պատճառով, որ ձեր ծնողները եղել են գիտնականներ, փորձեք գտնել ձերը»:
Խոսելով նոր տեխնոլոգիաների և դրանց դերի մասին` նախագահ Սարգսյանը նկատել է, որ 21-րդ դարում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: «Ինչով էլ զբաղվեք այս կյանքում՝ նոր տեխնոլոգիաների հետ եք շփվելու, հետևաբար պետք է գրագետ լինեք: Նույնը վերաբերում է նաև մեր երկրին: Ինչ-որ իմաստով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք սպառող երկիր են: Եթե ուզում ենք մեր երկիրը հաջողի, ապա պետք է ոչ թե սպառող լինենք, այլ առաջարկող,-ասել է նախագահը և ավելացրել:- Կարող է շատերին թվալ, թե սա երազանք է, բայց մեր ժողովուրդը կարող է դա անել, որովհետև մենք բազմիցս ենք տեսել, որ հայկական ծագում ունեցող մարդիկ աշխարհի տարբեր երկրներում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ են: Ինչո՞ւ նույն մարդիկ կամ նույն գենետիկ ծագում ունեցող մարդիկ չեն կարող լինել իրենց սեփական երկրում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ: Սկզբունքորեն կկարողանանք, եթե մենք բոլորս միասին որոշենք, որ այդ ոլորտը պետք է զարգացնենք: Դա մեկ հոգու, նախագահի, վարչապետի, նախարարի աշխատանքով չի ստացվի, որովհետև խնդիրը հսկայական է՝ Հայաստանը բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Մարդիկ կարող են զրոյից սկսել ու հասնել հաջողության: Դրա համար պետք է կարգապահություն, նպատակասլացություն, հստակ տեսլական, հստակ ծրագիր և համապատասխան փոփոխություններ»:
Նախագահին հարց է ուղղվել նաև մեր երկրում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Նա ընդգծել է, որ երկիրը 21-րդ դարում մրցունակ դարձնելու համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, այդ թվում՝ կրթության բարձր մակարդակ, ազատ, իրենց ուժերի վրա վստահ երիտասարդներ: «Կարևոր է Հայաստանը դարձնել մի վայր, որտեղ բացի լավ կրթությունից, ստարտափից, ներկա լինեն հայտնի միջազգային ընկերություններ, որոնք իրենց փորձով, գիտելիքներով կկիսվեն մեզ հետ»,-նշել է նախագահը:
Ներկայցնելով նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ այն ունենալու է նաև երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», որտեղ ցանկացած երեխա կտեսնի, թե ապագան որտեղ է:
Նա ընդգծել է, որ փոքր երկիրը կարո՛ղ է իր հնարավորությունների ու կարողությունների շնորհիվ ուժեղ ու առաջադեմ լինել. «Փոքր երկիրը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև ուժեղ ու առաջադեմ, և մենք այդպիսի երկիր ենք ուզում կառուցել»:
***
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպել են մի խումբ երիտասարդ զինհաշմանդամների հետ: Երիտասարդները հիմնականում վերջին տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամներն են, որոնք, սակայն, կարողացել են հաղթահարել դժվարությունները և տարբեր ոլորտներում կայացել են որպես մասնագետներ:
«Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կյանքի, իրենց ոգով, այն հերոսական հաղթանակով, որ պարգևել են մեզ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Դուք բոլորդ հաղթած բանակի զինվորներ եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապես ունենք մեր տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը: Բանակը հզոր է նաև իր ոգով: Երբ բանակը կառուցվում էր, ձեր հայրերը և պապերը կանգնեցին ի պաշտպանություն հայրենիքի և Արցախի ու հաղթեցին: Այդ հաղթանակի ոգին ուղղակիորեն փոխանցվում է հաջորդ սերնդին, այն ուղղակիորեն է փոխանցվել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել եք ձեր ծնողներից, այն ոգով և այն ուժեղ կամքով, որ ժառանգել եք ձեր հայրերից, պապերից, մայրերից և տատերից: Դուք հայրենիքին տվել եք ձեր կյանքն ու առողջությունը, դուք պայքարել եք կյանքի համար և հաղթել եք, անցել եք դժվարությունների միջով և ձեր ներսում պահել եք կյանքի հանդեպ հավատը. ձեր կյանքը իմաստավորված է»:
Նախագահն էական է համարել, որ վերադարձից հետո յուրաքանչյուր զինվոր իր տեղը գտնի կյանքում: «Շատ էական է, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա կյանք և գտնի իր տեղն այս կյանքում, հասարակության մեջ, ապրի արժանապատիվ կյանքով: Հույս ունեմ, որ վերադարձած զինվորը, անկախ նրանից՝ ինչ վիճակում է վերադարձել, ամբողջապես կինտեգրվի հասարակությունում և ունակ կլինի վերադառնալ բնականոն կյանքն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Կրկին կոչ եմ անում բոլոր պետական և ոչ պետական տարբեր կառույցներին՝ ամեն ինչ անել՝ իրենց մեծ աշխատանքային ընտանիքում ընդունելու այն հերոսներին, որոնք ցանկություն ունեն և կարող են իրենց ներդրումն ունենալ այդ աշխատանքում»:
Նա նշել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում կան երիտասարդներ, որոնք հերոսաբար պայքարել են, ֆիզիկական դժվարություններ ունեն, բայց լիարժեքորեն կարողանում են իրենց ներդրումն ունենալ աշխատակազմի գործունեության մեջ:
«Ժամանակն է, որ դուք վերադառաք լիարժեք կյանքի: Դուք հերոս եք եղել ռազմի դաշտում, վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հերոս կլինի նաև աշխատավայրում,-ընդգծել է նախագահը:-Դուք մեր պարծանքն եք, մեր պահապանն ու պաշտպանը, բայց այսօր նաև՝ մեր գործընկերն եք: Ձեզնից յուրաքանչյուրը դեռ շատ անելիք ունի հայրենիքի համար, ձեր մեծ հաջողություններն առջևում են»:
Հանդիպումից հետո Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հայրապետական մաղթանք՝ հայրենքի խաղաղության և անսասանության համար։
Անուհետև նախագահն ու Վեհափառ Հայրապետը ճաշել են երիտասարդների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ և փոխանցել իրենց բարեմաղթանքները: