Ներհանրապետական այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գյումրի
1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։
Քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Պատարագին ներկա են եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բազմաթիվ գյումրեցիներ։
Այնուհետև նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նախագահությամբ կատարվել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ։
***
«Ժամանակն է, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք ավելի քան 30 տարի, այն ջերմությունը, հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության, ձեր արժանապատվության հանդեպ, վերադարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից»,-Գյումրիում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել, որ այս տարիների ընթացքում և՛ գյումրեցիները, և՛ սպիտակցիները, և՛ վանաձորցիները համբերատար տարել են իրենց բեռն ու դժվարությունը՝ սպասելով, հավանաբար, այն օրվան, երբ բոլորս միասին կկարողանանք մեր հայացքն ամբողջությամբ ուղղել դեպի իրենց։
«Երեկ ես բախտ ունեցա մեր երիտասարդ գյումրեցիներին լսելու և ուղղակի ամբողջ հոգով ուրախանալու։ Դուք ունեք այն, ինչ ունեցել եք, այն մեծ տաղանդը, սերը հայրենիքի, երաժշտության, արվեստի նկատմամբ, որով միշտ Գյումրին հայտնի է եղել։ Այն երբեք չի կորել»,-ասել է նախագահը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու Գյումրին վերակառուցելու համար պահանջվեց 31 տարի, նախագահ Սարգսյանը նշել է, որ չպետք է նաև մոռանալ պատմությունը․ 1988-ի հսկայական ողբերգության կողքին կար Արցախի ազատագրության հարցը, նորանկախ պետության կայացման գործընթացը և մեր ազգային ազատագրական շարժումը։
«1990-91 թվականներ, պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է և՛ սովորեր, և՛ կառավարեր երկիրը...Սկիզբը շատ դժվար է եղել, և գնահատանքի են արժանի մեր բոլոր հայրենակիցները, որոնք այս 31 տարիներին ապրել են այստեղ՝ Հայաստանի հյուսիսում, կորցրել են իրենց ազգականներին, հարազատներին, իրենց տունն են կորցրել, ապրել են տնակներում, անբնական պայմաններում... Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միևնույն է, քաղաքը կենդանի չի եղել, որովհետև մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գնելով չեն ապրում, եթե աշխատանք չկա, եթե ընդհանուր մթնոլորտ չկա, եթե ուրախություն չկա, եթե չկա վայր, որտեղ կարող են բոլորը միասին հավաքվել և իրենց երեկոն անցկացնել։ Այս քաղաքը, Վանաձորը և Սպիտակը ոգի են ունեցել, ոգի են ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, և այդ ոգին կարծես սառել էր։ Գուցե մեղավոր ենք բոլորս, որ ինչ -որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք ներդրել Գյումրիում,-նշել է նախագահը։ -Հիմա ես Հանրապետության նախագահն եմ, կա նոր կառավարություն, և ընդհանրապես, կարծում եմ, մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա մեր կյանքի և արժեքների նկատմամբ։ Հիմա մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք: Ես փորձում եմ մեր բոլոր հայրենակիցներին բացատրել, որ Հայաստանը միայն Երևանը չէ։ Հայաստանը մեր ամբողջ երկիրն է։ Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որ յուրաքանչյուր հայ՝ արտասահմանում հանգիստը և Ամանորը անցկացնելու փոխարեն գա Գյումրի։ Գյումրին առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք, և՛ ամեն ինչ։ Եկեք կառուցողական մոտենանք հարցին, որպեսզի սրանից ևս տասը տարի հետո չասենք, թե ինչու չարեցինք»։
Նա հիշել է որպես Հայաստանի վարչապետ իր առաջին այցը Գյումրի․ «Երբ վարչապետ դարձա, թեև շատ երիտասարդ էի, բայց նաև շատ փորձ ունեի և շատ բան էի տեսել։ Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել և վատ էին ապրում։ Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին։ Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ՝ որպեսզի հյուրասիրի։ Նա իր սիրտը բացեց և իր ունեցածը կիսեց ինձ հետ։ Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ դարձա ինձ համար, և երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի։ Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ, մնամ այստեղ»։
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։
Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ. նախագահ Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին։
Հանրապետության նախագահը ծանոթացել է այս հիվանդանոցում աշխատող երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։
Գյումրիի Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991թվականից՝ Ավստրիայի Հանրապետության կողմից տրամադրված միջոցներով: 2006 թվականից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:
***
Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «ԼՕՖԹ» կենտրոն, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում է առաջնորդության և հաղորդակցության դասընթաց քաղաքի սկսնակ ձեռներեց կանանց համար։
Դասընթացի կազմակերպիչ, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ներկայացնելով ծրագիրը, հույս է հայտնել, որ դասընթացներն օգտակար կլինեն և կին ձեռներեցներին հնարավորություն կտան նոր հմտություններ ձեռք բերել ու ավելի զարգացնել իրենց ընկերությունները։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Իսկապես հավատում եմ, որ հնարավորություններն այսօր մեր երկրում մեծ են: Կարևոր է, որ ինքներդ ձեզ հավատաք, դա շատ էական է»։
Նախագահի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ տարբեր երկրներում հասարակությունները կարողացել են գոյատևել, որովհետև կանայք ավելի պրագմատիկ, ավելի ամուր են եղել և կարողացել են թե՛ իրենց ընտանիքը, թե՛ իրենց համայնքն ու հանրությունը ամուր պահել։ «Խոսվեց կանանց պաշտպանության, ընտանեկան կամ այլ դժվարությունների մասին: Կարծում եմ՝ մենք այդ ամենը կհաղթահարենք, և դրա ճանապարհներից մեկը մեր ազգային արժեքներն են,֊ նշել է նախագահը, ֊քանի որ մեր ազգային արժեքները, մեր ընտանիքներն իրենց խորքում, իրենց արմատներում ունեն այն բոլոր արժեքները, որոնք բերում են ընտանիքի կայունության»։
Նախագահ Սարգսյանը զրուցել է դասընթացի մասնակից ձեռներեց կանանց հետ, պատասխանել նրանց հարցերին, լսել նրանց պատմություններն ու դիտարկումները։ Նա նշել է, որ հայ կանայք նաև առավելություն ունեն, որովհետև ընտանիքները կարող են նրանց նեցուկ լինել իրենց ձեռնարկումներում։ «Գյումրին այսօր կա և ապրում է նաև կանանց շնորհիվ, քանի որ կանայք չհուսահատվեցին ու ամուր մնացին։ Մենք պետք է հնարավորինս աջակցենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարողանա գտնել իր մեջ եղած միգուցե թաքնված տաղանդն ու այն իրացնել։ Վստահ եղեք և առանց վախենալու առաջ գնացեք»,-դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասել է նախագահը։
Նա Ասիական զարգացման բանկին առաջարկել է հիմնել հատուկ հիմնադրամ՝ ֆինանսավորելու կանանց ստարտափները։
Համաձայնելով ներկաներից մեկի այն դիտարկմանը, որ ցանկացած ծրագիր կամ բիզնես իրականացնելու համար ամենակարևոր գործոնները երկրում խաղաղությունը, կայունությունն ու օրենքի գերակայունությունն են՝ նախագահ Սարգսյանը կարևորել է օրենքի գերակայությունն ու պայքարն արատավոր երևույթների դեմ։ Այդ համատեքստում, նա մասնավորապես անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ պայքարի բազմաթիվ ձևեր կան, սակայն ամենակարևորը նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։ «Որպեսզի օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը։
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոն։
Այն 1988-ի երկրաշարժից ավերված կառույցներից հավաքած, ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, Սարիղամիշի փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված յուրօրինակ համալիր է:
Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել «Շալե Գյումրիի» պատմությանը։ Կենտրոնի պատերին ներկայացված է հին Գյումրիի պատմությունը: Բացառիկ լուսանկարները, գրքերն ու ամենատարբեր իրերը այցելուներին «պատմում» են քաղաքի անցյալի մասին:
«Շիրակ կենտրոն» ՀԿ֊ն, նրա ղեկավար Վահան Թումասյանի խոսքով, տնակներում բնակվող երեխաների համար իրականացնում է սոցիալական տարբեր նախաձեռնություններ։ Նախագահ Սարգսյանը հանդիպել ու զրուցել է տնակներում բնակվող երեխաների հետ, նրանց նվերներ հանձնել ու հրավիրել նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորի տոնակատարություններին։
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ ջերմ հյուրընկալության արժանանալով իր համար վաղուց հարազատ դարձած այդ վայրում․ Գյումրիում գտնվելիս Արմեն Սարգսյանը գրեթե միշտ այցելում է այստեղ։
Ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է իր վաղեմի բարեկամների՝ փուռ-սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ, հետաքրքրվել նրանց կյանքով ու աշխատանքով, վայելել նրանց թխած թարմ հացաբուլկեղենը։
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։
Երիտասարդները պատմել են իրենց տարբեր ձեռնարկների մասին՝ սահադաշտ Գյումրիում, տարբեր թեմաներով խճանկարների պատրաստում, աֆորիզմներ Գյումրու փողոցներում, բնապահպանական ակցիաներ, ծառատունկ, քաղաքի բարեկարգում և այլն։ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունն ունի 300 անդամ, գործում է 2012 թվականից: Նախաձեռնության հիմնական նպատակն է վերհանել և լուծել Շիրակի մարզում առկա խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական, զբոսաշրջային, մշակութային, սպորտային ուղղություններով:
Նախաձեռնության հիմնադիրների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է երիտասարդների յուրօրինակ աշխատանքներին, դիտել նրանց հերթական նվերը քաղաքին՝ խցաններով խճանկարի տեսքով։ Այնուհետև նախագահը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, զրուցել վերածնվող Գյումրիում երիտասարդների դերի մասին։
«Ձեր մասին տարբեր տեղերից լսելով՝ մտածեցի, որ կարող է դառնանք համախոհներ, ինչ-որ բան անենք միասին»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով․ «Դուք մեր երկիրն եք, մեր երկրի ապագան եք։ Այն մարդիկ եք, ովքեր ստեղծագործ աշխատանքով են զբաղված, իսկ դա ամենակարևոր բանն է։ Դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա։ Ուրախ կլինեմ, եթե հնարավորություն լինի միասին աշխատել»։
Նախագահը, մասնավորապես, խոսել է ծնունդով գյումրեցի փիլիսոփա, երաժիշտ, մեծ մտածող Գյուրջիևի մասին և հետաքրքիր հիշողություններ պատմել․ «Երբ 1984 թվականին Միացյալ Թագավորությունում աշխատում էի, Նոր տարվա՝ դեկտեմբերի կողմերը Գյուրջիևի ասոցիացիան հրավիրեց հանդիպման։ Կարծեցի՝ հինգ-վեց հոգով ենք հանդիպում, իրականում հանդիպումը հսկայական սրահում էր, որտեղ մոտ երկու հազար մարդ կար։ Հաջորդ օրը նույնպես մոտ երկու հազար մարդ կար, ընդ որում, շատ բարձրաստիճան անձինք, պետական մարդիկ, գործարարներ, մշակույթի գործիչներ և այլն։
Հայաստան այցելությունից հետո այդ ասոցիացիան ամիսը երկու-երեք անգամ հավաքվում էր։ Հայաստանի պատմական քարտեզը տպել էին, ներկում էին ու բաժանում։ Թվում է՝ ինչ կապ ունեն շոտլանդացիները, անգլիացիները, գերմանացիները և այլն։ Սակայն նրանք հավաքվում էին, հին, պատմական քարտեզները ներկում ու նվիրում։ Ես դրանցից երկուսն ունեմ, մեկն էլ Հայաստանի դեսպանատանն է (Լոնդոնում), պատին փակցված է։ Գյուրջիևն արժեք է, և սխալ է այն չօգտագործելը»։ Նախագահը ցանկություն է հայտնել վերականգնել Գյուրջիևի տունը Գյումրիում․ «Գյուրջիևի տունը չկա, սակայն ես այսպիսի միտք ունեմ՝ վերականգնենք այդ տունը կամ նորը կառուցենք»։
Նախագահի ու երիտասարդների զրույցը շարունակվել է արժեքների թեմայի շուրջ։ Նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել ազգային արժեքները գնահատելը։ «Մենք հաճախ սխալվում ենք և կարծում, թե այն, ինչ մեզնից հեռու է և դուրս է, ավելի կարևոր է ու մեծ արժեք ունի։ Բայց ամենաարժեքավորը քո սեփականն է,-նշել է նախագահը։ -Այն, ինչ դարերով ստեղծվել է և արժեքավոր է, կարծում ես, թե սովորական երևույթ է։ Պետք չէ այդ արժեքը կորցնել։ Մենք ունենք շատ սովորություններ, որոնք պետք չէ սարքել արհեստական, պետք չէ սարքել գռեհիկ, անշնորհք։ Հակառակը, շփվելով ուրիշների հետ, պետք է դրանք մաքրել և ներկայացնել գեղեցիկ ձևով։
Ասածս հետևյալն է՝ ձեր շրջապատում այնքան արժեք կա։ Դուք փողոցից մեխը վերցնում եք և փորձում եք դրանով հետաքրքիր բան անել։ Նույնը մեր մշակութային արժեքներն են։ Դուք ապրում եք Գյումրիում, այստեղ փողոցներում, տներում հսկայական քանակով «փոքրիկ մեխեր» կան, որոնք պետք է գտնել, մաքրել վրայից ժանգը։ Ընդհանրապես ամբողջ Հայաստանում հսկայական արժեքներ ունենք, պետք է գնանք, ամեն «մեխը» հանենք, փայլեցնենք, դրանից սարքենք այնպիսի մի բան, որ օտարները գան և զարմանան։ Սա մեծամտություն չէ։ Մենք այն ենք, ինչ այսօր կանք։ Տիգրան Մեծի պատմությունը պետք է իմանանք, բայց դրանով գլուխ գովելով տեղ չենք հասնի։ Ունեցածը, պատմությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե չես կարողանում այն հղկել, արժեք տալ»։
Կարևոր համարելով թիմային աշխատանքը՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Լավագույն ղեկավարը, առաջնորդը նա է, ով ստեղծում է իր կողքին մարդկանց, ովքեր կարող են շարունակել գործն առանց իրեն։ Խորհուրդս ձեզնից յուրաքանչյուրին՝ անգամ եթե փոքր գործ եք անում, ստեղծեք թիմ, հնարավորություն տվեք՝ մյուսներն էլ խոսեն։ Երբեք մի վախեցեք աշխատել մարդկանց հետ, ովքեր ձեզնից ավելի խելացի են կամ փորձառու։ Դա միայն ցույց է տալու, որ դուք ուժեղ եք։ Միայն թույլ մարդիկ կարող են վախենալ, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից խելոք լինի կամ փորձառու։ Մեծ հաջողությունը միշտ գալիս է թիմի հետ»։