Ներհանրապետական այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում:
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ առաջին անգամ Չինարի այցելել է ուսանողական տարիներին և հատկապես տպավորվել բնությամբ ու բնակիչների հյուրընկալությամբ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված,-դիմելով գյուղացիներին՝ ասել է նախագահ Սարգսյանը:- Ցանկանում եմ գլուխ խոնարհել նախ և առաջ այն չինարեցիների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանությանը: Ամեն օր մտածում ենք ձեր մասին, այն մարդկանց մասին, որոնք սահմանին են, ապրում են դժվարին պայմաններում, պաշտպանում են ոչ միայն իրենց ընտանիքը, ծրագրեր են կազմում իրենց երեխաների համար, այս փայլուն երեխաների համար, որ երազանքներ ունեն։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դուք մոռացված չեք:
Շատ հաճելի էր, որ այսօր ձեր շարքերում տեսա այն չինարեցիներին, որոնք գնացել են Ուկրաինա, Ռուսաստան և հետ են եկել։ Մի օր բոլորը հետ են գալու: Հայրենիքը կարող ես հետդ տանել, բայց տարիների ընթացքում այդ սերը և ցավը սկսում են մեծանալ, լցվում ամբողջ մարմինդ, հոգիդ, և ուզում ես հետ գալ: Այն չինարեցիներին, ովքեր դրսում են, ասում եմ՝ հետ եկեք: Դուք պարտականություն ունեք ձեր հաջողությունը կիսելու ձեր հայրենակիցների հետ: Մենք էլ Հայաստանում՝ թե՛ որպես նախագահական ինստիտուտ, թե՛ որպես կառավարություն կամ Ազգային ժողով, պարտականություն ունենք ձեր առջև, որովհետև դուք պահպանում եք մեր երկրի լավագույն կտորը՝ Չինարին»:
***
Այգեձոր սահմանամերձ համայնքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մելս Բաբայանի հիմնած արևադարձային այգի։
78-ամյա գյուղատնտեսը հիմնել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի։ Խնձորենու և սալորենու կողքին նա աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ:
Նախագահը շրջել է այգում, զրուցել սրտացավ այգետիրոջ հետ, հետաքրքրվել բերքի իրացմամբ և հաջողություններ մաղթել նրան: «Մելս Բաբայանին հանդիպեցինք, ով կյանքի մի մասը ծննդավայրից դուրս անցկացնելուց հետո վերադարձել է և այգի գնել: Այս այգու մեջ ստեղծագործություն կա, դրանում կան մեր ավանդական ծառերը, մրգերը, բանջարեղենը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը՝ ողջունելի համարելով, որ դրանց կողքին այգու տերը փորձում է, օրինակ, արմավենի աճեցնել: «Սրա մեջ իմաստ կա,-ասել է նախագահը,-քանի որ փորձելով անհնարինը՝ հաճախ կարող ես տարօրինակ արդյունքներ ստանալ»:
***
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։
Նախագահ Սարգսյանը եղել է Չինարի և Սյգեձոր համայնքների միջև գտնվող Eco Garden Corporation գյուղմթերքի ընդունման և պահածոյացման ձեռնարկությունում։ Նախագահը շրջայց է կատարել ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական հզորություններին։ Տնօրեն Սամվել Մարկոսյանը նշել է, որ 2010 թվականին հիմնված ձեռնարկությունն արտադրում է տարբեր տեսակի պահածոներ, արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Արտադրության համար անհրաժեշտ մրգի և բանջարեղենի մթերման 80%-ը ապահովվում է տեղի գյուղական համայնքներից: Ձեռնարկության աշխատակիցները հիմնականում Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներից են։
***
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։
Նավուր համայնքում նախագահ Սարգսյանն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։ Այն բացվել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ, Եվրոպական միության աջակցությամբ վերջերս համալրվել է նոր արդիական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել արտադրության որակը։ «Այս շրջանը շատ հայտնի է հոյակապ որակի խոզի մսով: Այստեղ խոզի միսը սկսել են արտադրել հին սովորույթի համաձայն, որ եղել է այս գյուղերում: Այսինքն, այդ սովորույթը չեն բերել Իսպանիայից, Իտալիայից, իրենց սեփական տեխնոլոգիան է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը: Նա ողջունելի է համարել, որ Ռուսաստանից վերադարձած նավուրեցին հոգևոր հոր աջակցությամբ արտադրություն է կազմակերպել հայրենի գյուղում: «Արտադրության համար նախ և առաջ ցանկություն է պետք, կազմակերպման շնորհք: Արդյունքում՝ 75 մարդ, մեծ մասամբ կանայք, աշխատանք ունեն և իրենց ապրուստն արժանապատվորեն են վաստակում, աշխատում են և պահում իրենց ընտանիքները,-նշել է նախագահը:- Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ամերիկայում՝ վերադարձեք ձեր տուն: Ձեր տանը ձեզ սպասում են, տուն վերադառնալով և ձեր հաջողության մի փոքր մասը կիսելով ձեր համագյուղացիների, տանեցիների հետ, կարող եք մեծ փոփոխություն բերել, կարող եք բազմաթիվ աշխատանքներ անել: Մեր երկիրը, հողը հարուստ է, մեր մարդիկ հարուստ են, հարուստ են իրենց հոգով, աշխատասիրությամբ:
Մեր գյուղերում՝սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ, եթե լինեն անհրաժեշտ հիմնարար լուծումներ՝ լավ դպրոց, մանկապարտեզ, բժշկական օգնություն և աշխատանք, ոչ ոք չի ցանկանա ուրիշ տեղ տեղափոխվել: Իհարկե, շատ էական է, որ երեխաներից յուրաքանչյուրը կարողանան իրենց տանը գտնել բազմաթիվ մասնագիտություններ՝ բժիշկ, ատամնաբույժ, ֆուտբոլիստ կամ գործարար, բայց ամենակարևորը՝ կապված լինեն հողին, քանի որ այն կերակրում է ոչ միայն իրենց, այլ նաև ողջ ժողովրդին: Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ»:
Անդրադառնալով Տավուշի գյուղերով շրջայցին, նախագահ Սարգսյանը լրագրողներին մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Չինարիում 7 երեխա է ծնվել, բայց սպասում եմ այն օրվան, երբ 12-ը կծնվեն, հետո 27-ը, 37-ը: Որովհետև այդ մարդիկ այս գյուղից գնացողը, հեռացողը չեն: Ինչ-որ իմաստով մեր ազգի առանցքը ներկայացնող մարդիկ են, իրենց պապական հողն է: Այս հողից նույնիսկ մեկ սանտիմետր չեն հեռանալու, որքան էլ որ դժվարություններ լինեն: Ես դժվարություն չտեսա նրանց հայացքներում, ուրախությամբ ապրում են իրենց հողի վրա, վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու: Հետևաբար մեր բոլորի պարտականությունն է ամեն բան անել, որ նրանք զգան, որ իրենց կողքին ենք: Եվ դա պետք է ոչ միայն խոսքով կամ գործերով լինի, այլև մեր ֆիզիկական ներկայությամբ:
Ես այսօր այստեղ եմ և շատ եմ ափսոսում, որ իմ շատ ընկերներ ու բարեկամներ Երևանում, շատ երևանցիներ ինձ հետ այսօր այստեղ չեն: Այս հիասքանչ բնությունն ամեն ինչ է՝ սկսած մաքուր օդից, լիաթոք շնչելու զգացումից, աջ ու ձախ գեղեցիկ տեսարաններ են: Յուրօրինակ է, աշխարհում չկան այսպիսի գեղեցիկ տեղեր, մարդիկ են հոյակապ, ստեղծագործ:
Հայաստանը նաև Գյումրին է, Լոռին, Տավուշը: Ուզում եմ կոչ անել մեր բոլոր ընկերներին, բարեկամներին՝ շաբաթ-կիրակի վերցրեք ձեր երեխաներին և հայտնաբերեք ձեր հայրենիքը: Ուղերձը նույնն է մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որտեղ են ապրում՝ Գյումրիում, Վանաձորում, Լոս Անջելեսում, թե Փարիզում՝ եկե՛ք և ինքներդ հայտնաբերեք այս հիասքանչ աշխարհը, որ ձեր հայրենիքն է, եկե՛ք, հայտնաբերեք Չինարի գյուղը»:
***
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել դասախոսների և ուսանողների հետ:
Նախագահ Սարգսյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև փոխանցել մարզի սահմանամերձ համայքներ այցելությունից իր տպավորությունները:
Նա նաև իր խորհուրդներն է փոխանցել երիտասարդներին՝ հորդորելով կրթության համար նախատեսված իրենց ժամանակն արդյունավետ օգտագործել: «Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի բազմակողմանի կրթված: Եթե դուք սովորում եք մաթեմատիկա և որոշեք, որ միայն դա եք սովորելու, լինեք սահմանափակ անձնավորություն, չեք կատարի այն, ինչ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն ձեզանից սպասում ենք: Մենք սպասում ենք, որ դուք նախ և առաջ լինեք բազմակողմանի զարգացած և ազնիվ, բարոյական մարդ,-նշել է նախագահը: -Շատ էական է, որ լինեք հայրենասեր, ունենաք պրոֆեսիոնալ բարձր որակներ, որ լավ կրթություն ստանաք: Ձեր կյանքի ամենաթանկ բաներից մեկը ժամանակն է: Ափսոս կլինի, որ գաք համալսարան ու չսովորեք, այդ դեպքում դուք ինքներդ ձեզ կխաբեք: Այդ ժամանակը հետ չի գալու»:
Նախագահը նշել է, որ տպավորված է մարզի սահմանամերձ համյանքներ իր այցով և իրենց հողին ամուր կանգնած ստեղծագործ, հոգով ամուր ու աշխատասեր մարդկանցով:
«Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ էական է, որպեսզի ինքներդ էլ գիտակցեք, որ կարելի է ապրել մեծ քաղաքից դուրս, բայց ապրել ժամանակակից կյանքով: Կարելի է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել մրցունակ արտադրանք և ունենալ հոյակապ կյանք՝ այս հոյակապ վայրում,- ընդգծել է նախագահը:- Մեր նպատակը պետք է լինի թե՛ գյուղում, թե՛ քաղաքում կյանքի որակը նույնը դարձնելը: Որպեսզի այն, ինչ հնարավոր է ստանալ Երևանում, հնարավոր լինի ստանալ նաև այստեղ»:
Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը դիտել են նաև համալսարանի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունը:
***
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում:
Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից:
Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին: