21
07, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։

Նախագահը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսման ու հանգստի պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի մանրամասներով: Նոր ուսումնական տարվանից ուսումնառությունը քոլեջների ցանցում սկսող Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից մի խումբ ուսանողներ Դիլիջանի քոլեջում մասնակցում են նախապատրաստական ճամբարի։ Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ուսանողների և շրջանավարտների հետ՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի զարգացման հեռանկարին ու տեսլականին։ «Հայաստանն առաջ մղելու համար պետք է ունենանք տեսլական: Իսկ սեփական երկրի համար տեսլական ունենալով՝ տեսլական ես ձևավորում նաև ողջ աշխարհի համար, հասկանում ես, թե ուր է շարժվում աշխարհը: Պետք է աշխարհի հետ լինել ներդաշնակ, գնալ աշխարհին համընթաց»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ պետք է ունենալ ծրագիր, ռազմավարություն և նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ: «Մի բան հստակ է՝ Հայաստանի նման երկիրը պետք է լինի լավագույնն այն ամենի մեջ, ինչ անում է: Սա է ապագայի բանաձևը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Ուսանողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նոր աշխարհում գիտելիքներով զինված լինելու անհրաժեշտությանը: «Ձեր կյանքը բաղկացած է մի շարք հիանալի և, միաժամանակ, բարդ բաղադրիչներից: Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք»,- նշել է նա: 

 

***

 

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ:

«Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ Շամոնիի քաղաքապետարանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ստեղծել Դիլիջանի հետ: Առաջին քայլն, իհարկե, արվեց, երբ աշխարհում հայտնի համաժողովը՝ «Մտքերի գագաթնաժողով»-ը, որն ամեն տարի անցկացվում է Շամոնիում, հիմա ունի իր քույր համաժողովը, որն ամեն տարի անցկացվելու է Դիլիջանում: Համաժողովի հիմնադիրները համաձայնեցին բրենդը տալ մեզ և համագործակցել մեզ հետ: Գագաթնաժողովն ամեն տարի Շամոնիում աշնանն է լինելու, իսկ մենք որոշեցինք Հայաստանում անել գարնան վերջին կամ ամռան սկզբին,-ասել է նախագահը՝ ավելացնելով. -Հիմա ավելի լավ լուր ունեմ ձեզ հաղորդելու՝ քաղաքային խորհուրդը որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ: Շամոնին հետաքրքիր քաղաք է, դասական օրինակ, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ»:

Նա նշել է, որ Շամոնին, լինելով Դիլիջանից փոքր, ունենալով ընդամենը 10 հազար բնակչություն, տարեկան 5 մլն զբոսաշրջիիկ է ընդունում՝ սկսած դահուկային սպորտից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ: «Այն գրեթե նույնքան գեղեցիկ է, որքան Դիլիջանը: Քաղաքը հետաքրքիր է, քանի որ գտնվում է 1000-4000 մ բարձրության վրա: Հին քաղաք է, Դիլիջանի նման: Կա առաջարկություն, որ Դիլիջանի ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցելեն Շամոնի և քննարկեն համագործակցության ուղղությունները: Այնպես որ, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում և ծրագիրը փոխանցում եմ ձեզ: Սրանից հետո էլ կշարունակեմ աջակցել ձեզ: Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կծառայի և՛ մարզին, և՛ քաղաքին, և՛ Հայաստանին: Եթե փոքրիկ Շամոնին կարող է 5 մլն զբոսաշրջիկ ընդունել, ինչո՞ւ Դիլիջանը չի կարող գոնե 1 մլն ընդունել»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին նման նախաձեռնության համար: «Շնորհակալություն այս նվերի համար, քանի որ մենք դիրքավորում ենք Դիլիջանը որպես ինտելեկտուալ, որակյալ կյանքի և զբոսաշրջության քաղաք, որտեղ հիմնական թեմաները պետք է լինեն կրթությունը, մշակույթը, գիտությունը, նորարարությունը: Այն, ինչ ասացիք, կարծում եմ, քույր քաղաքների զարգացման տեսանկյունից շատ կարևոր հանգրվան կլինի Դիլիջանի համար: Սա նաև շատ լավ նորություն է մեր բնակիչների համար»,-ասել է մարզպետը:

Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշել է, որ Դիլիջանը քույր քաղաքների ձևաչափով համագործակցության մեծ փորձ ունի: «Մենք ունենք նմանատիպ փորձ մի քանի քաղաքների հետ, բայց նման ձևով, որ երկրի նախագահն իր միջնորդությամբ իրականացնի, չի եղել, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ՝ ավելի լուրջ մոտենալ և հասնել լուրջ արդյունքների»,-ասել է քաղաքապետը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է մարզային և քաղաքային իշխանությունների քայլերը, որոնք ուղղված են Դիլիջանի՝ որպես մշակութային և զբոսաշրջային քաղաքի նախկին համբավը վերականգնելուն: «Դիլիջանը միշտ եղել է հին, գեղեցիկ, ավանդույթներ ունեցող քաղաք, որը, փոքր լինելով, ունեցել է քաղաքային մշակույթ: Կարծում եմ՝ բոլորիս համար շատ էական է մարզի և քաղաքների զարգացման հստակ տեսլականի ու ռազմավարության ձևակերպումը, հակառակ դեպքում նույնիսկ լավագույն գաղափարները կարող են հաջողության չբերել, ձախողել, եթե դա կազմակերպված չանենք, ըստ որոշակի ծրագրի՝ հստակ իմանալով, թե ուր ենք գնում»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ Դիլիջանը մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք պետք է լինի: «Ուրախ կլինեմ, եթե իմ ներդրումն էլ բերեմ այդ տեսլականի, ծրագրի ձևավորմանն ու իրականացմանը»,-ընդգծել է նախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ Շամոնի քաղաքի հետ համագործակցությունը արդյունավետ կլինի: Ֆրանսիական կողմն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հյուրընկալել հայ գործընկերների պատվիրակությանը: «Ես քաջալերում եմ, որ դա անեք հնարավորինս շուտ, որպեսզի այս համագործակցությունը շատ արագ միս և արյուն ստանա»,-ավելացրել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ մոտ ժամանակներս կրկին նախատեսում է այցելել մարզ: «Ինձ համար սա մեծ հաճույք է, քանի որ ես կրկին հայտնաբերում եմ Հայաստանն ինձ համար: Հայաստանի տարբեր շրջաններ այցելություններն ինձ հսկայական եռանդ ու դրական լիցքեր են տալիս: Եվ ուզում եմ հորդորել մեր բոլոր հայրենակիցներին անելու նույնը՝ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը»:

 

***

 

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հաղարծնի վանական համալիր: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10-րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգևորականների շարականը:

Վանական համալիրի բակում Արմեն Սարգսյանը շփվել է այցելուների և զբոսաշրջիկների, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ:

Լրագրողների հետ զրույցում նախագահն ասել է, որ հայրենաճանաչության իր առաջին ուսուցիչն ու ուղեկիցը վաղ տարիքից եղել է հայրը, ով ճարտարապետ էր, հայ հին ճարտարապետության մասնագետ:

«Այստեղ առաջին անգամ եղել եմ 4-5 տարեկանում: Ամեն անգամ գալով նույն բանը հայտնաբերում ես ուրիշ կերպ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ այս համալիրն իր համար նաև պետականության խորհրդանիշ է: «Այս հրաշքն ինձ համար լրացուցիչ խորհուրդ ունի, այն պետականության խորհրդանիշ է, քանի որ ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլև պետականության,-ասել է նախագահը:- Կարծում եմ՝ մեր երիտասարդների համար էական է, որ ոչ թե մեխանիկորեն իմանանք պատմությունը, այլ զգանք, գնահատենք այն: Հասկանանք, որ պետականությունը չի ստեղծվել երեկ, 30 կամ 100 տարի առաջ: Մենք հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ պետականություն ենք ունեցել և՝ ուժեղ պետականություն: Մեզնից յուրաքանչյուրը պետք է խորապես գնահատի իր եկեղեցին և պետականությունը: Մեր գործն այդ պետականությունը շարունակելն է 21-րդ դարում»:

Ի պատասխան հարցին, թե ինչ ուղերձ նախագահը կհղի Տավուշի մարզի երիտասարդությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ իր ուղերձը շատ պարզ է. «Երևանն, իհարկե, մեր մայրաքաղաքն է, բայց մեր հայրենիքը Երևանից ավելի մեծ է, յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի»:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ողջունելով նախագահ Սարգսյանի այցը մարզ և վանական համալիր, նշել է, որ յուրաքանչյուր այցելություն, հատկապես պետական բարձրաստիճան այրերի այցերը, չափազանց ոգեշնչող են, քանի որ Տավուշը յուրահատուկ դերակատարություն և նշանակություն ունի մեր հանրապետության կյանքում: «Լինելով մեր հայրենիքի դարպասները, այստեղ բնակվող թե՛ զինվորը, թե՛ քաղաքացիական բնակչությունը մշտապես ներշնչանքի և աջակցության կարիք ունեն: Այդ կարիքն օգնություն չէ, մասնակցություն է: Կարծում եմ՝ այս այցելությունը մի նոր առիթ է մեր ժողովրդի համար վերագնահատելու և հասկանալու, որ իրենք շատ կարևոր դերակատարություն ունեն պետականության ամրապնդման, անվտանգության երաշխավորման համար»,-ընդգծել է Տավուշի թեմի առաջնորդը:

Նախագահ Սարգսյանն այնուհետև Հաղարծնի վանքի ընդունելությունների կենտրոնում հանդիպել է Տավուշի մարզի մի խումբ պատանիների հետ, ջերմ ու անմիջական զրույց ունեցել նրանց հետ: Նախագահը պատասխանել է նրանց տարբեր հարցերին, մասնավորապես, խոսել մեր ժողովրդի կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերի, ազգային միասնականության ու ազգային ինքնության մասին, ինչպես նաև իր խորհուրդները փոխանցել պատանիներին:

← Վերադառնալ