20
07, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ: Նախագահը կլինի մարզի մի շարք պատմամշակութային վայրերում, Դսեղում կհյուրընկալվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, իսկ Ահնիձորում կայցելի Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, արտադրական ձեռնարկություններ: 

 

***

 

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգուպարով։

Նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի և թատրոնի մեծ երախտավորի հիշատակին:

Բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական անվանի գործչի հայրենի քաղաքում հուշարձանը տեղադրվել է 2014 թվականին, հեղինակը ճարտարապետ Դավիթ Մինասյանն է: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բախտ է ունեցել Սոս Սարգսյանին անձամբ ճանաչել։ «Իմ հարգանքի տուրքը մարդուն էր, որը ոչ միայն մեծ արվեստագետ էր, դերասան, այլև՝ մեծ քաղաքացի, ով մշտապես մտածում էր իր երկրի, նրա ապագայի մասին»,-ասել է Հանրապետության նախագահը։

 

***

 

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ թեև նախագահի պաշտոնում առաջին անգամ է Լոռի այցելում, բայց հատկապես ուսանողական տարիներին այն եղել է իր սիրած վայրերից մեկը, ուր հաճախ է եղել։ «Մեր ուսանողական տարիներին հայրենասիրության արտահայտման ձևերից մեկը հայրենիքը ճանաչելն ու բացահայտելն էր,-ասել է նա։ -Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, քանի որ ապրելով Երևանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ 10, 11-րդ դարերի ամրոցներ են պահպանված։ Եվ ոչ միայն պահպանվել են, այլ կարող ենք ծանոթանալ կրոնական-եկեղեցական ներկայությանը, կենցաղին»։

Նա բերդը շատ տպավորիչ է համարել ոչ միայն որպես պատմական արժեք, այլև որպես յուրօրինակ ու գեղեցիկ հանգստի գոտի՝ նշելով. «Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»։ Նախագահի խոսքով՝ այդ հուշարձանը ոչ միայն հսկայական պատմական, այլև տնտեսական արժեք է և պարզապես տուրիստական գանձ։ Այստեղ հնարավոր է թե՛ պատմական տուրիզմ զարգացնել, թե՛ մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Այս թեման Հանրապետության նախագահը քննարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ անդրադառնալով ընդհանրապես տարածքի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

«Սա հսկայական արժեք է, որը դեռևս օգտագործված չէ։ Պետք է օգնենք, որ այս հարստությունը բոլորինս լինի, գանք՝ ճանաչենք, օգտվենք և մեր երեխաներին բերենք, որպեսզի իրենց հայրենիքը ճանաչեն ու սիրեն»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե հայրենաճանաչության համար ինչ կցանկանար ցույց տալ իր թոռնիկներին, նախագահն ասել է, որ հայրենաճանաչությունը ընդհանուր գաղափար է․ «Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց: Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»։

 

*** 

 

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Օձունի վանական համալիր, որը միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է վանական համալիրի տարածքում։

Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով և որմնանկարներով: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը:

Հանրապետության նախագահը եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ միասնական աղոթք է հնչեցրել և մոմ վառել։ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասին պատմող գիրք է նվիրել նախագահին։ Հովհաննես Օձնեցին Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 717 -728 թթ., Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքը։

Նախագահ Սարգսյանը զրուցել է նաև վանական համալիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով և հորդորել այցելել նաև Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր:

 

***

 

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել էր 1 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար:

Նախագահը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած աջակցության համար:

Նախագահն անմիջական զրույցի միջոցով շփվել է նաև մանկապարտեզի սաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին են ներկայացրել իրենց երգն ու պարը և հմտությունները:

Նախագահ Սարգսյանը նաև հանդիպել և ջերմ զրույց է ունեցել Գյուլագարակ համայնքի բնակիչների հետ:

 

***

 


Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ: Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» վերնագրված ակնարկն է եղել, իսկ հարազատ գյուղը այս կամ այն կերպ՝ հերոսների, իրադարձությունների, բառապաշարի ու պատմությունների տեսքով ընկած է Մաթևոսյանի գրական ստեղծագործության հիմքում:

Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը՝ Համո Մաթևոսյանը: Նախագահ Սարգսյանը գրողի եղբոր և որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է տանը, Մաթևոսյանի հեռակա մասնակցությամբ սեղան նստել ու հաց կիսել գրողի հարազատների հետ: Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Մաթևոսյանները հետաքրքիր պատմություններ են հիշել Հրանտ Մաթևոսյանի կյանքից, ուշագրավ դրվագներ պատմել, անդրադարձել նրա ստեղծագործություններին։ Նախագահը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել, և որտեղից հոգևոր սնունդ են ստացել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները: «Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»,-ընդգծել է նա։

Հանրապետության նախագահը, բարձր գնահատելով Հրանտ Մաթևոսյանի գործերը, ասել է, որ դրանք այսօր էլ արդիական հնչողություն ունեն։

Դավիթ Մաթևոսյանը, ով «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենն է, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը: Կարևորելով մեծ գրողի թողած գրական ժառանգության վերաիմաստավորումը և նշելով, որ 2020 թվականին լրանում է Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակը՝ նա անդրադարձել է նաև Երևանում գտնվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին: Դավիթ Մաթևոսյանը կարևոր է համարել, որ Հրանտ Մաթևոսյանի կյանքը, գրականությունն ու արվեստն ըստ արժանվույն ներկայացվեն հասարակությանն ու ընթերցողներին:

Ի հիշատակ Հանրապետության նախագահի այցի՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը Արմեն Սարգսյանին է նվիրել գրողի երկհատորյակը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մաթևոսյանի այդ գիրքն արժանի տեղը կգտնի իր գրադարանում՝ Մաթևոսյանի մյուս ժողովածուների կողքին: Արմեն Սարգսյանն ասել է, որ ոգևորված ու հարստացած է հեռանում Մաթևոսյանների օջախից՝ իր հետ տանելով հաճելի հիշողություն և մի հրաշալի կտոր մաթևոսյանական աշխարհից:

 

***

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ:

Նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարևանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։

Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է և թանգարանի է վերածվել 1939 թվականին: Նա ծանոթացել է գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին՝ գրքերին, անձնական իրերին, որոնք ներկայացնում են մեծ գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու որոշակի փուլեր: Նախագահը հետաքրքրվել է թանգարանի հետագա ծրագրերով:

Նա նշել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին և գեղագիտական հաճույք ստանալ, այլև սովորել նրանից: «Պետք է արժանին մատուցել մեր մեծերին, գնահատել, մեծարել նրանց ու որդեգրել կյանքի այն սկզբունքները, որոնք նրանք դավանել են որպես հայրենիքի ու ժողովրդի նվիրյալներ»,-ասել է նախագահը: Նա շնորհակալություն է հայտնել թանգարանի աշխատակիցներին՝ Թումանյանի ժառանգությունը պահպանելու և այն սերնդեսերունդ փոխանցելու համար:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մենք որպես ժողովուրդ հայտնի ու ճանաչելի ենք նաև մեր մշակույթի շնորհիվ, և դրանում շատ մեծ է Հովհաննես Թումանյանի գրականության ներդրումը:

Դսեղ այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը զրուցել է գյուղացիների հետ, այցելել գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի(5-7-րդ դարեր),աղոթել ու մոմ վառել։

 

***

 

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ներկայացրել է շենքի պատմությունը (1895 թվականին կառուցված այս շենքը եղել է հայազգի մեծահարուստ Թայիրովի ամառանոցը), պատմել Գուգարաց թեմի աշխատանքների և իրականացվող ծրագրերի մասին։

Այնուհետև Հանրապետության նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որն այս օրերին Վանաձորում է համախմբել Շիրակի մարզի, Ջավախքի, Ալավերդու ու Ստեփանավանի մի խումբ դպրոցականների։

Ճամբարականները հյուրերին դիմավորել են ազգային երգ ու պարով։

«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» կարգախոսով կազմակերպող ճամբարում երեխաներին ուսուցանվում է ազգային արհեստ ու արվեստ։ Ճամբարականների համար այդ նպատակով կազմակերպվում են նկարչության, ռոբոտաշինության, ոսկերչության և այլ վարպետության դասեր, ինչպես նաև ազգային երգ ու պարի դասընթացներ։ Արմեն Սարգսյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների հետ։ Նրանք նախագահին ցույց են տվել իրենց ձեռքի աշխատանքները։

 

***

 

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն։

Տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող ցանցերը բերքը պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև՝ թռչուններից, միջատներից, նաև ջերմաստիճանը պահպանելու հատկություն ունեն։ Ներկայացնելով արտադրության ծավալները, ընդլայնմանն ու արտահանմանն ուղղված ծրագրերը՝ ընկերության ներկայացուցիչները միաժամանակ նշել են, որ հայաստանյան շուկայում դեռևս արտադրանքի իրացման խնդիր, ինչպես նաև սուբսիդավորման կարիք ունեն։

Շրջայցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ գործարանի արտադրանքը պարզապես հակակարկտային ցանց չպետք է դիտել, այն բավականին համալիր պաշտպանական նշանակություն ունի այգիների համար։

«Սա ժամանակակից տեխնոլոգիա է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Սրանք պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև համապատասխան միկրոկլիմա են ձևավորում։ Ստեղծվել է ժամանակակից արտադրություն, որը կարող է նաև արտադրանքն արտահանել, բայց ափսոս է Հայաստանում արտադրված լավ արտադրանքը չօգտագործել մեր երկրում, մանավանդ հարավում՝ Արարատյան դաշտից սկսած, որտեղ այգիները պաշտպանության կարիք ունեն»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ պետք է խրախուսել մարդկանց օգտվել մեր իսկ երկրում արտադրված տեխնոլոգիական արտադրանքից, որն իսկապես օգտակար է լինելու հենց գյուղացիական տնտեսությունների համար։ Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընկերությանը։

 

***

 

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։

Տնօրեն Պատվական Հախինյանը նշել է, որ կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Սկսած 2016 թվականից՝ կենտրոնի աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է մոտ 30 թիմ: Գործունեության մյուս ուղղությունը վերաբերում է մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Կազմակերպվում են ծրագրավորման տարբեր դասընթացներ բոլոր տարիքի անձանց համար՝ սկսած 10 տարեկան երեխաներից։

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, զրուցել դասընթացների մասնակից երեխաների հետ, այնուհետև հանդիպել է կենտրոնում տեղակայված ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին։

Նախագահը նրանց կոչ է արել ավելի մասշտաբային մտածել․ «Իմ կոչը ձեզ հետևյալն է՝ մտածեք մեծ։ Որքան փոքր մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետևաբար՝ գոյատևելու ենք, ոչ թե հաղթելու։ Սա շատ էական է,- ընդգծել է նախագահը։- Ձեր ստեղծագործական կյանքում մեծ մտածեք, մի վախեցեք անհաղթահարելի կամ դժվար թվացող խնդիրներին դեմ հանդիման կանգնելուց, փորձեք դրանք լուծել։ Եթե դուք ունեք, օրինակ, ժամանակակից արագ ինտերնետային կապ և հնարավորություն՝ ձեր գործընկերների հետ կապվելու, իմանալու՝ ինչ կա շուկայում, որևէ պատճառ չկա, որ այստեղ չկարողանաք նույնպիսի ստեղծագործական հաջողություն ունենալ, ինչ դրսում։ Չկա այդպիսի պատճառ։ Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում՝ ուշանալու է»։

Նա խորհուրդ է տվել քայլել այդ փոփոխություններին համահունչ և ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ կլինի աշխարհում։

«Մրցունակ լինելու համար մենք պետք է ունենանք լավագույն արտադրանքը։ Դրա մոդելը մենք ունենք․ գյուղատնտեսության մեջ մենք ունենք հայթեք՝ կոնյակ։ Նույն խաղողից մենք պատրաստում ենք կոնյակ, որը ոչ այլ ինչ է, քան խաղողի հյութի հայթեքը։ Այսինքն, եթե մենք որևէ տեղ ինչ-որ բան պիտի զարգացնենք, դա առնվազն պետք է հայկական կոնյակի նման լինի։ Եթե մենք հայթեք ենք զարգացնում այստեղ, դա պետք է լինի լավագույն արհեստական բանականության մակարդակի,-ընդգծել է նախագահը։- Դրան հասնելու համար ճանապարհ պետք է անցնենք՝ բոլորս միասին, և պետությունը նույնպես պետք է աջակցի։ Այդ ճանապարհը պետք է արագ անցնենք, ու այստեղ ամենահիմնական խնդիրներից մեկը կրթությունն է»։

Նշելով, որ գիտությամբ, տեխնոլոգիաներով զբաղվելը կարևոր է և հետաքրքիր՝ նախագահ Սարգսյանը երիտասարդ ձեռներեցներին հորդորել է սիրել ու բավականություն ստանալ այն աշխատանքից, որը նրանք կատարում են։

 

***

 

Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը և հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երևանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ և գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,-ասել է նախագահը։ - Ես երկու օր է այստեղ եմ և ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետև շփվում ես իրական բնության և բացարձակ գեղեցկության հետ։

Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել և վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ և այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել և ցուցադրել, այլև գրավիչ դարձնել և՛ իրենց երիտասարդների, ժողովրդի և՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։

Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից և գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթևոսյանի տանը՝ իր եղբոր և որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես «Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթևոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։

Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաև՝ երկիրը ճանաչելը։

Զբոսաշրջության և ընդհանրապես զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը մասնավորապես կարևոր է համարել բարեկարգ ճանապարհներ ունենալը: «Ես ուրախությամբ լսեցի, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թումանյանի տուն-թանգարանն այցելել է մոտ յոթ հազար մարդ, որոնցից վեց հազարն աշակերտներ են եղել։ Եկել են, քանի որ ճանապարհը ժամանակին կառուցվել է, և այսօր այդ ճանապարհը հնարավորություն է տալիս երեխաներին գալ այստեղ,- ասել է Արմեն Սարգսյանը։- Բայց երեկ մենք գնացինք Ահնիձոր, ճանապարհ չկա։ Քսան կիլոմետր քշում ես փոշու մեջ, անընդհատ ցնցվելով, բայց փոշով պատած պատուհաններից այն կողմ տեսնում ես հիասքանչ, կուսական բնություն։

Ահնիձորում դպրոցն ունի ընդամենը քսան աշակերտ՝ մեկից իններորդ դասարան։ Իսկ Դսեղում մանկապարտեզներում մոտ երեք հարյուր աշակերտ կա, որովհետև ճանապարհն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն։
Ահնիձորում հարյուրից ավել մարդ է ապրում: Գոյատևում են, որովհետև ամեն օր այդ ճանապարհով հնարավոր չէ գնալ ու գալ։ Ապրում են իրենց մեկուսացած կյանքով՝ դժոխային ճանապարհով դրախտում։
Ահնիձորի և շրջակա մի քանի գյուղերի համար ճանապարհ պետք է կառուցվի, բայց մինչ դա պետք է լավ մտածենք, որ ճանապարհը կառուցելով բնությանը վնաս չհասցնենք»։

Կարևորելով բնապահպանության խնդիրը՝ նախագահն ասել է. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում։ Պետք է ունենանք հստակ տեսլական, որը պետք է համահունչ լինի աշխարհի զարգացման տեսլականին։ Այսինքն, աշխարհը չի կարող զարգացման մի ուղղությամբ գնալ, իսկ մենք՝ հակառակ»։

Հանրապետության նախագահն ասել է, որ մեր տեսլականը կառուցելիս պետք է մտածենք, թե աշխարհը 20-30 տարի հետո որտեղ է լինելու, և որտեղ ենք մենք ուզում լինել այդ աշխարհում։ «Պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր՝ այդտեղ հասնելու համար։ Եվ այդ ծրագիրը պետք է լինի բազմաբաղադրիչ , - նշել է Արմեն Սարգսյանը։- Մենք՝ որպես պետություն և ազգ, պետք է ծրագիր ունենանք, հստակ իմանանք, թե ուր ենք գնում: Այդ ծրագիրը պետք է համընդհանուր և համազգային լինի։ Պետք է լայն ու մեծ մտածենք, որովհետև մենք մեծ ազգ ենք, մեծ ժողովուրդ»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գոյատևման ճանապարհով գնալով հնարավոր չէ զարգանալ։ «Տեսլականի, ազգային ծրագրի համար կարող ենք բոլորս մեզ ինչ-որ բանից զրկել։ Եթե գիտենք, որ վաղը տեղ ենք հասնելու, ծրագիր ունենք, բոլորս լծվենք այդ ծրագրի իրականացմանը, -ասել է նախագահը։ - Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է, մարդիկ։ Մեր տեսլականը պետք է դրա վրա հիմնված լինի։ Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ժամանակակից տեխնոլոգիաները։

Իմ առաջարկը հետևյալն է՝ պետք է ունենանք պետական ու համազգային քննարկում տեսլականի և ազգային ծրագրի շուրջ։ Մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը պետք է ասի։ Ժամանակը գա՝ կասեմ, թե իմ տեսլականն ինչպիսինն է։ Ամեն մարդ պետք է կիսվի իր տեսակետով»։

Այդ համատեքստում նախագահը կարևոր է համարել կրթության ոլորտի զարգացումը: «Կրթության մեջ էլ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ արագ շահ ստանան։ Հաջողության հասած մարդիկ շատ հաճախ, որպես բարեգործություն, ներդրում են անում կրթության մեջ։ Բայց խնդիրն այն է, որ այդ օրինակները լինեն ոչ թե բարձրագույն որակի առանձին լճակներ, այլ՝ կրթության ոլորտը մեզ մոտ դառնա ծով, որպեսզի գյուղի ցանկացած երեխա ստանա գոնե համարժեք կամ նույնին մոտ կրթություն, ինչ Երևանում։ Եվ նորից գալիս ենք նույն խնդրին՝ ճանապարհներին, որոնք նաև վիրտուալ ճանապարհներն են։ Եթե գյուղը կապված է բարձր որակի ինտերնետով, եթե երեխաներից յուրաքանչյուրն ունի համակարգիչ և միացած է համազգային կրթական ծրագրին, ապա այդ երեխան, ապրելով Դսեղում կամ Ահնիձորում, կարող է նույն կրթությունը ստանալ։ Որովհետև ապագայում համալսարանում իր հիմնական գործիքը լինելու է համակարգիչը, դասախոսը լինելու է միայն որպես մեկնաբան։ Համալսարանն այլևս ինֆորմացիա ստանալու տեղ չէ, գնում ես մեկնաբանություն, վերլուծություն, վերլուծելու ունակություն սովորելու»,- ասել է նախագահ Սարգսյանը։

 

← Վերադառնալ