Ներհանրապետական այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ:
Նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում:
***
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ):
Նախագահը ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսվող անելիքները։ Մասնավորապես նշվել է, որ առայժմ իրականացվել են միայն առաջին փուլով նախատեսվող աշխատանքները։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ օտարերկրյա ներդրողների և կազմակերպությունների ղեկավարների հետ իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում հետաքրքրություն է ցուցաբերվել նաև Մեղրիի ԱՏԳ-ի նկատմամբ, և այսօր ինքն այցելել է՝ անձամբ տեսնելու և ծանոթանալու ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ «Մարդիկ տեղյակ են, որ Հայաստանում՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի է ստեղծվում: Այդ մասին հարցնում են թե՛ արևմտյան, թե՛ ռուսական ընկերությունները։ Քանի որ փորձում եմ ներդրողներ հրավիրել Հայաստան, ինձ համար կարևոր էր անձամբ տեսնել, որպեսզի հնարավորինս աջակցեմ՝ խորհրդակցելով կառավարության գործընկերների հետ»,-ասել է նախագահը։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նա շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել առկա պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, հետաքրքրվել կենտրոնի հագեցվածությամբ և խնդիրներով։ Նախագահին տեղեկատվություն է ներկայացվել կենտրոնում մատուցվող ծառայությունների և դրանց հասանելիության ու որակի մասին:
Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնը շահագործվում է 2016 թվականից: Այն կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում և սպասարկում է Ագարակ, Մեղրի քաղաքների և հարակից գյուղական համայնքների բնակչությանը:
«Տպավորված եմ, որ այստեղ ժամանակակից հիվանդանոց կա, որտեղ հոյակապ մարդիկ են աշխատում։ Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով։ Հանրապետության նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է Մեղրի, բայց իհարկե վերջինը չէ, շուտով նորից կգամ»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է նախագահը։
Արմեն Սարգսյանն այցելել է նաև Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
***
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր: Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին:
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար իսկապես մեծ ուրախություն և պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը գտնվել սահմանին: «Ձեզնից յուրաքանչյուրը, դուք պաշտպանում եք ոչ միայն մեր սահմանը, այլ նաև՝ Սահմանադրությունը, մեր հայրենիքը, ձեր հարազատներին, ընտանիքները, երեխաներին, մայրերին, մեզ բոլորիս: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ հասկանալով, որ այս դիրքերը մեր հայրենիքի պաշտպանության կարևորագույն վայրերն են: Հեշտ չէ ամառվա շոգին և ձմեռվա ցրտին ամեն օր, 24 ժամ ծառայություն իրականացնել,-ասել է նախագահը։- Ես, որպես Հանրապետության նախագահ, ուզում եմ բոլորի կողմից ձեզ խորին շնորհակալություն հայտնել և ասել, որ մենք հպարտ ենք ձեզնով: Սպասում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կշարունակի կատարել իր պարտականությունը, կպահպանի և կպաշտպանի իր հայրենիքը, կպահպանի և կպաշտպանի խաղաղությունը:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարի ծառայություն: Ամուր եղեք: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մեզ բոլորիս այսօրվա տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Բարի ծառայություն»:
Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով: Նախագահի անունից նաև հանձնվել են նվերներ:
***
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։
«Էական է տեսնել, վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում և մանավանդ կատարում է իր սոցիալական պարտականությունները»,- ասել է նախագահը` նշելով, որ լեռնամետալուրգիայի հայկական հսկան ոչ միայն մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, այլև մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ «Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարևոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը ։
***
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։
«Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։
Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների թիվը հասնում է 250-ի: Ընկերությունը մթերում է իրականացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև Արցախի գյուղացիական տնտեսություններից: Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանվում է։
Հանրապետության նախագահն ընկերության ղեկավարության հետ զրուցել է ընկերության արտադրության ծավալների ընդլայնման ու զարգացման հնարավորությունների մասին և պատրաստակամություն հայտնել աջակցել նոր շուկաներ դուրս գալու հարցում։
«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության համար։ Այնպես որ, դուք ճիշտ ուղղություն եք ընտրել»,- ասել է նա՝ առաջարկելով մեծացնել արտադրության ծավալները, նշելով, որ բնական, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքը պահանջարկ ունի։
Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը եղել է «Մարիլա» ընկերությունը, որն ունի 55 աշխատակից, զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ։ Տնօրեն Հայկ Հակոբյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել արտադրական հզորություններն ու հնարավորությունները, պատմել առաջիկա ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին միայն տեղական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է ընդլայնվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա։
***
Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։
Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։
2014 թվականից կազմակերպվող միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում:
***
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ համայնք:
Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։
Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն ասել է. «Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Անկախ նրանից՝ ինչքան իրավասություն ունես, եթե լավ ես անում՝ լավ է, եթե վատ ես անում՝ վատ է։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ։ Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս։
Պարզվում է, որ այդ նույն Սահմանադրության սահմաններում աշխատելով՝ բավականին բան կարող ես անել։ Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին։ Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ երկիրը բարգավաճ լինի, երեխաներն ուրախ լինեն, ես էլ իմ փոքր ներդրումն ունենամ իմ հնարավորությունների սահմանում»։
Հայաստանի ապագայի մասին հարցին ի պատասխան՝ Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի. «Նայեք այս երեխաներին, և ամեն ինչ պարզ կլինի։ Մեր պարտականությունն է նրանց համար հնարավորություններ ստեղծել»։
***
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եղել է մարզի մշակութային օջախներում։
Գորիսում նախագահ Սարգսյանն այցելել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Թանգարանի բակում Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց կատարումներով ողջունել են Հանրապետության նախագահին։
Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է թանգարանի պայմաններին ու ցուցանմուշներին, զրուցել անձնակազմի հետ։ Նախագահ Սարգսյանին ներկայացվել են Ակսել Բակունցի ծննդյան հոբելյանի առիթով իրականացված և իրականացվելիք միջոցառումները: Այս տարի նշվում է գրողի 120-ամյակը։
Այնուհետև նախագահը զբոսնել է քաղաքում։ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի քաղաքային պուրակ, որտեղ գտնվում է ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի ու իր հոր՝ Վարդան Սարգսյանի ու քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած հուշարձանը։ Այն տեղադրվել է խորհրդային տարիներին՝ ի հիշատակ իրենց կյանքը զոհաբերած զինվորների։ Նախագահը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ քննարկել է այն վերականգնելու հարցը։ Քաղաքապետը նախագահին տեղեկացրել է այգին վերականգնելու, ինչպես նաև քաղաքում իրականացվելիք մի շարք այլ ծրագրերի մասին։
***
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։
Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն Սյունյաց աշխարհի, այլև Արցախի, Վայոց ձորի սրտանոթային խնդիրներ ունեցող բնակիչներին:
Բուժհաստատությունը հիմնվել է 2013 թվականին, Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի վարչական խորհրդի աջակցությամբ՝ «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի կողմից։ Կենտրոնի աշխատանքի շնորհիվ մինչ օրս ավելի քան 2000 կյանք է փրկվել։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Մատիկյանին, ում նախաձեռնությամբ է կառուցվել կենտրոնը, ինչպես նաև բուժանձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար։ Նա բարձր է գնահատել բուժհաստատության դերը տարածաշրջանի բնակչության առողջության պահպանման գործում։
Մարզային այցի ավարտին նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ նշելով, որ ուրախ էր երկու օր անցկացնել մեր հայրենիքի հարավում, մի տարածքում, որն ունի և՛ պատմություն, և՛ հպարտանալու արժեքներ, և՛ մեծ ներուժ, սակայն այդ ներուժի մեծ մասը դեռևս չի իրացվել։
Անդրադառնալով Մեղրիի ազատ տնտեսական գոտի այցելությանը՝ նախագահը հույս է հայտնել, որ այն արագ կգործարկվի․ «Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն կիրառական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանն օգտագործեն Իրանի շուկա մտնելու համար»։
Նա նշել է, որ որոշ դեպքերում կարող է անձամբ աջակցել, օգտակար լինել, օրինակ, օգնել Կապանի փոքր ձեռնարկություններին նոր շուկաներ գտնելու հարցում։
Խոսելով տպավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ բնակիչներն իրենց քաղաքը, իրենց համայնքը համարում են իրենց տունը։ Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությանը՝ նախագահը նշել է, որ այն շատ կարևոր դեր ունի հատկապես Կապանի ու Քաջարանի բնակչության համար․ «Նրանց համար կարևոր չէ, ով է սեփականատերը։ Նրանք համարում են, որ կոմբինատն իրենցն է, քաղաքը իրենցն է, և դա շատ կարևոր է։ Իրենց հայրերն են աշխատել այնտեղ, և իրենց որդիները կաշխատեն։ Շատ էական է, որ կոմբինատը նաև սոցիալական ծրագրեր է իրականացնում»։
Նույնպիսի միասնականություն, ըստ նախագահի, կար նաև Քարահունջի Թթի փառատոնի ժամանակ։ «Ինձ համար ուրախալի էր թե՛ մարդկանց թիվը, թե՛ մթնոլորտը,- ասել է Արմեն Սարգսյանը։ - Մարդիկ հպարտ են իրենց պատմությամբ։ Ընտանիքի զգացողությունը, որ նրանք ունեին, շատ գեղեցիկ էր ու տպավորիչ։ Ուրախալի էր, որ այցելուներ կային ոչ միայն շրջակա գյուղերից, Գորիսից, այլև Երևանից։ Խնդրանքս այն է, որ միայն թթով չբավարարվեն։ Պետք է կարողանանք ամեն մի այսպիսի առիթով բոլորս նորից հավաքվել և ուրախանալ նրանով, որ միասին ենք։ Այնպես որ, նույն կոչն ունեմ բոլորին՝ մեր հայրենիքը շատ գեղեցիկ է, եկեք և հայտնաբերեք այն»։
Նախագահը զարգացման հիմք է համարել պետական շահի գիտակցումն ու պետական մտածողությունը․ «Եթե խնդիրը լուծելու համար հիմքում պետականը շահը՝ մշտական, երկարաժամկետ, չես դնում, միևնույն է, ստեղծածդ ծուռ է լինելու, մի օր կքանդվի։ Լինի կառույց, թե կազմակերպություն, այն ամուր և ճիշտ հիմքեր պիտի ունենա և ուղիղ բարձրանա։ Իսկ ուղիղ բարձրանալու համար պետք է մտածես ուղիղ՝ հիմք ունենալով պետական և ազգային շահը»։