22
03, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գյումրի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հերթական անգամ այցելել է Գյումրի: Նախագահի այցը, ավանդույթի համաձայն, կրկին ոչ պաշտոնական է եղել:

Գյումրիի փողոցներով քայլող Հանրապետության նախագահին հանդիպած լրագրողի հարցմանը, թե ինչով է պայմանավորված նրա այցը՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար Գյումրին տուն է, ես տուն եմ եկել, և դրա համար որևէ հատուկ պայմանավորվածություն պետք չէ»:

Հանրապետության նախագահը շրջել է Գյումրիի պատմական կենտրոնով, զրուցել իրեն հանդիպած քաղաքացիների հետ, ծանոթացել փողոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Գյումրիի Աբովյան փողոցում նախագահ Սարգսյանը պատահաբար ականատես է դարձել նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքներին: Նախագահը հետաքրքրվել է ֆիլմի պատմությամբ, նրան հատկապես շատ են դուր եկել ֆիլմի դրվագներից մեկում նկարահանվող փոքրիկ Անին ու Մանվելը: Նախագահը մոտեցել է երեխաներին և զրուցել նրանց ու ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանի առաջարկությամբ, զրույցը շարունակվել է նկարահանման հրապարակի հարևանությամբ գտնվող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում: Սա Գյումրիում Արմեն Սարգսյանի սիրած վայրերից է, ուր նախագահը գրեթե միշտ այցելում է քաղաքում գտնվելիս:

Թեյի և հենց սրճարանում պատրաստվող խմորեղենի սեղանի շուրջ Հանրապետության նախագահը զրուցել է ֆիլմում նկարահանվող փոքրիկ դերասանների՝ Անիի և Մանվելի հետ, ծանոթացել նրանց մարմնավորած հերոսների և նրանց իրական կյանքի պատմությանը: Նախագահը հետաքրքրվել է երեխաների նախասիրություններով, հարց ու փորձ արել նրանց ընտանիքների, ընկերների մասին: Երեխաների և նախագահի անկեղծ ու ջերմ զրույցը հաճախ է ընմիջվել հումորով ու պատմություններով: Զրույցին մասնակցող ֆիլմի ռեժիսորը նախագահին է ներկայացրել ֆիլմի սցենարը և նախապատմությունը, տեղեկացրել նկարահանման ընթացքի, փոքրիկ դերակատարների մասին: Նախագահը ողջունել է Գյումրիի մասին ֆիլմի նկարահանումը և ընդհանրապես ցանկացած անդրադարձ Գյումրիի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին՝ ևս մեկ անգամ կարևորելով Գյումրիի վերածնունդը:

Այնուհետև Արմեն Սարգսյանը շարունակել է շրջայցը Գյուրմրիի փողոցներով, հետևել մասնավորապես Աբովյան, Շիրազի,Ղորղանյան փողոցներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահը նշել է, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին ունի Գյումրին, չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում: Նախագահն ասել է, որ իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու է, որ Գյումրիի պատմական կենտրոնը պահպանվի: «Ես փորձում եմ այնպես անել, որ Գյումրին նաև միջազգային մշակութային ժառանգություն ճանաչվի, որովհետև աշխարհում շատ այսպիսի գեղեցիկ քաղաքներ չկան: Դա երկար գործընթաց է, բայց այդ ճանապարհը պետք է անցնենք»,-ասել է Արմեն Սարգսյանը և ավելացրել, որ իր հիմնական նպատակներից մեկն այն է, որ նախևառաջ Գյումրին ճանաչեն մեր հայրենիքում, մարդիկ սկսեն Գյումրի գալ: «Բոլորս անելիք ունենք՝ և՛ գործարարները, և՛ մտավորականները, և՛ արվեստագետները: Գյումրին պետք է գրավիչ դառնա՝ որպես մշակույթի, արվեստի, արհեստների, պատմության քաղաք: Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է», - ասել է նախագահ Սարգսյանը և ավելացրել, որ միայն բնակարան կառուցելը բավարար չէ, Գյումրիում կյանքի որակը պետք է լավացնել։

Հանրապետության նախագահը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է պատարագի և իր մոմը վառել եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ:

 

***

 


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ֆրանսիայի համը» խորագրով անցկացված՝ աշխարհում ավանդական ընթրիքին, որն այս տարի կազմակերպվել է Գյումրիում:

Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում պետական գործիչների, դիվանագետների, արվեստի, մշակույթի գործիչների, գործարարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկայացվել է ֆրանսիական գաստրոնոմիան, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության մասը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ հրավերն ընդունելու և իր ներկայությամբ ընթրիքը պատվելու համար: Նա նշել է, որ, ավանդական միջոցառում լինելով, ընթրիքն այս անգամ Գյումրիի վերածննդի մասին է, իսկ նախագահ Սարգսյանն այդ վերածննդի ակտիվ մասնակիցներից ու ջատագովներից է: Այդ թեմայով Հանրապետության նախագահն առիթ է ունեցել խոսելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում ողջունել է նման ձեռնարկի անցկացումը Գյումրիում, նշելով, որ Գյումրին ճիշտ տեղն է նման միջոցառման և նոր ավանդույթի մեկնարկի համար: «Կարծում եմ՝ մենք սկիզբ ենք դրել ֆանտաստիկ ավանդույթի, քանի որ ուտելիքն ու համը մշակույթի կարևոր մաս են, իսկ ֆրանսիական մշակույթն ամենահիասքանչներից մեկն է: Ուստի շատ ուրախ եմ, որ ուտելիքի և մշակույթի համը Հայաստանում սկսվում է Ֆրանսիայից և սկսվում է Գյումրիում»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս մասնակցել նման հավաքույթի՝ առաջարկելով հանդիպմանը ներկա՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին՝ կազմակերպել իրենց երկրների խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող նման միջոցառում. «Եթե իմ դիվանագետ ընկերները շարունակեն ավանդույթը և հաջորդ համի օրը ևս կազմակերպեն այստեղ՝ Գյումրիում, և դա լինի Լիբանանի, Հունաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի օր, ես շատ ուրախ կլինեմ: Վստահեցնում եմ, որ ներկա կգտնվեմ այդ հիասքանչ ընթրիքին»:

Միաժամանակ, նախագահ Սարգսյանն առաջադրել է երեք նախապայման այդպիսի միջոցառման համար՝ այն պետք է կրկին անցկացվի Գյումրիում, պետք է ներկայացվի որևէ երկրի համը և մշակույթը, և երրորդ՝ պետք է հրավիրվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրում անել Գյումրիում՝ մշակույթի, կրթության, բիզնեսի և այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը առաջարկել է նաև ամեն տարի, սեպտեմբերի 21-ից սկսած, մեկ ամսվա ընթացքում, անցկացնել նմանատիպ միջոցառումներ՝ «Հայաստանի համը» խորագրի ներքո, Հայաստանի համը՝ խոհանոցն ու մշակույթը, տարածելով ամբողջ աշխարհում:

Միջոցառումն ուղեկցվել է «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների համերգային կատարումներով:

← Վերադառնալ