25
01, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գյումրի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով:

Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը:

Նախագահի և նրա տիկնոջ հերթական այցելությունը սկսվել է Ս. Յոթվերք եկեղեցում մոմավառությամբ, որից հետո նրանց և մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին իր թեմական հարկի տակ հյուրընկալել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը հյուրերին ծանոթացրել է թեմի գործունեությանը և կառույցներին: Նախագահը հետաքրքրվել է իրականացվող ծրագրերով և նախատեսվող նախագծերով՝ պատրաստակամություն հայտնելով որևէ կերպ աջակցել դրանց:

Սոցիալ-կրթական կենտրոնը Շիրակի թեմի ազգային գործունեության լավագույն վկայություններից է: Աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը հիմնովին նորոգվել և կահավորվել է՝ վերածվելով մի վայրի, որտեղ բոլոր շահառուները և այցելուները սպասված են, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր բաժին գթասրտությունը: Կենտրոնը ծավալում է կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն:

Հանրապետության նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են կենտրոնում, անմիջական ու ջերմ զրույցի միջոցով շփվելով տարբեր՝ նկարչության, համակարգչային գիտելիքների, լեզուների ուսուցման և մյուս խմբակներում սովորող երեխաների հետ: Հանդիպումից տպավորված երեխաները հանրապետության նախագահից խնդրել են ինքնագիր թողնել իրենց աշխատանքային տետրերում:

Էլ ավելի անկեղծ ու աշխույժ է եղել մթնոլորտը կենտրոնում գործող «Հեքիաթ» և «Ամենագետիկ» նախակրթարանների մանուկների հետ, ովքեր հյուրերին ողջունել են երգով ու ասմունքով:

Կենտրոնում վերապատրաստվում կամ մասնագիտություն են ձեռք բերում նաև մեծահասակները՝ հմտանալով տարբեր մասնագիտությունների մեջ՝ կար ու ձևից մինչև խոհարարություն: Տեր և տիկին Սարգսյանները ծանոթացել են նաև կենտրոնի այդ ուղղության շահառուների աշխատանքին և նրանց հմտությունների արդյունք հանդիսացող արտադրանքին:

 

***

 

Հունվարի 25-ին Գյումրի Հանրապետության նախագահի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում:

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին:

Համերգից հետո նախագահը հանդիպել է նվագախմբի ղեկավարության հետ և, ի սրտե շնորհավորելով հոբելյանի առթիվ, երախտագիտություն հայտնել արվեստին անմնացորդ նվիրումի և մշակութային խիզախումի համար, որի շնորհիվ Գյումրին այսօր ունի բարձրակարգ նվագախումբ:

«Երկրաշարժից ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ ինքը պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա: Դա հատուկ մարդիկ կարող են անել, հատուկ ժողովուրդ, հատուկ կամքի ուժ, և ընդհանրապես համառություն և նվիրվածություն ունեցող մարդիկ»,-ասել է նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել նաև որոշակի աջակցությամբ նպաստել նվագախմբի հետագա ծրագրերի իրականացմանը:

← Վերադառնալ