05
12, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը:

Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ:

Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիում գտնվելն իր համար այցելություն չէ, այլ սովորական կյանքի մի մասը:

«Ամեն անգամ գալիս եմ ու գալու եմ որպես իմ տուն, նաև այս թատրոն: Ուրախ եմ, որ այս թատրոնն ունի Աճեմյանից եկող շարունակություն»,- նշել է նա:

Նախագահը խոստացել է, որ այսուհետ ևս հաճախակի է գալու, իր խոսքով, Հայաստանի մշակութային մայրաքաղաք, որն ունի իր ուրույն դեմքը: Նա ասել է, որ ձգտելու է ամեն ինչ անել, որպեսզի Գյումրին վերագտնի իր դեմքը, որ բոլորը հասկանան՝ հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մայրաքաղաքը:

«Հայաստան եկողը պետք է գա ու հին քաղաքը, մշակույթն այստե՛ղ տեսնի, այս քաղաքում, որտեղ այնքան արվեստ ու պոեզիա կա»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ պետք է մշակույթ ձևավորվի՝ գալ ու հանգիստն անցկացնել Գյումրիում, ընդհանրապես՝ մարզերում, մայրաքաղաքից դուրս: Դրա լավագույն օրինակն էր այն, որ նախագահ Սարգսյանը, համատեղելով աշխատանքային այցն ու հանգիստը, տիկնոջ հետ օրն անցկացրել են Գյումրիում: 

 

***

 

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր:

Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաեւ սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար: Հանրապետության նախագահը նվիրաբերել է 6,000,000 ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։

Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։

 

***

 

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։

Այն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին։
Թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է:

Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը շրջել են թատրոնում, նրանց ներկայացվել են թատրոնի պատմությունն ու ստեղծագործական ուղին։ Նշվել է, որ երկարատև գործունեության ընթացքում տիկնիկային թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների` արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի:

Նախագահը և տիկին Սարգսյանը երեխաների հետ միասին դիտել են Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։

Ավարտից հետո հանրապետության նախագահը երեխաներին հորդորել է հեքիաթներ կարդալ ու սովորել և նվիրել է հեքիաթների գրքեր։

Նշելով, որ թատրոնն ունի հարուստ ավանդույթներ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի, և ամեն ինչ պետք է անել, որ այս թատրոնն ավելի բարեկարգ վիճակում հյուրընկալի և դաստիարակի երեխաներին։

 

***

 

Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան:

Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանում ներկայացված է մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր և այսօր էլ սիրում է անմնացորդ, հուզվում, հրճվում նրա մարմնավորած կերպարներով: Նա սիրված էր ոչ միայն Հայաստանում։ «Մհեր Մկրտչյանը և նրա ֆիլմերը մեր սերնդի կյանքի մի մասն էին, և ինձ համար շատ կարևոր է, որ հաջորդ սերունդները ևս ճանաչեն նրա արվեստը»,- ասել է նախագահՍարգսյանը։

Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաև Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Նախագահին են ներկայացվել թանգարանի ցուցանմուշները, որոնք վերաբերում են Իսահակյանի կյանքի տարբեր շրջաններին և գրական գործունեությանը:

Նախագահը շրջել է թանգարանով, հիշել հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերում են մեծ Վարպետին, այդ թվում և՝ կապված իր մանկության հետ:

 

***

 

1988թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։

Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

 

***

 

«Ինչպես որ այսօր, այսուհետ ևս գալու եմ ու գնալու եմ մի օր թատրոն, մի օր թանգարան, օրինակ ծառայեմ մեր հայրենակիցներին»,- Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և շեշտել. «Մարդկանց հրավիրեք Գյումրի»։

Հանրապետության նախագահը, ով աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում, զբոսնել է Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց:

Նախագահին ջերմությամբ են ընդունել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, որտեղ հանդիպել է իր հին ծանոթներին՝ Միքայելին, Գրիշային, Հովհաննեսին և մյուսներին, որոնց հետ ծանոթացել էր դեռևս նախորդ այցի ժամանակ: Հանրապետության նախագահը դատարկաձեռն չէր եկել: Նա նվերներ է հանձնել իր հին բարեկամ երեխաներին, թեյել նրանց հետ ու ճաշակել նրանց իսկ պատրաստած քաղցրավենիքը:

Նախագահը և տիկին Սարգսյանը կանգ են առել նաև Herbs and Honey սրճարանում, թեյել այնտեղ, զրուցել այցելուների հետ։

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, և դա պետք է տեղի ունենա նախ և առաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով: Եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպես կարող են ուրիշները գալ»։

Նախագահն ասել է, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ։«Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը»,- ասել է նախագահը՝ նշելով. «Գյումրիում կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել: Կարելի է գալ առանց առիթի, թեկուզ մի քանի ժամով գալ, շրջել»:

Գյումրի այցի ընթացքում հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում։

 

***

 

Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան:

Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման համար նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար:

Դեկտեմբերի 5-ին հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են «Բեռլին» բժշկական կենտրոն և հանձնել նվիրատվությունների կտրոնները. Գերմանական Կարմիր խաչի նվիրաբերած 10 հազար եվրոյին հանրապետության նախագահն ավելացրել է 5 մլն դրամ:

Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ նվիրատվության գումարի միջոցով բժշկական կենտրոնի աշխատանքային պայմանները և հնարավորություններն ավելի կբարելավվեն:

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ:

Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ:

Նշելով, որ ելակի մի մասը իրացվում է ներքին շուկայում, սակայն հիմնականում այն արտահանվում է, «Գրին ֆուդ»-ի ղեկավարներն ասել են, որ իրենց արտադրանքը բարձր համային հատկանիշների և երկարատև պահպանման ժամկետի շնորհիվ մեծ պահանջարկ ունի:

Նրանք նաև նշել են, որ գործունեությունն ընդլայնելու մտադրություն ունեն և հանրապետության նախագահի հետ քննարկել են դրան միտված իրենց ծրագրային մոտեցումները:

Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է մարզերում նման արտադրությունների հիմնումը, որը օգնում է տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

← Վերադառնալ