Ներհանրապետական այցեր
Նախագահն այցելել է ԵԿՄ «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիր
Նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից և պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետևել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել ճամբարի տարածքում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:
Համալիրի պատասխանատուները Նախագահին զեկուցել են, որ 2017 թվականին եռասերունդ երկրապահի ճամբարն ընդունել է 14 հերթափոխ՝ յուրաքանչյուրում 450 պատանի երկրապահ, 50 երիտասարդ, 30 ավագ սերնդի երկրապահ, գործընկեր կառույցների մասնագետներ և այլ մասնակիցներ։ Ճամբարային գործընթացում ներգրավված են մասնակիցներ Երևանի բոլոր վարչական շրջաններից, Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:
Հանրապետության Նախագահն այսօր երեկոյան Կոտայքի մարզում կայցելի նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: