Ներհանրապետական այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարին:
Ոլորտի պատասխանատուները և տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար՝ խթանելով նորարարությունների զարգացումը Հայաստանում և հնարավորություն ընձեռելով գյուտարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին զգալիորեն արագացնել գյուտի կամ նոր արտադրանքի մուտքը շուկա:
ՀՀ Նախագահին զեկուցել են նաև, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։
Ի նշանավորումն տեխնոլոգիական կենտրոնի բացման, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի է տնկել կենտրոնի բակում:
Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակ, որտեղ կառուցվում է նոր բժշկական համալիր՝ կազմված շուրջ 3,270քմ մակերեսով ծննդատան և շուրջ 11,880քմ մակերեսով հիմնական մասնաշենքներից: Դեռևս 2013թ. Հանրապետության Նախագահը ներկա էր գտնվել այս բժշկական կենտրոնի հիմնարկեքին: Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի և կենտրոնի կառուցման ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել բուժհաստատության մասնաշենքերում, ծանոթացել ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի համաձայն կենտրոնում ընթացող աշխատանքների ընթացքին: ՀՀ Նախագահին զեկուցվել է, որ մարզերում իրականացվող հերթական՝ Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման արդյունքում, նախատեսվում է էապես բարելավվել բժշկական ծառայությունների որակը և մատչելիությունը՝ մարզի և հարակից տարածաշրջանների ամբողջ ազգաբնակչության համար անմիջապես տեղում` սեփական բնակավայրերին մոտ, արժանավայել պայմաններում հասանելի դարձնելով երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայությունները, որպեսզի նրանք այդ նպատակով ստիպված չլինեն մեկնել մայրաքաղաք: Մարզի պատասխանատուների կողմից բարձրացվել է կենտրոնի շահագործումից հետո, այն նեղ մասնագետներով ևս ապահովելու հարցը, որի կարիքը մարզն ունի: Առողջապահության ոլորտի պատասխանատուներին Նախագահը հանձնարարել է քննարկել խնդիրը և արդյունավետ լուծում գտնել ինչպես այս, այնպես էլ այլ մարզերում նման խնդիր ունեցող արդիականացված բժշկական կենտրոնների համար:
Արդիականացման ծրագրի շրջանակներում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում նախատեսվում է, ընդհանուր առմամբ, իրականացնել շուրջ 6.6 մլրդ դրամի ներդրում, որից՝ ծննդատան մասնաշենքի կառուցման, ինչպես նաև բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով կահավորման նպատակով զգալի ներդրումներ է իրականացնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հիմնական մասնաշենքի կառուցումն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այդ մասնաշենքի բժշկական սարքավորումներով և կահույքով ապահովման աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում:
Վանաձորում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը: Ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆուտբոլի եվրոպական միության կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում 2010-2014թթ. շահագործման հանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիան Երևանում և Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան՝ ՀՖՖ-ն ձեռնամուխ եղավ Վանաձորի, Էջմիածնի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների կառուցմանը (վերջին երկուսի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են):
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացվել են ակադեմիայի 1260քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում ստեղծված ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակները, հանդերձարանները, ցնցուղարանները, դասասենյակ-լսարանը, բժշկական սենյակը, վարչական մասը և մյուս հարմարությունները, ինչպես նաև արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին: Պատասխանատուների հավաստմամբ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ: Տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որոնց արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում: Կբացվի շուրջ 40 աշխատատեղ՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով: