24
09, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին ներկա է գտնվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման արարողությանը, որը ոչ միայն կրթական համակարգում, այլ նաև Դիլիջանի համայնքային զարգացման գործում ևս մեկ կարևոր ներդրում է:

Դպրոցի բացումը կատարել են «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նախագահը շրջայց է կատարել նորաբաց ուսումնական հաստատությունում, ծանոթացել պայմաններին, ուսումնական ծրագրերին ու երեխաների բազմակողմանի զարգացումն ապահովելու նպատակով մշակված դասավանդման մեթոդաբանությանը:

Դիլիջանի կենտրոնական դպրոցն ստեղծվել է 2013 թվականին, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանի մինչև 160 աշակերտի համար:

ՀՀ կրթական համակարգ Դիլիջանի կենտրոնական դպրոցի մուտքով ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար:

Պատասխանատուների հավաստմամբ, իր գաղափարախոսությամբ և տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:

Դպրոցի շենքի կառուցումը և գործունեությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարածքում է տեղակայված նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ֆաբլաբը՝ գիտարդյունաբերական լաբորատորիան, որը ծառայելու է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ Դիլիջանի և հարակից քաղաքների աշակերտներին, ուսանողներին և ստեղծագործողներին:

Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ ներկայումս դպրոցում սովորող 119 աշակերտների ավելի քան 80%-ը և դպրոցի աշխատակիցների 24%-ը Դիլիջան քաղաքից են, իսկ 22%-ը Երևանից Դիլիջան է տեղափոխվել ընտանիքով, աշխատակիցների 13%-ը Հայաստանի այլ մարզերից է, մնացած աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին:

ՀՀ ԿԲ նախագահը և վերոնշյալ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել են ս.թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք նիստի օրակարգը, որի շրջանակներում նախատեսված է քննարկել ԵԱՏՄ անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակը, անդրադառնալ դրամավարկային քաղաքականությունների իրականացմանը, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև վճարային համակարգերի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հանրապետության Նախագահը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին, հույս հայտնելով, որ կենտրոնական/ազգային բանկերի նախագահները կկարողանան կառուցողական մթնոլորտում քննարկել ԵԱՏՄ օրակարգի առավել արդիական հարցերն ու մշակել մասնակից պետությունների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման արդյունավետ մեխանիզմներ՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտի համաշխարհային և տարածաշրջանային ներկայիս միտումները:



 

← Վերադառնալ