24
07, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

 Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:

Մինչ հանդիպումը, Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի նախասրահում Նախագահին ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած նախագծերը, որտեղ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերը փորձել են օգտագործել ի բարօրություն Հայաստանի:

Ծրագրի հինգ համայնքներում իրականացրած ենթածրագրերի հակիրճ նկարագրությունից և միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների միջանկյալ արդյունքների ամփոփումից հետո դահլիճում կայացած հանդիպմանը «Լույսի» շրջանավարտները ևս, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանում, ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, իսկ Հիմնադրամի աշխատանքային հատուկ խմբերը՝ կրթության, ճարտարապետության, ձեռներեցության և տվյալների գիտության ոլորտներում իրենց աշխատանքները, «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի հաղթողները՝ իրենց ծրագրերը: «Ստարտ Արմենիա» մրցույթի հաղթողներին Հանրապետության Նախագահը հանձնել է հավաստագրերը և պարգևներ:


ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2015-2016թթ. կրթաթոշակի արժանացել է 53 նոր ուսանող, 54 ուսանող «Լույսի» աջակցությամբ շարունակում է կրթությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում: «Անշուշտ, ամեն տարի ես մեծ հաճույքով եմ սպասում այս հանդիպմանը: Նախ` ուզում եմ շնորհավորել «Լույս» հիմնադրամի այս տարվա շահառուներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր և արդեն ստացել են «Լույս» հիմնադրամի աջակցությունը: Մեր ժամանակներում, կարծում եմ, առավել ևս այս լսարանում, ավելորդ է խոսել կրթության կարևորության մասին: Բայց որպես Հայաստանի Նախագահ, ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ ձեր Հայրենիքը, ձեր պետությունը պատրաստ է միշտ գտնվելու ձեր կողքին՝ ձեր մասնագիտական ունակությունները, ձեր գիտելիքները կատարելագործելու ճանապարհին: Խելոք մարդիկ, մրցունակ մասնագետներ անհրաժեշտ են բոլոր երկրներում, իսկ մեր երկրում՝ առավել ևս: Ուստի, նորից եմ կրկնում՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի դուք կարողանաք հասնել ձեր հնարավորությունների առավելագույնին: Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում, և արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան նախորդը. լինի ավելի խելացի, լինի ավելի շատ ինֆորմացված և ավելի ճիշտ որոշումներ կայացնի: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում աճում է լավ սերունդ՝ հենց ձեզ փոխարինող սերունդը, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ ուղղակի երջանկացրեց: Հավանաբար, գիտեք, իսկ եթե չգիտեք՝ իմացեք, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային երեք առարկայական օլիմպիադաներ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից և կենսաբանությունից, որտեղ Հայաստանի 15 մասնակիցներից 14-ը տուն են վերադարձել մեդալներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ այդ տվյալները համեմատելով տարածաշրջանի այլ երկրների աշակերտների շահած մեդալների քանակի հետ, ըստ որի՝ Հայաստանը բավականին մեծ առավելություն ունի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել «Լույսի» ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր, աշխարհի լավագույն բուհերում ստանալով գիտելիքներ, վերադառնում են Հայրենիք և այդ գիտելիքը ծառայեցնում մեր ժողովրդի բարօրությանը: «Վստահ եմ, որ ձեզնից շատերը կարող էին այդտեղ մնալ, այդտեղ աշխատել: Դա էլ տարբերակ է, բայց կարծում եմ՝ լավագույն տարբերակը չէ: Լավագույն տարբերակը այս պահն է, երբ բոլորդ միասին հավաքվում եք Հայաստանում. մեկը գնում է Գարգառ, մյուսը՝ Շուշի, երրորդը՝ Գյումրի, և փորձում է մի օգտակար բան անել մեր երկրի համար: Շատ լավ ծրագրեր եք իրականացնում: Ապրե՛ք բոլորդ: Այս կարճ խոսքս ուզում եմ ավարտել ձե՛ր իսկ կարգախոսով՝ միասին զարգացնենք Հայաստանը: Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ընթացքում մենք, հանկարծ, կարող ենք մնալ ցածր աստիճանին: Ձեզնից է կախված, թե եկող տասնամյակների ընթացքում Հայաստանը աշխարհում ինչ դեր է ունենալու, բայց որ ամենակարևորն է՝ Հայաստանը ունենալու՞ է հավերժ գոյություն ունենալու իրավունք, թե՞ կասկածի տակ է առնվելու: Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ իրավունքը ունենք, այդ հնարավորությունը ունենք, ու նաև, իհարկե, լիահույս եմ, որ դուք այդ իրավունքը շատ ամուր եք պահելու: Անցնելու է 10-15 տարի, այս դահլիճում նստած մարդիկ են մեր երկիրը ղեկավարելու: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ դուք ձեր այս ժամանակը, այս տարիքը, իրոք, օգտագործեք գիտելիք և մարդկային որակներ ձեռք բերելու համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանից մեկնել է Բերդ քաղաք, որտեղ ներկա է գտնվել քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը: Առողջապահական այս հաստատության կառուցման և արդիականացման աշխատանքներին Հանրապետության Նախագահը ծանոթացել էր անցյալ տարվա ապրիլի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի ժամանակ:

Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի պատասխանատուների, Համաշխարհային բանկի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել նորաբաց առողջապահական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, բժշկական ծառայության որակյալ մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ:

«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման մասին ՀՀ կառավարության 12.11.2006թ. թիվ 1911-Ն որոշմամբ, որի համաձայն միավորվել են «Բերդի պոլիկլինիկա» և «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ները: Նախատեսված էր կենտրոնի արտահիվանդանոցային ծառայությունը և վարչական հատվածը տեղակայել ինֆեկցիոն մասնաշենքում, իսկ բոլոր հիվանդանոցային ծառայությունները՝ պոլիկլինիկական մասնաշենքում: Իրականացված աշխատանքների արդյունքում, բժշկական կենտրոնը վերակազմակերպվել է որպես հիմնականում ինտենսիվ և անհետաձգելի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություն:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են Բերդի բժշկական կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի (շուրջ 1700քմ) վերակառուցման, ինչպես նաև կցակառույցի (շուրջ 900քմ) կառուցման շինարարական աշխատանքները: Արդիականացման շրջանակներում ամբողջովին փոխարինվել է երկու մասնաշենքերի տանիքների ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել է նոր բժշկական վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքին կից կառուցվել է նոր կաթսայատուն և հիմնանորոգվել է էլեկտրամատակարարումն ապահովող ենթակայանը: Իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության տեղադրում և այլն: Բերդի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով: Կենտրոնում իրականացվել է 940.2 մլն դրամի ներդրում: Արդիականացված կենտրոնը հնարավորություն կընձեռի Բերդի տարածաշրջանի բնակչությանը մատուցելու որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերին մոտ:

Բերդ քաղաքից Սերժ Սարգսյանը մեկնել է մեկ այլ սահմանամերձ համայնք՝ Վերին Կարմիր աղբյուր, որտեղ Հանրապետության Նախագահի ներկայությամբ բացվել է 80 երեխայի համար նախագծված մսուր-մանկապարտեզը: Վերին Կարմիր աղբյուր համայնքի երեխաները մինչ այժմ հաճախում էին 1923թ. կառուցված փայտաշեն մանկապարտեզ: 1991թ. սկսվել է նոր մանկապարտեզի շենքի շինարարությունը, որը մնացել էր անավարտ: Անավարտ այդ շինության հիմքի վրա իրականացվել են նոր մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն սկսվել են 12.09.2013թ.՝ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, ավարտվել՝ 30.03.2015թ.: Ծրագրի շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 119.8 մլն դրամ: Մանկապարտեզին հատկացվել է նաև 5.2 մլն դրամ արժեքով գույք` երկհարկանի մահճակալներ, սեղաններ, աթոռներ, զգեստապահարաններ և այլն: Մինչև նոր մանկապարտեզի շենքի վերակառուցումը մանկապարտեզ է հաճախել 35 երեխա: Շենքի վերակառուցման արդյունքում նախադպրոցական այս հաստատություն կհաճախի 71 երեխա: Մանկապարտեզը ներկայումս ունի 9 աշխատակից` 65,000 դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում է ևս 3 աշխատակցով համալրում:

Տավուշի մարզի Չորաթան համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության ֆաբրիկայի արտադրամաս՝ ծանոթացել գործարկման աշխատանքներին, ուսումնական-մեկնարկային գործընթացներին, ինչպես նաև ընկերության զարգացման հետագա ծրագրերին:

«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 16.02.2015թ. Չորաթան համայնքում, ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ընկերությունը նախատեսում է արտադրել տարբեր նշանակության` գյուղատնտեսական, շինարարական, ցրտահարության դեմ և չքայքայվող ձեռնոցներ: Արտադրության հիմնման նպատակով Չորաթան համայնքում ձեռք են բերվել երկու կիսակառույց խարխուլ վիճակում գտնվող անասնագոմեր: Ներկայումս վերակառուցված մեկ հարկանի արտադրամասի ընդհանուր մակերեսը 2000քմ է: Շինարարական աշխատանքներն սկսվել են 15.03.2015թ., ավարտվել՝ 15.07.2015թ.: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, արտադրանքն արտահանվելու է ՌԴ և Բելառուս: Արտադրության օրական ծավալը ներկայումս կազմում է 16,000 զույգ ձեռնոց: Չորաթանում արդեն ստեղծվել է 50 աշխատատեղ՝ 100,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Այժմ համայնքում վերակառուցվում է ևս մեկ արտադրամաս՝ 2000քմ ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքներն սկսվել են 15.06.2015թ, ավարտը նախատեսվում է 30.11.2015թ.: Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, արտադրամասը կհամալրվի ևս 100 աշխատակցով: Երկու արտադրամասերն ամբողջ հզորությամբ գործարկելու դեպքում, ըստ ընկերության ղեկավարի, նախատեսվում է աշխատակիցների ընդհանուր թիվը հասցնել 250-ի՝ միջին ամսական 100,000 դրամ աշխատավարձով:


«Տավուշ տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել, ընդհանուր առմամբ շուրջ 2000 աշխատատեղ և կատարել շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից շուրջ 5 մլն դոլարը՝ 2015-2016թթ. ընթացքում: Այս նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր բացել նաև մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար և Բերդ համայնքներում:

Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա զարգացման ծրագրերին:

Ֆաբրիկայի արտադրամաս այցելելուց հետո Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է նաև Չորաթան համայնքի բնակիչների հետ:

 

 

← Վերադառնալ