Ներհանրապետական այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Սերժ Սարգսյանը ծանոթացել է պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, հանձնարարականներ տվել այդ ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնող պատասխանատուներին:
Նախագահի այցը մեկնարկել է Բերդ քաղաքից, որտեղ նա շրջայց է կատարել համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում, ծանոթացել 2013թ. ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման նպատակով հատկացված միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, մանկապարտեզի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին:
Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Բերդի Սբ. Գևորգ եկեղեցու շինհրապարակ, որտեղ նաև հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ: Սբ. Գևորգ եկեղեցու շինարարությունն սկսվել է դեռևս 2012թ. ապրիլին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին:
Տավուշի սահմանամերձ այդ քաղաքային համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին ևս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, կտեղակայվեն բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների անցկացումը: Ավարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը:
Սահմանամերձ Պառավաքար համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ 01.04.2014թ. դրությամբ 2.9կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 30.06.2014 թվականին:
Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պառավաքարի վերակառուցված համայնքային կենտրոն: Համայնքի մշակութային կենտրոնի հրապարակում Նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, որտեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում: Սերժ Սարգսյանը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում Նախագահը ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել` 2013թ. տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ:
Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը:
Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին: