Ներհանրապետական այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի և Վայոց ձորի մարզեր
Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին: Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2011թ. մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքն այժմ ունի նորակառույց մանկապարտեզ, որտեղ ներկայումս ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Նախագահն այնուհետև այցելել է Վեդի քաղաքի մշակույթի տուն, որտեղ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մշակույթի տան բացմանը: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ դեռևս 1937-1938թթ. կառուցված և 1988թ. մաշվածության պատճառով գործունեությունը դադարեցրած մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում, որն իրականացվել է Նախագահի հանձնարարությամբ, երկհարկանի շինությունն այժմ ունի 280 տեղանոց հարմարավետ դահլիճ, որտեղ կարող են գործել տասնյակից ավելի տարբեր խմբակներ: Մշակույթի տանը շրջայցի ընթացքում Նախագահը դիտել է նաև Վեդիի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:
Արարատի մարզից Սերժ Սարգսյանը մեկնել է Վայոց ձորի մարզ, որտեղ ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված «Արենի 1» քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով: