20
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում:

1976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ և 1990թ.-ից ուսումնական գործընթացը վերսկսել տնակային պայմաններում, կառուցվել է 2012-2013թթ. «Մեդիամաքս» մեդիա ընկերության, Հայ օգնության ֆոնդի և «Do something» կազմակերպության համատեղ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Դպրոցի կառուցման նախաձեռնությանն աջակցել են գլխավոր նվիրատուներ Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, նաև բազմաթիվ այլ նվիրատուներ՝ ՀՀ կառավարությունը, բարերարներ, մի շարք մասնավոր ընկերություններ:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Գյումրու «Արագած» ճեմափողոց, որտեղ նրան ներկայացվել են փողոցի հիմնանորոգման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախագահին զեկուցվել է, որ 1960-ական թթ. կառուցված «Արագած» ճեմափողոցը, որը միացնում է Հաղթանակի պողոտան Վարդանանց հրապարակին, 1988թ. երկրաշարժից հետո մինչև 2012թ. բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքների չի ենթարկվել: Գյումրի համայնքի բյուջեի միջոցների հաշվին 2012թ. հունիս-նոյեմբեր ժամանակահատվածում և 2013թ. իրականացվել են ճեմափողոցի հիմնանորոգման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ:


Սերժ Սարգսյանը Գյումրիում այցելել է նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում բացված «Խաչքարերի պուրակ», որտեղ ներկա է գտնվել «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արհեստների և արվեստների փառատոնին», այնուհետև Վարդանանց հրապարակում դիտել է «Արտ էքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը: Շրջայցի ճանապարհին Նախագահն այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ևս, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին:

Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու քաղաքապետարանում՝ քաղաքի զարգացման ծրագրերի, իրականացված աշխատանքների, այդ թվում՝ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի և առկա խնդիրների վերաբերյալ: Ընդգծելով, որ շարունակվելու է Շիրակի մարզին, այդ թվում՝ Գյումրի քաղաքին պետական աջակցությունը բնակարանաշինության, քաղաքի բարեկարգման և մի շարք այլ ուղղություններով՝ Նախագահը միաժամանակ կարևորել է տեղական իշխանությունների ակտիվ աշխատանքը ինչպես առկա խնդիրների լուծման, այնպես էլ զարգացման ծրագրերի իրականացման գործում: Զեկույցներով հանդես են եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ, Նախագահի աշխատակազմի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Նախագահը պատասխանել է խորհրդակցության թեմայի վերաբերյալ մասնակիցներին հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան հանձնարարականներ:

 

← Վերադառնալ