Ներհանրապետական այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է «Սևան» հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին:
Նշվել է, որ «Սևան» հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ ներառյալ մարքեթինգի ոլորտում աշխատատեղերը:
Գեղարքունիքի մարզպետարանում Նախագահը հրավիրել է խորհրդակցություն Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի և շահագրգիռ պետական այլ մարմինների պատասխանատու պաշտոնյաներ: Հանրապետության Նախագահին զեկուցել են Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից 2013թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի հիմնական արդյունքները: Նշվել է, որ հիմք ընդունելով փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, կմշակվի Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր, որը կընդգրկի ձկան մայրական կազմի ձևավորումը, ձկնկիթի արտադրությունը, մանրաձկան արտադրությունը, ձկան կերի արտադրությունը, ձկան արտադրությունը և վերամշակումը, ոլորտը համակարգող ասոցիացիան, գիտահետազոտական կենտրոնները և լաբորատորիաները, որակի և անվտանգության հավաստման համակարգը, արտադրանքի արտահանումը և իրացումը:
Զեկույցի համաձայն, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիրը նախատեսվում է մշակել և ներկայացնել ՀՀ կառավարություն 2013 թվականի հոկտեմբեր ամսին:
Նախագահը կարևորել է նման խոշոր և տարածաշրջանի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը, այդ համատեքստում ընդգծելով, որ ներկայացված ծրագիրը և՛ Սևանա լճի բնապահպանական, էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման ու ձկնային պաշարների համալրման, և՛ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից մեծ կարևորություն ունի:
Աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Գավառի Արծվաքար թաղամաս տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որի վերաբերյալ հանձնարարական էր տվել դեռևս 2012թ. մարզ կատարած այցելության ժամանակ: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ 2013թ. պետական բյուջեով նախատեսված ճանապարհների հիմնանորոգման ծրագրով: Զեկուցվել է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածի աշխատանքները կավարտվեն ս.թ. հոկտեմբերի 30-ին: Ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճանապարհային ծածկ` ասֆալտբետոնե պատվածքով, վերականգնել շուրջ 1800գծմ ջրահեռացման համակարգը, Արծվաքար թաղամասում կառուցել 1-2մ լայնությամբ, 2450գծմ ընդհանուր երկարությամբ երկկողմանի մայթեր:
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր և Ձորագյուղ համայնքներում այսօր Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում հիշյալ համայնքներում հեռագնա արոտների ջրարբիացման ծրագրի արդյունքները, որոնց վերաբերյալ Նախագահը Վարդաձորում զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ:
Այցի ավարտին Հանրապետության Նախագահը Մարտունի քաղաքի մշակույթի տանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2013» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: