30
10, 2012

Նախագահն Աջափնյակ համայնքում մասնակցել է ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոնի հիմնարկեքին և նորաստեղծ զբոսայգու բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ներկա է գտնվել Ա. Ալիխանյանի անվան «Ազգային գիտական լաբորատորիայի» հարևանությամբ կառուցվող «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը:

Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանց հետևանքով մահացության ցուցանիշների կայուն աճ է արձանագրվում, և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը ցանկացած պետության համար բժշկակենսաբանական և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր է համարվում, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների հետ համատեղ մշակել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» ստեղծման երկարաժամկետ ծրագիր:

Կենտրոնի շինհրապարակ այցելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը» մատուցելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ բուժման բարձրակարգ ծառայություններ:

Կենտրոնի առաջնային խնդիրն է բավարարել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման պահանջարկը Հայաստանում՝ ստեղծելով այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա այն դարձնել տարածաշրջանային կենտրոն: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ (մինչև 3 տարի) և երկարաժամկետ (մինչև 5 տարի): Կարճաժամկետ հատվածում նախատեսվում է հիմնել ռադիոիզոտոպների արտադրության, միջուկային դեղագործության լաբորատորիա, ինչպես նաև մոլեկուլյար և ճառագայթային գերժամանակակից ախտորոշման կենտրոն: Ծրագրի միջնաժամկետ փուլում նախատեսվում է հիմնել արտահիվանդանոցային լաբորատոր ախտորոշման, ճառագայթային և քիմիաթերապեվտիկ ու ոչ-վիրահատական ծառայությունների կենտրոն: Իսկ երկարաժամկետ հատվածում կհիմնվի մինչև 200 մահճակալ ունեցող ներհիվանդանոցային վիաբուժական ծառայությունների կենտրոն, ինչպես նաև կշարունակվեն հիվանդների քիմիոթերապիայի և ռադիոթերապիայի բուժումները: Նախատեսվում է, որ ապագայում այն կներառի նաև պրոտոնային թերապիան:

«Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» գործունեության արդյունքում կմատուցվեն քաղցկեղի գերժամանակակից և ճշգրիտ ախտորոշման, բուժման և վերահսկման ոլորտում բազմազան ծառայություններ: Միևնույն ժամանակ, կենտրոնը ծառայելու է որպես գիտության, մասնագիտական վերապատրաստման, նորարարությունների և ձեռներեցության կենտրոն: Այն ստեղծվելու է միջուկային ֆիզիկայի ոլորտում Հայաստանի ավանդական կարողությունների հիման վրա՝ ծառայելով նաև նոր սերնդի բժշկական և տեխնիկական մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործին:

Նախագահ Սերժ Սարգսյանն Աջափնյակում գերժամանակակից առողջապահական կենտրոնի հիմնարկեքի արարողությունից հետո, նույն վարչական շրջանում մասնակցել է Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում շուրջ 1.7 հա զբաղեցնող նորաստեղծ զբոսայգու բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է ընդհանուր օգտագործման հանգստի գոտում, ծանոթացել կատարված շինարարության, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին, կառուցված առանձին սպորտային հրապարակի պայմաններին ու այգում ստեղծված այլ հնարավորություններին, զրուցել զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների հետ:

Հանգստյան գոտին ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի 2012թ. համայնքային ծրագրով` տարիներ շարունակ չգործող ջրավազանի և հարակից անխնամ տարածքի բարեկարգման նպատակով։

← Վերադառնալ