Ներհանրապետական այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, ծանոթացել կենտրոնում իրականացված վերակառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներին:
Նախագահին զեկուցվել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում պետության ակտիվ մասնակցությամբ իրականացված մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների շնորհիվ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այսօր հագեցած է ժամանակակից սարքավորումներով, բուժծառայությունները մատուցվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Առողջապահական այս հաստատության մասնագետների համոզմամբ, կենտրոնի համար զգալի աջակցություն է ՀՀ նախագահի նվիրած նոր կորոնարոգրաֆը, որի գործարկումը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանի միակ մասնագիտացված այս կենտրոնի ախտորոշիչ աշխատանքներին և էլ ավելի կբարձրացնի սպասարկման որակը: