Ներհանրապետական այցեր
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր:
Լոռու մարզում Հանրապետության ղեկավարը մասնակցել է երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում կառուցված Զամառլու կամրջի բացման արարողությանը: Կամրջի շահագործմամբ կապահովվի այդ հատվածում գնացքների առավել անվտանգ երթևեկությունը: Բացման արարողությունից հետո Նախագահը գնացքով մեկնել է Վահագնաձորի Շահալի կայարան, որտեղ ծանոթացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից հայկական երկաթուղու զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին: Այցի շրջանակում Նախագահը հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ քննարկել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարության հետ կապված հարցերն ու երկաթուղու զարգացման ծրագրերը:
Սերժ Սարգսյանը մասնակցել է Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությանը ևս: Կենտրոնը հիմնանորոգումից հետո վերազինվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ գույքով: Հիվանդանոցը սպասարկելու է Ալավերդու և տարածաշրջանի մոտ 19 գյուղի բնակիչներին:
Աշխատանքային այցի շրջանակում հանրապետության մեկ այլ՝ Տավուշի մարզում Նախագահը ծանոթացել է սողանցքից փլուզված Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 82-րդ կիլոմետրում սողանքի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ արդեն կատարվել են շինարարական աշխատանքների 35%-ը, դրանք ամբողջությամբ կավարտեն 2012թ. առաջին կիսամյակում: Ներկայում կառուցվել է շրջանցիկ ճանապարհ: