08
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Էջմիածին` մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էջմիածին` մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Հանրապետության ղեկավարն այցելել է վերջերս հիմնանորոգված Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարան, ծանոթացել իրականացված աշխատանքներին, դիտել թանգարանի ցուցադրությունները: Թանգարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ այն աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ զգալիորեն բարելավել թանգարանային պայմանները:
Սերժ Սարգսյանն Էջմիածնում նաև հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դրել Արցախի հերոսամարտի հուշարձանին: Նախագահն այնուհետև մասնակցել է Էջմիածնի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստին: Տոնի առթիվ, Էջմիածնի ավագանու որոշման հիման վրա, Սերժ Սարգսյանին շնորհվել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Հանրապետության ղեկավարը նախ շնորհավորել է բոլոր էջմիածինցիներին՝ քաղաքի տոնի կապակցությամն, ապա իր շնորհակալական խոսքում ասել.
«Այս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալն ինձ համար մեծ պատիվ է: Մեծ պատիվ է` որովհետև Էջմիածինը նախ համայն հայության հոգևոր կենտրոնն է, երկրորդ` Էջմիածինը մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքի մայրաքաղաքներից մեկն է և երրորդ, որ պակաս կարևոր հանգամանք չէ՝ մեր անկախության կերտման գործում էջմիածինցիների վաստակը շատ մեծ է: Էջմիածնի զավակները մեր հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի դերակատարություն են ունեցել: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել նաև երեկվա պայծառ իրադարձության` մեր ֆուտբոլի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ: Սա մեկ անգամ ևս ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, թե ինչի կարող ես հասնել, երբ ջանքերը համատեղում ես, ունես նպատակ և դեպի այդ նպատակը գնում ես հաստատուն քայլերով»,-ասել է Հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանը էջմիածինցիների հետ հանդիպմանը խոսել է նաև Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքների մասին: Նշելով, որ Ֆրանսիան մեծ ութնյակի և նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է` Հանրապետության ղեկավարն ասել է, որ այդ երկրի նախագահի Հայաստանում արված հայտարարությունները չեն կարող պահի տակ ասվել կամ ինչ-որ մեկին դուր գալու համար:
«Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, թե ինչպես էին երեք տարի առաջ մեզ փորձում մեղադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացն սկսելու համար: Եվ ամենամեծ մեղադրանքներից մեկն այն էր, որ այդ նախաձեռնությամբ մենք կասկածի տակ ենք առնում Հայոց ցեղասպանության խնդիրը, փլուզում ենք Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Ինչպես կյանքը ցույց տվեց`այդ մեղադրանքները ոչինչ չարժեին այն ժամանակ: Կարծում եմ հիմա մեր հայրենակիցները հասկացան, որ այդ մեղադրանքները որևէ հիմք չունեն»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ