Ներհանրապետական այցեր
Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի առաջարկությամբ և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նոր անդամ՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան), ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ի պաշտոնե հաստատվել է որպես խորհրդի անդամ: Խորհրդի կազմի համալրման հետ կապված, Հիմնադրամի գործադիր վարչությանը հանձնարարվել է համապատասխան փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանելով 36 հոգի:
Այնուհետև նիստի մասնակիցները դիտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2010թ. կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, լսել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի զեկույցը` հաշվետու տարում Հիմնադրամի գործադիր վարչության կատարած աշխատանքների մասին:
Նիստի օրակարգի շրջանակներում Հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացվել է նաև Վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» ընկերության հաշվեքննիչ կազմակերպության եզրակացությունը, որից հետո նիստի մասնակիցները քննարկել են Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի զեկույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախորդ տարիների աշխատանքների և հետագա զարգացումների, հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին: