26
05, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առևտրարադյունաբերական պալատի 4-րդ համագումարին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) 4-րդ համագումարին, որտեղ ներկայացվել է ԱԱՊ-ի անցած հինգ տարվա գործունեությունը, ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել 2011-2015թթ. ժամանակահատվածի ծրագրերը: Տեղի են ունեցել նաև Պալատի ղեկավար կազմի՝ նախագահի և նախագահության անդամների ընտրություններ:

Ողջունելով ԱԱՊ 4-րդ համագումարի պատվիրակներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ համագումարն ամենալավ առիթն է ամփոփելու, գնահատելու կատարված աշխատանքը և այդ գնահատականների ու եզրակացությունների հիման վրա վերանայելու ու նոր երանգներ մտցնելու պալատի գործունեության մեջ. «Համոզված եմ` քաջատեղյակ եք բոլոր այն նախաձեռնություններին, որոնցով հանդես է եկել կառավարությունը վերջին ամիսների ընթացքում: Փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, այդ մարմինների աստիճանական անցումը սկզբունքորեն նոր աշխատաոճի, գերավճարների խնդրի լուծումը, սարքավորումների ներկրման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հետաձգումները, նորարարական արտադրություն հիմնելու դեպքում շահութահարկից ազատելու պատրաստակամության մասին հայտարարությունը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացի սկիզբը և մի շարք այլ նախաձեռնություններ վկայությունն են այն բանի, որ կառավարությունն ակտիվացրել է գործարար միջավայրի կտրուկ բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը: Այս բոլորը, ինչպես նաև դեռ սպասվելիք նոր նախաձեռնությունները, հիմք են ստեղծում, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք փոխել գործարար տրամադրությունները մեր երկրում, ներարկենք նոր ոգի, նոր եռանդ և, ամենակարևորը, հավատ` ավելի մեծ նպատակների ձգտելու հարցում»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

(Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է ստորև)



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում

Հարգելի՛ գործարարներ,

Ողջունում եմ Առևտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարի պատվիրակներիդ: Համագումարն ամենալավ առիթն է ամփոփելու, գնահատելու կատարված աշխատանքը և այդ գնահատականների ու եզրակացությունների հիման վրա վերանայելու ու նոր երանգներ մտցնելու պալատի գործունեության մեջ: Մեր հարափոփոխ իրականությունը պարտադրում է փոփոխություններ նաև բոլորիս գործելաոճում, ինչը հատկապես անխուսափելի է գործարարներին միավորող կառույցների համար, քանի որ գործարարությունն ամենաշատն է պարտավոր հետ չմնալ համաշխարհային տնտեսության չափազանց դինամիկ տեմպերից:

Եթե ընդամենը տարիներ առաջ գործարարների ինքնակազմակերպումն ապահովող կառույցները, այս դեպքում` Առևտրաարդյունաբերական պալատը, կարող էին նկատելի արդյունքների հասնել տնտեսավարող սուբյեկտներին ընթացիկ աջակցման, կազմակերպական և շահերի պաշտպանությանը միտված գործողությունների շնորհիվ, ապա այսօր դա արդեն բավական չէ: Տնտեսական երևույթների, արտաքին ազդակների փոփոխականության և միջազգային շուկայում ծավալվող մրցակցության կտրուկ ուժեղացման պայմաններում, որպես ձեռներեցների միավորող կառույց, Առևտրաարդյունաբերական պալատը, իր անդամների փորձից ու ստացած ազդակներից ելնելով` իր խորհուրդներով, իր աշխատանքով պետք է ակտիվորեն մասնակցի նոր տնտեսական միջավայրին համահունչ քաղաքականության մշակմանն ու իրագործմանը։

Մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները մեզ թույլ չեն տալիս հանգիստ նայել մեր շուրջը տեղի ունեցողին. դա համարժեք է իրադարձությունների հետևից վազելուն: Այսօր մենք բոլորս` թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների ներկայացուցիչներս, պարտավոր ենք լինել իրադարձություններից առնվազն մեկ քայլ առաջ` փորձելով կանխատեսել ժամանակի շունչը և նոր զարգացումները:

Այո, մենք շատ բացեր ունենք, լուծելու բազում խնդիրներ ունենք: Դա տեսնում ու գիտակցում ենք բոլորս: Բայց խնդիրների բազմազանության գիտակցումը չպետք է թևաթափ անի. ճիշտ հակառակը` պետք է ավելացնի դրանք լուծելու և ավելի արագ զարգացում ապահովելու համառությունն ու հաստատակամությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ չնայած արտաքին տնտեսական բացասական ազդակներին, փակ սահմաններին, աշխարհաքաղաքական, սոցիալական և կառուցվածքային խնդիրներին, մեր տնտեսությունն ունի իր զարգացման տեմպերով աշխարհի առաջատար երկրների մեջ լինելու իրական հնարավորություն: Նախորդ տասնամյակի ընթացքում արձանագրված տնտեսական աճի շարունակական երկնիշ մակարդակը լավագույն վկայությունն է այն բանի, որ պարբերական համաշխարհային ճգնաժամերի միջև ընկած ժամանակահատվածում երկիրը, իրականացնելով նպատակային տնտեսական քաղաքականություն, ունենալով տնտեսական վերելքի հստակ նպատակադրում և հետևողական առաջնորդություն, կարող է հասնել աննախադեպ արդյունքների: Վերջին տնտեսական ճգնաժամից մենք դուրս եկանք հնարավորին չափ նվազ սոցիալական հետևանքներով: Այսօր արդեն ունենք նոր մարտահրավերներ, որ պետք է դիմագրավենք, և ունենք կորցրածը վերականգնելու ու զարգացման տեմպերն ավելացնելու հստակ խնդիր: Ահա հենց այստեղ է, որ մեր բոլորի ջանքերը պետք է համադրվեն:

Համոզված եմ` քաջատեղյակ եք բոլոր այն նախաձեռնություններին, որոնցով հանդես է եկել կառավարությունը վերջին ամիսների ընթացքում: Փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, այդ մարմինների աստիճանական անցումը սկզբունքորեն նոր աշխատաոճի, գերավճարների խնդրի լուծումը, սարքավորումների ներկրման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հետաձգումները, նորարարական արտադրություն հիմնելու դեպքում շահութահարկից ազատելու պատրաստակամության մասին հայտարարությունը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացի սկիզբը և մի շարք այլ նախաձեռնություններ վկայությունն են այն բանի, որ կառավարությունն ակտիվացրել է գործարար միջավայրի կտրուկ բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը: Այս բոլորը, ինչպես նաև դեռ սպասվելիք նոր նախաձեռնությունները, հիմք են ստեղծում, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք փոխել գործարար տրամադրությունները մեր երկրում, ներարկենք նոր ոգի, նոր եռանդ և, ամենակարևորը, հավատ` ավելի մեծ նպատակների ձգտելու հարցում:

Այսօր որևէ մեկը, ով լուրջ գործարար նպատակներ ունի, չի կարող սահմանափակվել ներմուծմանն ուղղված զուտ առևտրային գործունեությամբ: Հասկանալի է, որ միգուցե այդ տեսակի գործունեությունը շատ ավելի հեշտ է, կամ էլ արդեն պարզապես սովորական է դարձել: Բայց այսօր դուք պետք է ձեր առաջ դնեք շատ ավելի լուրջ խնդիրներ, սահմանեք շատ ավելի լուրջ նպատակներ:

Տեղական արտադրության խթանումը մեր բոլորի գործունեության առաջնային նպատակն է: Այդ տեսակի գործունեությունն, իհարկե, շատ ավելի աշխատատար է: Բայց մենք ծույլ ժողովուրդ չենք: Այո՛, այն պահանջում է նոր ռեսուրսներ ու բարդ հաշվարկներ: Սակայն մեր տնտեսության բոլոր փորձագիտական գնահատումները ցույց են տալիս, որ մեր երկրում առկա են չօգտագործված հնարավորություններ և նման աշխատանք կատարելու համար անհրաժեշտ մասնագետներ:

Մենք աշխատասեր, ձեռներեց, ինքնուրույն մարդկանցից բաղկացած ժողովուրդ ենք: Մեր ժողովրդի այդ հատկությունների կիրառման համար հնարավոր լավագույն պայմանները չստեղծելն աններելի հանցանք կլինի մեր ապագա սերունդների հանդեպ: Փորձը ցույց է տվել, որ հայ մարդու տաղանդները բացահայտվել են աշխարհի ամենատարբեր երկրներում: Իսկ Հայաստանը պիտի լինի մեր ժողովրդի տաղանդները բացահայտելու լավագույն օջախը:

Այդ նպատակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ամրապնդել այն կանոնները, որոնց համաձայն պիտի կառավարվի երկրի ձեռնարկատիրական դաշտը: Խոսքս ոչ թե զուտ օրենսդրական կարգավորման (որտեղ, ի դեպ, իրավիճակը բավականին բարվոք է), այլ պատասխանատվության գիտակցմամբ ձևավորվող աշխատանքային նոր ավանդույթներ ստեղծելու մասին է:

Անընդունելի են այն երևույթները, երբ ձեռներեցը երկար-բարակ մտածում ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար կամ չարաշահում է իր գերակշռող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար: Հատկապես անհասկանալի է նման վարքը մեծ տնտեսավարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց չափերի ու շրջանառության շնորհիվ առավելություն ունեն:

Չվճարված հարկերը մեր կրթության ու առողջապահության բնագավառից գողացված գումարներ են, հետևաբար և` հարված մեր ժողովրդի ապագային: Ի վերջո, պետք է գիտակցել, որ երկարաժամկետ առումով դա հարված է հենց այդ ձեռնարկությունների ապագային: Այդ իսկ պատճառով նման երևույթների դեմ պայքարում, կարծում եմ, մեր գործարարները պետք է լինեն կառավարության կողքին:

Սրանք հարցեր են, որոնք մշտական քննարկումների, փոխադարձ հասկացվածության, վստահության ամրապնդման, միասնական դիրքորոշումների ձևավորման կարիք ունեն, ինչում մեծ դեր կարող են խաղալ նաև գործարարներին միավորող մեր կառույցները, Առևտրաարդյունաբերական պալատը, դուք բոլորդ:

Հարգելի՛ գործարարներ,

Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ, լավ տրամադրության ու համարձակ նպատակադրումներ եմ մաղթում բոլորիդ, իսկ համագումարին` արդյունավետ աշխատանք և հաջողություն:

← Վերադառնալ