24
03, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Գյումրի քաղաքի նորակառույց «Մուշ-2» թաղամաս, ծանոթացել կառուցապատման աշխատանքներին և շենքերի բնակարանային պայմաններին:

Նորակառույց թաղամասում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակեցման ընթացքը:

Նշվել է նաև, որ «Մուշ-2» թաղամասում Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարությանը տրամադրվել է ութ բնակարան` Շիրակի մարզում հաշվառված անօթևան զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հատկացնելու համար: Արդեն ավարտվել են ութ ընտանիքի վերաբերյալ փաստաթղթային և բնակարանային պայմանների ուսումնասիրությունները, վիճակահանությամբ բաշխվել են բնակարանները, և այսօր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից այդ ընտանիքներին հանձնվել են իրենց բնակարանների հավաստագրերը:

Երկրի ղեկավարը Գյումրիից մեկնել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք, այցելել` մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից մահացու վիրավորված և զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել սպայի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար և ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը:

«Որպես Երկրի Նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն այնուհետև Հովհաննեսի հոր և պապի հետ այցելել է սպայի շիրիմին:

Ամասիայի շրջանում Նախագահն այցելել է նաև Բանդիվան համայնքում գտնվող «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել գյուղական համայնքում գործող այս ընկերության աշխատանքներին, հետաքրքրվել մթերման և արտադրական ծավալների ընդլայնման հնարավորություններով:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ընկերությունը գործում է 2007 թվականից, զբաղվում է կաթի վերամշակմամբ` կարագի և պանրի արտադրությամբ, ինչպես նաև խոզաբուծությամբ: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում Նախագահին խոստացել են ընդլայնել արտադրական ծավալները, որն զգալիորեն կնպաստի նաև գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Բանդիվանում Երկրի ղեկավարին ներկայացրել են համայնքի առավել կարևոր խնդիրները: Դրանք վերաբերել են գազիֆիկացմանն ու գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի սեփականատերը Նախագահին խոստացել է զբաղվել գազիֆիկացման խնդրի լուծմամբ ևս, ինչն այսօր համայնքի համար առավել քան հրատապ է` նկատի առնելով, որ ս.թ. ապրիլի 1-ից գազի գինը նվազելու է: Սերժ Սարգսյանը համայնքապետի հետ զրուցել է գյուղի զարգացման խնդիրների շուրջ, խոստացել, որ կաջակցի անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում:

← Վերադառնալ