19
03, 2011

Նախագահ Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենք

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենք:

Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել մասնաշենքում, որտեղ ավարտին են մոտենում ներքին հարդարման և հիմնական բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ նախատեսվում է ս. թ. օգոստոսին մասնաշենքը հանձնել շահագործման:

Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Մատենադարան» ՊՈԱԿ-ի տեխնիկական առաջադրանքի հիման վրա նախագծված նոր մասնաշենքի հնարավորությունները: Նշվել է, որ այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և գրադարանային ֆոնդերի պահպանության, վերականգնման, թվայնացման աշխատանքների կազմակերպման, գիտաշխատողների սպասարկման, գիտաժողովների անցկացման համար և հագեցված է նորագույն ինժեներական համակարգերով: Նոր մասնաշենքում կառուցվում է նաև դահլիճ` տեսահամակարգով և 4 լեզվով համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի Մատենդարանի համար նախատեսված ծրագրերի շրջանակում նորակառույց մասնաշենքը կկահավորվի, ձեռք կբերվեն վերականգնողական և թվայնացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև «Փյունիկ» հիմնադրամի կողմից Մատենադարանին նվիրաբերված հնագույն ձեռագրերին:

Շրջայցից հետո տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գործող` գլխավոր մասնաշենքի հետ կապված հարցեր: Նշվել է, որ գլխավոր մասնաշենքի մի շարք բաժինների նոր մասնաշենք տեղափոխումից հետո այն կվերածվի թանգարանի` հնարավորություն ընձեռելով հինգ անգամ ընդլայնելու ցուցադրական տարածքները, որի արդյունքում էապես կբարելավվի Մատենադարանի հարուստ հավաքածուների, այնտեղ պահվող համամարդկային գիտամշակութային արժեքների հանրահռչակման գործը:

← Վերադառնալ