12
03, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011թ. ծրագրերը և հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը և հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովին, որին մասնակցել են նաև Գյուղատնտեսության նախարարության, Ազգային ժողովի, Հանրային խորհրդի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, մարզպետարանների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և միջազգային կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ:

Մինչ Նախագահի մասնակցությամբ նախատեսված քննարկումը, առանձին մասնագիտական սեկցիոն քննարկումներ են տեղի ունեցել «Գյուղատնտեսության աջակցության», «Պտղաբուծության և սերմնաբուծության զարգացման», «Տոհմային անասնապահության զարգացման» ծրագրերի շուրջ, որոնց արդյունքները տեղ են գտել խորհրդաժողովում Գյուղատնտեսության նախարարի զեկույցում:

Ծրագրերի ներկայացումից և դրանց շուրջ ծավալված քննարկումներից հետո, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել իրականացվող ծրագրերի որակին և արդյունավետությանը: «Եթե ծրագրերի արդյունքները չափելի չեն, ուրեմն այդպիսի ծրագրերով զբաղվելն անիմաստ է և ժամանակի զուր վատնում: Ինչպես մյուս բոլոր բնագավառները, գյուղատնտեսության բնագավառն առանձնապես ուժեղ ձեռքի, սրտացավ և համառ մարդկանց համար է, և ես վստահ եմ, պարո՛ն Կարապետյան, որ ամբողջ համակարգը զգալու է այդ ուժեղ ձեռքի առկայությունն, ու մեր բոլոր գյուղացիները զգալու են ձեր հոգատարությունը, հակառակ պարագայում՝ ոչինչ չի ստացվի»,- դիմելով Գյուղատնտեսության նախարարին և խորհրդաժողովի մյուս մասնակիցներին` ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը շեշտել է, որ մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն, ովքեր ի վիճակի չեն ծրագրեր իրականացնել, պետք է զբաղվեն այլ խնդիրներով: Նախագահի համոզմամբ, դրանից կշահի միայն գյուղատնտեսությունը, դրանից կշահի միայն գյուղացին: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր աշխատանքի արդյունքներով է ձևավորվում մեր հասարակության բարեկեցությունը»,-ասել է Նահագահ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ գյուղացու խնդիրները շատ կոնկրետ են, և աջակցությունն էլ պետք է կոնկրետ լինի` թե՛ ժամկետների, թե՛ գների, թե՛ ծավալների առումով, իսկ գործընթացներն էլ պետք է լինեն շատ պարզ:

Նախագահն անդրադարձել է նաև գյուղատնտեսության համար դեռևս խիստ արդիական համարվող որակյալ սերմերի, թունաքիմիկատների, պարարտանյութի, տեխնիկայի վարկավորման խնդիրներին` նշելով, որ բոլոր խնդիրները միանգամից վերջնական լուծել հնարավոր չէ, սակայն հստակություն և գործուն համակարգ ձևավորել հնարավոր է: «Գյուղի համար ամեն օրը շատ կարևոր է: Սա ասում եմ նրա համար, որպեսզի հիշեցնեմ բոլորին, ովքեր զբաղվում են գյուղի խնդիրներով` լինեն շատ օպերատիվ, որպեսզի մենք հետո կարողանանք հասկանալ, թե ո՞ւմ պետք է պարգևատրենք լավ բերք ունենալու համար և ո՞ւմ պետք է պատժենք ապաշնորհության համար», - նշել է Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է մթերումների կազմակերպման, ինչպես նաև մեր սակավահող հանրապետությունում դեռևս չմշակվող մեծ հողատարածքների խնդրին, որոնց սեփականատերերը ոչինչ չեն ձեռնարկում այդ հողակտորներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Նախագահը դա համարել է անթույլատրելի շռայլություն: «Մենք այնքան փոքր երկիր ենք, որ մեր յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը պետք է մշակված լինի և արդյունք տա»,-շեշտել է Երկրի ղեկավարը:

Խորհրդաժողովից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են և՛ գյուղատնտեսության խնդիրներին ու նախատեսվող ծրագրերից ակնկալիքներին, և՛ ներքաղաքական թեմաներին, ինչպես նաև ս.թ. մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը:

← Վերադառնալ