27
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Սարանիստ» ընկերություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» ընկերության ապակե տարաներ արտադրող գործարան, որտեղ ընթացիկ ամսում գործարկվել է արտադրական հզորությունների ընդլայնման ծրագիրը: Ժամանակակից լաբորատորիայի կառուցման և նոր հոսքագծերի ներդրման արդյունքում, գործարանը հնարավորություն է ստացել մեծացնել հոսքագծերի թողունակությունը, ավելի բարձրացնել արտադրանքի որակը:

Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, արդիականացման ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին և «Սարանիստ»-ի զարգացման ծրագրերին:

Նախագահին ներկայացրել են, որ արտադրական գործընթացը ներառում է հումքի պատրաստումից մինչև պատրաստի արտադրանքի պատշաճ փաթեթավորումն ու առաքման կազմակերպումը: Գործարանի ղեկավարության հավաստմամբ, ավելի քան 4 մլն. ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում, հնարավորություն է ստեղծվել թողարկելու այնպիսի տարաներ, որոնք մինչ այժմ չեն արտադրվել Հայաստանում և տարածաշրջանում: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է «Սարանիստ» ՍՊԸ-ի կողմից` օգտագործելով սեփական և Վերակառուման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից տրամադրված 3 մլն. ԱՄՆ դոլար վարկային միջոցները:

Միաժամանակ, 2010թ. հոկտեմբերին շահագործման է հանձնվել պոլիէթիլե-նային թաղանթի արտադրությունը, որը միտված է բավարարելու ընկերության մեծացող պահանջարկը փաթեթավորման նյութերի նկատմամբ:

«Սարանիստ» ընկերության արտադրած ապակե տարաների արտահանման ծավալն ընդհանուր իրացման մեջ կազմում է շուրջ 40%: Ընկերությունն ապակե տարաներ է մատակարարում շուրջ 75 տեղական և 25 արտերկրյա կազմակերպությունների:

Գործարանում Երկրի ղեկավարին վստահեցրել են, որ «Սարանիստ» ընկերությունն իր հետագա ծրագրերում ևս նախատեսում է լրացուցիչ հզորությունների ներդնում:

← Վերադառնալ