03
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնովին վերակառուցված և արդիականացված Այրում-Ջիլիզա մաքսատուն և Այրում կայարանի վարչական շենք: Նախագահը ծանոթացել է մաքսատան նոր աշխատանքային պայմաններին, որոնք թույլ են տալիս մաքսային ընթացակարգերն իրականացնել ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով, ինչպես նաև մաքսային հսկողության կազմակերպումը դարձնել ավելի արդյունավետ:

Շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ մինչ Այրում-Ջիլիզա մաքսակետի վերակառուցումը, մաքսային ծառայողներն աշխատել են դեռևս անցյալ դարի կեսերին կառուցված փոքր տարածքով մեկ հարկանի շինության մեջ, որը չէր համապատասխանում մաքսակետի գործունեության ժամանակակից պահանջներին: Այժմ մաքսատան աշխատանքները կշարունակվեն բարեփոխված, տեխնիկապես արդիականացված և գրեթե կրկնակի տարածքով երկհարկանի շենքում:

Այրում կայարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Հարավկովկասյան երկաթգծի անձնակազմի վերապատրաստման, երկաթգծի վերանորոգման և տրանսպորտային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ, շրջել` մաքսատան տարածքում, ծանոթացել սահմանային անցակետի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը եղել է նաև ռենտգենային տեսազննման համար նախատեսված շենքում և մաքսային ծառայության վարչական շենքում, որտեղ շրջայցի ավարտին Նախագահ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և այլ պատասխանատուների մասնակցությամբ:

Նախագահը կարևորել է սահմանային անցակետերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը` ընդգծելով, որ պետք է արագ տեմպերով շարունակել արդիականացման ուղղությամբ սկսած աշխատանքը: Սերժ Սարգսյանը խոսել է հատկապես սահմանային անցակետերից օգտվող ՀՀ քաղաքացիների, գործարար համայնքի ներկայացուցիչների, զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, նրանց որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտության մասին` նշելով, որ այսօր անցակետերում գոյություն ունեցող վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց, իսկ բարեփոխման համար անհրաժեշտ է տեխնիկական հագեցվածություն և հարմարավետ աշխատանքային պայմաններ ապահովել այդ ծառայությունները մատուցողների` սահմանապահների ու մաքսային ծառայության աշխատակիցների համար, որքան էլ դրանք մեծ միջոցներ են պահանջում:

«Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները և գտնելու ենք: Մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում պետք է կարողանանք գոնե երկու-երեք ժամանակակից անցումային կետ ունենալ: Առաջինը պետք է լինի Բագրատաշենը, երկրորդը, երրորդը կարող եք ինքներդ որոշել, թեև կարծում եմ, որ այս հարցը հավասարապես վերաբերում է նաև Մեղրիի մաքսատանը: Այն քաշքշուկները, որ ստեղծվում են առաջին հերթին ամառվա ամիսներին, ուղղակի անթույլատրելի են, նաև` անընդունելի ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ Հայաստան այցելող մեր հյուրերի համար»,-ընդգծել է Երկրի ղեկավարը, նշելով, որ բարձրորակ ծառայությունների մատուցումը չպետք է պայմանավորել միայն լավ աշխատանքային պայմաններով ու ժամանակակից սարքավորումներով ապահովվածությամբ, այլ չափազանց կարևոր է ունենալ որակյալ ու բարեխիղճ կադրեր:

«Անհարկի քաշքշուկները, խոչընդոտները, շատ դեպքերում` մարդկանցից ակնկալիքները պետք է վերանան և որքան արագ` այնքան լավ բոլորիս համար ու առաջին հերթին`այստեղ աշխատող մաքսավորների համար: Խնդիրը դրվում է հետևյալ կերպ`մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի հանձնարարությամբ այնուհետ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է հարկային մուտքերի ընթացիկ տարվա անցած տասը ամիսների կատարողականի, ՊԵԿ բարեփոխումների ընթացքի, սահմանային անցակետերի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Հանրապետության ղեկավարը մի շարք հանձնարարություններ է տվել պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը:

Տավուշի մարզ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:

← Վերադառնալ